«Երեւանը կդառնա հարմար քաղաք»

15/05/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը երեկ քաղաքապետարանի հերթական ճեպազրույցի ընթացքում փորձեց տեղեկացնել Երեւանի քաղաքաշինության քաղաքականության մասին: Ըստ Գ. Մուշեղյանի` քաղաքաշինության գործընթացը մինչ այժմ կրել է պատահական բնույթ, սակայն այսօր այն արդեն պլանավորված քաղաքականություն է: Անդրադառնալով 2006թ. հաստատված Երեւանի նոր գլխավոր հատակագծին` նա նշեց, որ կառավարության պահանջով ներկայացվել է գլխավոր հատակագծի իրականացման ծրագիրը, որը հաստատվել է եւ դարձել է նոր հատակագիծն իրականացնելու քաղաքականություն: Հիշեցնենք, որ նոր գլխավոր հատակագծի իրականացման ժամկետը 2020 թվականն է, եւ պրն Մուշեղյանի պատկերացմամբ` այդ ընթացքում Երեւանը կդառնա հարմար եւ ներդաշնակ քաղաք: «Ծրագրի հիմնական դրույթներից մեկն է` ստեղծել նոր տարածքներ, այսինքն` գոյություն ունեցող տարածքներին տալ այլ իրավական կարգավիճակ, որը հետագայում վերածվելու է քաղաքականության»,- վստահեցրեց Գ. Մուշեղյանն` անդրադառնալով նաեւ քաղաքի կենտրոնի գոտիավորման նախագծին, որը քննարկումների փուլում է, եւ հաջորդ ամսվա վերջին հաստատված կլինի: Նոր գոտիավորման նախագծով նախատեսված է քաղաքի 3 խոշոր կտորներում` Նորագյուղ եւ Կոնդ թաղամասերը, ինչպես նաեւ՝ Տիգրան Մեծ եւ Արշակունյաց փողոցների պահեստային տնտեսություններ կազմող հատվածը տեղափոխել այն ֆունկցիաները, որոնք քաղաքի կենտրոնին հարիր չեն: Քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման երկրորդ ուղղությունը ճանապարհային ցանցն է: «Ցավոք, մինչ այս հիմնականում իրականացվել է այն ճանապարհների խնդիրը, որոնք սպասարկել են նորակառույց տարածքները տրանսպորտով սպասարկելու համար: Դրա համար էլ այսօր քաղաքի կենտրոնը վերածվել է մի մեծ խաչմերուկի, որի արդյունքը մենք տեսնում ենք»: Գլխավոր հատակագծի ամենամեծ ծրագրերից մեկն է` ապահովել հյուսիս, հյուսիս- արեւմուտք ուղղությունը` կապելով հարավային ուղղության հետ: Այդ ուղղություններից են Արշակունյաց պողոտան եւ Մյասնիկյան պողոտայի կապը հարավ-հյուսիս-արեւմուտք: Այս ուղղության վրա արդեն խոշոր շինարարական աշխատանքներ են կատարվում: Պրն Մուշեղյանը ճանապարհային ցանցի վերազինումը համարում է քաղաքի առողջացման ծրագիր: Ի դեպ, 2 խոշոր տարածքներ նախապատրաստված են բնակարանային եւ հասարակական կառույցների համար: Դրանք են` Տիչինայի փողոցի հատվածը եւ «Մարս» գործարանի դիմացի տարածքը: Ըստ Գ. Մուշեղյանի՝ շինարարությունն արդեն կրում է ոչ թե առանձին հատվածների բնույթ, այլ գլխավոր հատակագծի իրականացման հստակ քաղաքականության շնորհիվ վերածվում է մասսայական շինարարության: Զուգահեռ կատարվում են կանաչապատման, նոր այգիների ստեղծման, ոռոգման ցանցի, ինժեներական ենթակառուցվածքների աշխատանքներ: