Դեղորայքի քողարկված գովազդը շարունակվում է

15/05/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«ՀՀ դեղերի մասին» օրենքը գործում է 1998թ., սակայն միայն 2006թ. նոյեմբերի 2-ին է կառավարությունը «Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման» կարգ հաստատել, որտեղ մասնավորապես ամրագրված է, որ ՀՀ-ում գովազդի թույլտվությունը տրամադրում է Առողջապահության նախարարությունը (ԱՆ):

Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչները 2006թ. տարեվերջին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախորդ տարվա դեկտեմբերի 16-ից ուժի մեջ մտած կառավարության վերոհիշյալ որոշման առնչությամբ լրատվամիջոցներին հայտարարել էին, որ այսուհետ վճռական են գտնվելու առողջապահական այս ոլորտի գովազդների վրա հասարակական հսկողություն իրականացնելու հարցում: Ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանի ասելով, խոստացված մոնիտորինգն անցկացվում է եւ համապատասխան արդյունքներով եւ վերլուծություններով ասոցիացիան մոտ ժամանակներս հանրությանը տեղյակ կպահի: «Միանշանակորեն, օրենքը սկսել է գործել եւ եթե նկատում եք, ըստ ներկայացվող պահանջի, դեղորայքի հեռուստատեսային գովազդների ժամանակ արդեն նշվում է, որ տրված է ԱՆ թույլտվությունը, բայց օրենքը գործում է ոչ 100 %-ով, որովհետեւ որպես կանոն գտնվում են օրենքից խուսանավելու ձեւեր: Դեռեւս առավոտյան հաղորդումներում շարունակվում է անհասկանալի բուժիչ մեթոդների գովազդը, հասարակ դեղամիջոցով առաջարկվում է անբուժելի հիվանդությունների բուժում: Գործնականում, հեռուստահաղորդումներում բուժական մեթոդները ներկայացվում են հարցազրույցների տեսքով` հայտարարելով կլինիկաների հեռախոսահամարները, այսինքն, քողարկված գովազդը դեռեւս շարունակվում է»,- նկատում է Պ. Զելվեյանը: Նա կարծում է նաեւ, որ կանոնակարգված չէ նաեւ մասնագետների համար դեղերի տեղեկատվության եւ գովազդի տրամադրման կարգը, քանի որ մասնագետների համար տպագրվող մասնագիտական նյութերը նույնպես համարվում են գովազդ: ԱՆ կողմից Պարունակ Զելվեյանը՝ որպես մասնագիտական ամսագրի խմբագիր, ամսագրում զետեղված դեղերի գովազդի համար ստացել է նախազգուշացում, ինչն ասոցիացիայի նախագահը համարում է առաջընթաց: Ընթերցողներին հիշեցնենք, որ անցյալ տարվա վեց ամիսների ընթացքում ասոցիացիայի կողմից կատարված մոնիտորիգի արդյունքները վկայում են, որ գրեթե բոլոր ԶԼՄ-երում տեղ գտած դեղորայքի, բուժական մեթոդների գովազդը եղել է առանց ԱՆ համապատասխան թույլտվության:

«ՀՀ դեղերի մասին» օրենքի 11-րդ հոդվածով արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի գովազդը, ինչպես ԶԼՄ-ներով, այնպես էլ արտաքին գովազդը: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Պ. Զելվեյանը վստահ է, որ հեռուստատեսությամբ դեռեւս գովազդվում է դեղատոմսով վաճառվող դեղորայք: Ասոցիացիայի նախագահը նկատում է նաեւ, որ բժշկի նշանակած դեղատոմսով դեղատուն այցելելու բարի ավանդույթը վերականգնելու համար պարզապես անհրաժեշտ է համապատասխան պաշտոնյայի կամք եւ համապատասխան որոշում: «Բնականաբար, դեղատոմսով դեղորայքի ազատ վաճառքը պետք է արգելվի, որովհետեւ արդյունքում հիվանդները սկսում են զբաղվել ինքնաբուժությամբ»,- նկատում է Պ. Զելվեյանը: Նշենք նաեւ, որ ներկա դրությամբ Հայաստանում գրանցված մի քանի հազար անուն դեղերից (որոնց 60-70 %-ն առանց բժշկի նշանակման դեղերն են) դեղատոմսով վաճառվում են բացառապես հոգեմետ դեղերը: Ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի բնակչությունը դեղորայքի գնումների ժամանակ մոտ 70 % դեպքերում ուղղորդվում է մտերիմների, հարեւանների խորհրդով, 15 %-ը` գովազդի կամ այլ գովազդային ակցիաների միջոցով, ընդամենը 15 % դեղորայքը գնում է բժշկի համապատասխան նշանակումով: