Բարձր արվեստ. հայացք քաղաքին վերեւից

15/05/2007 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Հարափոփոխ Երեւանից «փախցրած» գեղանկարչական փաստագրո՞ւմ է, թե՞ հեղինակի երազած քաղաքի պատկերացում օրերս «Ակումբ» սրճարանում բացված Մերի Ամիրխանյանի գեղանկարների ցուցահանդեսը, որ կոչվում է «Utopian Mapping»` «Ուտոպիական քարտեզագրում»:

Փաստագրում է այնքանով, որ բոլոր աշխատանքները արված են լուսանկարներից. մի մասը ուղղակի լուսանկարների նեգատիվի ֆոտոշոպային գունավորումներ են, որոնցից մետաքսատպությամբ (շոլկոգրաֆիա) ստեղծվել են կտավները, մյուս մասը` լուսանկարներից արտանկարումներ, բայց ոչ թե գերռեալիստական պատճենահանում, այլ նկարչուհու ցանկալի ապաստանի քաղաքը:

Տարիներ անց արագ կառուցվող Երեւանում հնարավոր չի լինի գտնել արդեն Մերիի քաղաքը, հետեւաբար այն դառնում է փաստագրություն։ Այսպիսով փաստի ու երազանքի համադրումն են Մերիի կտավներում. «Քաղաքը այնքան արագ է փոխվում, որ էսօրվա տեսածդ մեկ էլ հաջորդ օրը նկատում ես այլեւս չկա, ես էլ փաստագրում եմ այն, ինչ վերացած կլինի վաղը»,- ասում է 30-ամյա Մերի Ամիրխանյանը, որ ավարտել է Երեւանի գեղարվեստի ակադեմիան եւ մասնակցել մի շարք միջազգային եւ տեղական ցուցահանդեսների։

Երեւանը հիմնականում վերեւից է պատկերված: Կտավների մի մասում այն սկսվում է «տաք» ու լուսավոր տանիքներից ու ավարտվում մութ փողոցներում, մյուս մասում, որ մետաքսատպությամբ է արված, լուսանկարային նեգատիվի վառ վարդագույնով կամ կարմիրով համայնապատկերն է։ Քաղաքը նկարված է Մոնումենտի բարձունքից, որտեղից Երեւանի համայնապատկերն ամենաամբողջականն է երեւում։

Սակայն եթե տուրիստական ուղեցույցներում նույն դիտակետից Երեւանը լույսերով ողողված աղմկոտ քաղաքի տպավորություն է թողնում, ապա Մերիի քաղաքը, իր խոսքերով, ազատագրված է փոշուց, աղմուկից ու մարդկանցից, շարժումը հանված է ու թողնված հանգիստ, հեռու վիճակում։ Սակայն ամայության տպավորությունը եւ վառ գունավորումը կարող է ինչ-որ արտառոց կամ վանող տարածքի տպավորություն թողնել որոշ դիտողների վրա. «Մետաքսատպություններում ամայի քաղաքը մղձավանջային տպավորություն է թողնում, եւ ավելի ժամանակակից է ստացվել, կարծես աղետից հետո, որտեղից մարդը անհետացել է, ու հարց է առաջանում` ո՞ւր է մարդը, եւ այդ հարցը հետաքրքիր է դարձնում կտավները»,- ասում է նկարիչ Հովհաննես Մարգարյանը։

Սակայն նման ընկալումը նկարչուհու համար գուցե անակնկալ է. «Խնդիր չեմ դրել, որ քաղաքը ուրախ կամ տխուր լինի: Երբ նայում եմ կտավներիս, ուրախանում եմ եւ էսպիսի քաղաքում եմ ուզում ապրել»,- ասում է նա։ Քաղաքը վերեւից ճանաչելու մտահղացումն առաջացել է, երբ Մերին Թբիլիսին տեսել է մի բարձունքից, արել է մի քանի էսքիզ եւ հասկացել, որ արվեստագետների միջեւ երկխոսություն կարող է առաջանալ երկկողմ դիտակետերից միմյանց քաղաքները նկարելով: Նա նկատել է, որ ինչքան վերեւից ես նայում, այնքան քաղաքները հիշեցնում են մանրէներ, եւ որպես մանրէներ` նմանվում են իրար։

www.armenianow.com