Մեղրով դիմակ
Այս դիմակը խթանող ու մեղմացնող ազդեցություն ունի մաշկի վրա։ Խորհուրդ է տրվում նորմալ եւ չոր մաշկի հիգիենիկ խնամքի համար, թեփոտման, ինչպես նաեւ՝ թորշոմելու դեմ։ 1 ճ/գ մեղրը լուծել մեկ ճ/գ տաք կաթի, թթվասերի, սերուցքի, կաթնաշոռի կամ տաք, թարմ պատրաստված թեյի մեջ։ Ստացված զանգվածը քսել մաքուր մաշկին եւ թողնել 15 րոպե։ Դիմակը հանում են սառը ջրով, ապա մաքրում մեղրի հետ լուծված լոսյոնով։
Մեղրով դիմակ չոր եւ թորշոմող մաշկի համար . Կատարվում է միեւնույն գործողությունը, գումարած՝ 1 ձվի դեղնուց եւ 1 թեյի գդալ բուսական յուղ։
Մեղրով եւ օղիով դիմակ չոր եւ նորմալ մաշկի համար։ 100 գ մեղրը տաքացնել՝ անընդհատ խառնելով եւ ավելացնել 100 գ օղի։ Քսել դեմքին, վզին, ձեռքերով կամ խոնավ տամպոնով։ Լվանալ 15-20 րոպե անց՝ սառը ջրով։
Ամենօրյա խնամք
Բնությունը հոգ է տարել մեր առողջության մասին՝ պարգեւելով մեզ կենսատու ուժ՝ հանքային ջուր, որը բթացնում է քաղցը, հագեցնում է ծարավը եւ չի պարունակում ոչ մի կալորիա։ Խմեք օրական 2 լիտր հանքային ջուր՝ առանց գազի, եւ ձեր մաշկը հիասքանչ կլինի։ Հեղուկի շնորհիվ օրգանիզմը մաքրվում է ներսից, որն օգնում է լավ մարսողությանը։ Ցանկության դեպքում կարող եք այն խմել յոգերի պես՝ հաճախակի, փոքր չափաբաժիններով, ամբողջ օրվա ընթացքում։ Քնելուց առաջ յոգերը խմում են եռացրած ջուր, իսկ առավոտյան, արթնանալուց անմիջապես հետո, սենյակային ջերմաստիճանի 1 բաժակ հանքային ջուր։ Այն նպաստում է աղիների մաքրմանը։