Անցած ամիսների ընթացքում այս օրվան` մայիսի 12-ին, տրվել են ամենատարբեր բնորոշումներ` բախտորոշ, ճակատագրական, վճռական, որոշիչ, եւ այսպես շարունակ: Բոլոր գնահատականներն էլ, իհարկե, ինչ-որ իմաստով ճիշտ են, քանի որ այսօր կայանալիք ընտրությունների որակից իսկապես շատ բան է կախված: Եվ խնդիրը ոչ թե օտարերկրյա դիտորդների զեկույցներում արձանագրվելիք դրական կամ բացասական գնահատականներն են, այլ այն, թե այս ընտրությունները որքանով կլինեն իսկապես ազատ, իսկապես արդար եւ իսկապես թափանցիկ: Այլ կերպ ասած` որքանով իշխանությունները կկարողանան հրաժարվել քվեատուփեր լցնելու, անձնագրերի տվյալներ կեղծելու, «կարուսելներ» կազմակերպելու, շրջիկ խմբերով ընտրողներ պտտեցնելու, սափրագլուխների միջոցով վստահված անձանց ահաբեկելու եւ վերջին տարիներին Հայաստանում ավանդույթ դարձած այլ միջոցներից: Այսինքն` այսօր ընտրության օր է նաեւ իշխանությունների համար. ընտրություն` հասարակությանը ազատ կամարտահայտման հնարավորություն տալու եւ վերը նշված միջոցներով հասարակության կամարտահայտմանը խոչընդոտելու միջեւ: Այսօր ընտրության օր է նաեւ հասարակության համար: Ընտրություն, որը կատարվելու է մինչեւ ընտրատեղամաս գնալը կամ չգնալը: Այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրություն կատարի ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը` իշխանություն ձեւավորելու իրավունքը իրացնելու եւ այն մտայնության միջեւ, որ իր ձայնից ոչինչ կախված չէ: Եվ այս երկու «ընտրությունների» արդյունքներից է կախված, թե որքանով ազատ, արդար եւ թափանցիկ կանցնեն Ազգային Ժողովի ընտրությունները: Այնպես որ, բոլորս դեպի ընտրություններ: