Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե քանի որ «խորհրդարանական ընտրությունների նախօրեին հայկական կողմն ապատեղեկացնում է հանրությանը», այդ պատճառով էլ ինքը ստիպված է բացահայտել գաղտնի բանակցությունների բովանդակությունը:
Ալիեւը նշել էր, որ հայկական կողմը պնդում է, թե համաձայնություն կա ընդամենը հինգ շրջաններն ազատելու վերաբերյալ (խոսքը Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների մասին է), սակայն դա, ըստ Ալիեւի, ճիշտ չէ, եւ իրականում համաձայնություն է ձեռք բերվել բոլոր յոթ շրջաններն ազատելու մասին՝ ներառյալ Քելբաջարն ու Լաչինը: Ալիեւի խոսքերով՝ «շրջաններն ազատելու ընթացքում այնտեղ կսկսեն վերադառնալ փախստականները, այդ գործընթացի ավարտից հետո էլ սկսվելու է ադրբեջանական բնակչության վերադարձը ԼՂ»: Ի. Ալիեւն ընդգծել է, որ «Հայաստանն ընդունել է այդ տարբերակը»: Նա հայտարարել էր, թե «Հայաստանի եւ ԼՂ-ի ցամաքային կապը կիրականացվի Լաչինի միջանցքով»: Ադրբեջանի նախագահը նշել էր նաեւ, թե համաձայնություն կա հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու շուրջ: «Մենք դեմ էինք, բայց հայերը վախենում են, դրա համար էլ մենք համաձայնեցինք,- ասել է նա ու ավելացրել,- խաղաղապահների տեղակայման ժամկետը սահմանափակված կլինի»: ԼՂ կարգավիճակի վերաբերյալ էլ Ալիեւն ասել էր, թե այն կճշտվի միայն փախստականների վերադարձից հետո եւ պետք է համապատասխանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին: Միաժամանակ, նա ասել է, որ «այդ ինքնավարության աստիճանը կլինի ավելի բարձր, քան այն, որ կար խորհրդային ժամանակաշրջանում»: «Ով անկախություն է ուզում, թող գնա Հայաստան»,- եզրափակել էր Ալիեւը: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարեցին, թե հակամարտող կողմերն առավել, քան երբեւէ մոտ են ԼՂ խնդրի կարգավորմանը: Իսկ Ալիեւի վերոնշյալ հայտարարություններին անմիջապես հետեւեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը, թե «նման բան չկա»: Սակայն տվյալ դեպքում ավելի կարեւոր է մեր երկրի արտգործնախարարի կամ նախագահի արձագանքը, որովհետեւ արտաքին քաղաքականությունն իրականացվում է նրանց միջոցով եւ ԼՂ հարցով անմիջական բանակցողներն էլ նրանք են: Բայց ի՞նչ տեղի ունեցավ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ նախագահի խոսնակը մինչ օրս չեն արձագանքել Ալիեւի վերոնշյալ հայտարարություններին (հայտնի հեռուստաընկերությունների լրագրողներն էլ երկու օր առաջ «մոռացան» օգտվել առիթից ու համապատասխան հարց ուղղել Ռ. Քոչարյանին, իսկ վերջինս էլ իր խոսքում չանդրադարձավ այս խնդրին): Երեկ մեզ չհաջողվեց Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ՀՀ նախագահի մամուլի խոսնակից: Սակայն ՀՀ Արտգործնախարարությունը հենց Ի. Ալիեւի հայտարարության օրն արձագանքեց: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիրմիր Կարապետյանը հայտարարեց. «Առաջին անգամ չէ, որ Ի. Ալիեւը փորձ է անում հրապարակել բանակցությունների բովանդակությունը: Կարող եմ նշել, որ այս անգամ էլ որեւէ նոր «բացահայտում» չկար: Ինչպես եւ նախկինում, կարող եմ վերահաստատել մեր մոտեցումը բանակցություններում, որը հիմնված է ԼՂ-ի ինքնորոշման սկզբունքի ճանաչման վրա: Մնացյալ հարցերը, որոնք նույնպես բանակցային սեղանի վրա են եւ քննարկվում են, ածանցյալ են եւ բխելու են հիմնական սկզբունքի ճանաչումից: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարություններին եւ հակամարտության կարգավորման հարցում ուժի օգտագործման սպառնալիքներին, ապա դրանց հաճախակի կրկնումը վկայում է միջազգային պարտավորությունների նկատմամբ արհամարհանքի, նաեւ՝ թուլության ու խորը անվստահության մասին»: Ուշադրություն դարձրեք, որ ԱԳՆ-ն այդպես էլ չի հերքել Ալիեւի վերոնշյալ հայտարարությունները, ավելին՝ նույնիսկ փորձ է արել մեղադրել նրան բանակցությունների գաղտնիությունը հրապարակելու համար՝ փաստորեն նաեւ նշելով, որ Ալիեւի ասածն իրականությունից այնքան էլ հեռու չէ: Ու այս ֆոնին, զարմանալի զուգադիպությամբ, ընդամենը մի քանի օր առաջ միանգամից մի քանի լրատվամիջոցներ հրապարակեցին հարցազրույց մեկուսարանում գտնվող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի հետ, ընդ որում, դրանք բոլորն էլ տարբեր հարցազրույցներ էին, բայց հիմնականում շոշափվում էին նույն թեմաները՝ ընտրություններ, ԼՂ հարց: Այսինքն՝ մեր իշխանությունները շատ հոգատար էին գտնվել ու հնարավորություն տվել, որ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելեն Ժ. Սէֆիլյանին ու նրանից հարցազրույց վերցնեն: Իր այդ բոլոր հարցազրույցներում էլ Ժ. Սէֆիլյանը, խոսելով ԼՂ հարցի ու Ալիեւի վերոնշյալ հայտարարությունների մասին, ասել էր, թե հայ ժողովուրդը դեմ է տարածքային զիջումներին»: «Ոչ մի թիզ հող եւ վերջ»,- ասել էր Ժ. Սէֆիլյանը: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Ստացվում է մոտավորապես հետեւյալ պատկերը. ՀՀ գործող իշխանությունները գնում են եւ ոմանց ԼՂ խնդրի հետ կապված ինչ-որ բաներ խոստանում, հետո հայտարարում, թե հակամարտության կողմերն առավել քան երբեւէ մոտ են ԼՂ խնդրի կարգավորմանը, ինչը, եթե «թարգմանենք» դիվանագիտական լեզվից, կստացվի, որ մեր իշխանություններն ասում են հետեւյալը. հարգելի միջազգային հանրություն, մեզ սատարիր առաջիկա ընտրությունների ժամանակ, աչք փակիր կեղծիքների վրա, որ մենք վերարտադրվենք ու լուծենք ԼՂ հարցը, որի լուծմանն այդքան մոտ ենք հիմա, հակառակ դեպքում՝ մեկ էլ տեսար, իշխանությունը փոխվեց, ու ամեն ինչ սկսվեց զրոյից: Բայց պետք չէ այնքան միամիտ լինել՝ կարծելու համար, թե ՀՀ գործող իշխանությունները պատրաստվում են ԼՂ հարցով որեւէ փաստաթուղթ ստորագրել: Ու այս տեսանկյունից բոլորովին էլ զարմանալի չէ, որ հանկարծ մի քանի լրատվամիջոց նույն օրը հարցազրույց են հրապարակում Ժ. Սէֆիլյանի հետ, ով այդ հարցազրույցներում ասում է, թե հայ ժողովուրդը դեմ է տարածքային զիջումներին, «ոչ մի թիզ հող եւ վերջ»: Հասկանալի է, չէ՞, տրամաբանությունը. ընտրություններն ավարտվում են, գալիս է «ավելի, քան երբեւէ մոտ ենք խնդրի լուծմանը» խոստումն իրականացնելու ժամանակը, ու ՀՀ իշխանությունները ցույց են տալիս, որ՝ տեսեք, մեր ժողովուրդը տարածքային զիջումներ չի ուզում, ասում է՝ «ոչ մի թիզ հող եւ վերջ»: Ստացվում է, որ հայրենի իշխանություններն օգտագործում են Ժ. Սէֆիլյանին, ում կալանավորել են անհասկանալի մեղադրանքներով: Բայց վտանգավորն այն է, որ ըստ էության՝ ՀՀ իշխանություններն իրենց իշխանությունը պահելու համար ԼՂ հարցով ինչ-ինչ բաներ են խոստացել ոմանց, որոնց տակից կարող է եւ դուրս չգան (թեեւ վստահաբար դա իրենց այդպես չի թվում): Հիշեցնենք, որ ժամանակին ոչ անհայտ մեկը հայտարարել էր. «Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն»: