Օսկանյանը զանգելու է Աբրահամյանին

12/05/2005

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «168 Ժամ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ինքը կարող է օգնել Հասարակածային Գվինեայում դատապարտված հայ օդաչուներին հայկական կողմին հանձնելու հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ է պետության համապատասխան թույլտվությունը: «Ես պատրաստվում եմ Արա Աբրահամյանի հետ հեռախոսազրույց ունենալ եւ հարցնել, թե որո՞նք են իր հնարավորությունները: Եթե իսկապես կան հնարավորություններ իր միջոցով այդ հարցը լուծելու, ինչո՞ւ չէ, պետք է օգտագործել: Ուղղակի պետք է կոորդինացնել, որպեսզի զուգահեռ աշխատանք չգնա եւ մեկը մյուսին չխաչաձեւվի եւ հանկարծ հակառակ ազդեցությունը չունենա»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը վերջերս է վերադարձել Հասարակածային Գվինեայից եւ հանդիպել է այնտեղ գտնվող հայ օդաչուների հետ: