Ո՞վ է կերել 30 մլն դոլարը

13/05/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՊՀ միջպետական բանկի Հայաստանի ներկայացուցչությունը տեղեկատվություն տրամադրելու առումով փակ համակարգ է:

Մեզ հետաքրքրող հարցերի առնչությամբ այս կառույցին ուղղած` թե գրավոր եւ թե բանավոր մեր հարցադրումներին պատասխանելու միակ լիազորը` Վահան Մելքոնյանը, գալիս-գնում է Հայաստան եւ, բնականաբար, մտքի ծայրով անգամ չի անցկացնում, որ ՀՀ օրենքները նաեւ իր համար են: Նշենք, որ Վահան Մելքոնյանը ԱՊՀ միջպետական բանկի ներկայացուցիչն է ՀՀ-ում եւ «Նաիրիտ գործարանի» տնօրենների խորհրդի նախագահը։ Մեզ ընդամենը հետաքրքրում է, թե որքա՞ն ներդրումներ է ԱՊՀ միջպետական բանկը կատարել Հայաստանում` «Նաիրիտ գործարանից» բացի: Պարզ լինելու համար նշենք, որ 2004թ. ԱՊՀ երկրները ստեղծել են ԱՊՀ միջպետական բանկը, որի նպատակն է՝ վարկավորել ԱՊՀ երկրներում տնտեսական ծրագրերը: Նախորդ տարի այս բանկի նախագահը ռոտացիոն կարգով եղել է Հայաստանը` ի դեմս Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանի: Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը նույնպես կտրականապես հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել ԱՊՀ միջպետական բանկում Տիգրան Սարգսյանի նախագահության տարում Հայաստանում կատարված վարկային ծրագրերի վերաբերյալ` առաջարկելով մեր հարցերի պատասխանը փնտրել ԱՊՀ միջպետական բանկի Հայաստանի ներկայացուցչությունում: Քանի որ ոչ ոք չի ուզում ստանձնել պատասխանատվության իր բաժինը, ուստի կներկայացնենք մեր ունեցած տեղեկատվությունը, որը գրագրություն է ՌԴ կենտրոնական բանկի եւ ԱՊՀ միջպետական բանկի միջեւ:

Երկու ռուս չինովնիկների նամակագրությունը

Նամակից ներկայացնում ենք հատվածներ, որը պատմում է հայկական «Նաիրիտ գործարանին» առնչվող որոշ մանրամասներ:

«2004 թվականին ՀՀ կառավարությունը դիմել է ԱՊՀ միջպետական բանկին` մասնակցելու «Նաիրիտ գործարանի» վերագործարկման գործին: Առաջին փուլում բանկը 6մլն դոլարի վարկային միջոցներ է հատկացրել Հայաստանի ատոմակայանին, եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագայում ծրագիրը շարունակել «Նաիրիտ գործարանի» գծով: Ռուսական կողմը շահագրգռված էր «Նաիրիտ գործարանի» վարկավորման հարցում, քանի որ այս կարգի գործարաններն աշխարհում յոթն են եւ հայկական գործարանն էլ այս շարքում զբաղեցնում է յոթերորդ տեղը: Բացի այս էլ, 2005-ին ԱՄՆ Լուիզիանա նահանգում ջրհեղեղի պատճառով ջրի տակ էր մնացել «Դյուպոն» ֆիրմայի համանուն գործարանը եւ մինչ օրս էլ այդ գործարանի վերագործարկման կապակցությամբ որոշում չի կայացվել: Այդ նույն տարում Եվրամիությունը էկոլոգիական խնդիրներից ելնելով որոշել էր փակել «Եվրոպա-Իտալիա պոլիմեր» կազմակերպությունը: «Նաիրիտ գործարանն» աշխատում է «Դյուպոնի» տեխնոլոգիայով եւ ակնհայտ է, որ կաուչուկի շուկայում կարող էր դառնալ առաջատար: (Նշենք, որ այս ենթատեքստում են միայն պարզ դառնում Չինաստանի հեռահար նպատակները: «Նաիրիտ գործարանից», հայ-չինական համատեղ ձեռնարկության ստեղծման նպատակով, մեկ հոսքագիծ տեղափոխելով Չինաստան, այսպիսով չինացիներն էլ լիկվիդացրեցին «Նաիրիտին» որպես մրցակից ընդհանրապես.- Ա.Պ): «Նաիրիտ գործարանի» վերագործարկման ծրագրի շրջանակներում զգալի աշխատանքներ է կատարել «Ինտերկաուչուկ» կազմակերպությունը, որը վերականգնել էր ոչ միայն հայկական կաուչուկի շուկան, այլեւ մոտ 100մլն դոլարի ներդրումների պայմանավորվածություններ էր ձեռք բերել արտերկրի ներդրողների հետ: Սակայն, անհասկանալի պատճառներով եւ առանց բացատրությունների՝ «Ինտերկաուչուկի» այս գործարքը կասեցվել է ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահի եւ բանկի Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանի կողմից: Արդեն 2006թ. հունիսին ՀՀ կառավարությունն առաջարկում է ԱՊՀ միջպետական բանկին գնել «Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերը, եւ այս գործարքը կատարվում է անգլիական «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության անվան տակ, որը «Նաիրիտ գործարանի» երաշխավորությամբ բանկից ստանում է 70 մլն դոլարի վարկ: Որպես վարկի նախապայման՝ «Ռայնովիլը», որպես հիմնադիր, պետք է ներգրավեր արտասահմանյան կազմակերպությունների, որոնք պատասխանատվություն կստանձնեին վարկային ծրագրի մարման եւ նոր միջոցների ներգրավման ուղղությամբ, որոնք այդքան անհրաժեշտ էին գործարանի վերագործարկման համար: Համագործակցելու պատրաստակամություն էին հայտնել լեհական SAWEX, ամերիկյան INTERTEX եւ ռուսական «Եվրոգազ» կազմակերպությունները, եւ վերջինս անգամ իր մտադրությունների մասին տեղյակ է պահել ՀՀ էներգետիկայի նախարարին: Քանի որ բաժնետոմսերի հանձնման արեւմտյան ընթացակարգը բավականին ժամանակ է պահանջում, ուստի որոշել են «Ռայնովիլի» գործարքը կատարել Վահան Մելքոնյանին պատկանող օֆշորային «Օտֆորդ» կազմակերպության անունով: Սակայն «Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերի գնման համար վարկը ստանալուց հետո ԱՊՀ միջպետական բանկի ճնշումների ներքո Վ. Մելքոնյանը բաժնետոմսերը վերադարձրեց «Ռայնովիլին», որի իսկական սեփականատերը Միջպետական բանկի փոխնախագահ Կուլիկով Ս. Վ.-ն է։ Նրա անունով էլ հոխորտում է միջազգային գործընկերների հետ հանդիպելիս: Վարկավորումն ի սկզբանե կատարվել է մի շարք խախտումներով: Անհեթեթ իրավիճակ է ստեղծվել. «Նաիրիտն» իր ամբողջ ունեցվածքով պատասխանատու է վարկատուների առաջ, իսկ «Ռայնովիլը» պատասխանատվություն է կրում իր 20 հազար դոլար հիմնադիր կապիտալի մասով, թեպետ ամբողջ 70 մլն դոլարը ստացել է «Ռայնովիլը»: Ռուսաստանի Կենտրոնական բանկի հարցմանը, թե ո՞վ է «Նաիրիտ գործարանի» իսկական տերը, ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահ Կուլիկովն ասել է, որ այն պատկանում է ՀՀ նախագահին, ինչն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ութ ամիս է անցել, ինչ «Ռայնովիլը» գնել է «Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերը եւ այս ընթացքում ոչինչ չի արել: Ավելին, «Նաիրիտ գործարանն» այսօր կրիտիկական վիճակում է: Մոտ 7 մլն դոլարի պարտք է կուտակել հումքի մատակարարներին: «Ռայնովիլին» տրված 70մլն դոլարի այս ահռելի գումարն անհետացել է: Մի մասը գնացել է գործարանի բաժնետոմսերի գնմանը, որոշ չափով մարվել են վարկային տոկոսները, իսկ 1մլն դոլար էլ ներդրվել է Ռուսաստանում «Ռայնովիլի» դուստր ձեռնարկության հիմնադիր կապիտալում: Միայն նշենք, որ «Նաիրիտ գործարանում» կաուչուկի բութադիենային տեխնոլոգիային անցնելու համար պահանջվում էր ընդամենը 20մլն դոլար: Ներկայումս «Նաիրիտ գործարանը» չունի ակցիաներ, եւ նրա վզից են կախել 70մլն դոլարի վարկի պարտքը եւ 17-20մլն դոլարի պարտք էլ` վարկային պարտքի մատակարարներին, եւ անգամ գործարանը չի էլ կարողանում արտադրված կաուչուկը վաճառել շուկայական գներով: «Ռայնովիլի» տերերը նոր վարկերի փնտրտուքով բանկից բանկ են վազվզում` հավանաբար «Նաիրիտ գործարանի» ունեցվածքի կրկնակի գրավադրման հաշվին: Ցավով ենք նշում, որ «Նաիրիտ գործարանի» ծրագիրն այլեւս ձախողվել է»,- ասվում է նամակում:

Անդրադառնալով «Նաիրիտ գործարանի» խնդրին՝ մենք նշել էինք, որ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունը ԱՊՀ միջպետական բանկից «Նաիրիտ գործարանի» վերագործարկման նպատակով ստացել է 40 մլն դոլարի վարկային միջոցներ: Խնդիրն այն է, որ Հայաստանում խիստ գաղտնի են պահում այն փաստը, որ ստացել են ոչ թե 40, այլ 70 մլն դոլարի վարկ եւ գումարի ծախսման հաշվարկները ներկայացնում են 40մլն դոլարի հաշվարկներով: Եվ անգամ այս 40մլն դոլարի հաշվարկներն էլ ոչ մի կերպ իրար չեն համընկնում, որի մասին հիշատակվում է նաեւ վերոնշյալ նամակում: Ինչպես արդեն գրել ենք «168 Ժամի» նախորդ հրապարակումներում, այս 40մլն-ից էլ չի երեւում, թե ինչի վրա է ծախսվել 10մլն դոլարը: Այս պատմության ընթացքում` 2006թ.-ին ԱՊՀ միջպետական բանկի նախագահն էր ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, եւ զարմանալիորեն ոչ մի տեղ չի հիշատակվում, թե ինչո՞ւ Տիգրան Սարգսյանն ինչ-ինչ միջոցառումներ չի ձեռնարկել իր փոխնախագահի գործարքների դեմ: Սա արդեն երկրորդ նախադեպն է, որ խաղի մեջ են մտցնում ինչ-որ բանկի եւ «Նաիրիտ գործարանին» սնանկացնում մինչեւ վերջ: Առաջին նախադեպը եղել է 2000-ին, տեղական «Հայկապբանկի» ակտիվ ջանքերով եւ ինչ-որ «Անուշիկ ֆիրմա» կազմակերպության մեքենայությունների շնորհիվ: Ձեռագիրը նույնն է. այս դեպքում` «Ռայնովիլը», այն դեպքում` «Անուշիկ ֆիրման»: Երկուսն էլ «Նաիրիտ գործարանից» չնչին գներով վերցնելով կաուչուկը՝ միջազգային շուկայում վաճառել են կրկնակի գներով, եւ ցավալին այն է, որ անգամ այդ չնչին գումարը չի հասել գործարանին: Այս սխեմայով «Անուշիկ ֆիրման» «Հայկապբանկից» վերցրել է 7մլն դոլարի վարկ` 12-36 տոկոսադրույքով, որը 2 տարում աճել է մինչեւ 14 մլն դոլարի: Բանկի համար այս գործարքը չտեսնված բիզնես կարելի է համարել` տվածը կրկնապատկել է երկու տարում: Այս պարտքը, բնականաբար, չէր վճարելու «Անուշիկ ֆիրման», ինչպես ներկայումս՝ «Ռայնովիլը», ուստի այս պատմության վերջում «Հայկապբանկը» դարձել էր «Նաիրիտ գործարանի» սեփականատերը: Զավեշտն այն է, որ ՀՀ կառավարության համար շատ ավելի էական է եղել փրկել «Հայկապբանկը» եւ ոչ թե «Նաիրիտ գործարանը», եւ այստեղ է, որ ՀՀ Կենտրոնական բանկը լծվել է «Հայկապբանկի» առողջացման ծրագրին: Բնականաբար, «Հայկապբանկն» առողջացել է եւ ներկայումս կրում է «Արարատբանկ» անունը: Հետաքրքիրն այն է, որ «Նաիրիտ գործարանի» պոտենցիալն այնքան մեծ է, որ թեպետ յուրաքանչյուրն այստեղ իր փողն է աշխատում, սակայն այս միավորը դեռ կարողանում է կերակրել իր 4000 աշխատողներին: