Քոչարյանը սպառնում է «աքլորացած լաչառներին»

13/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մայիսի 9-ին ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության եւ բազմահազարանոց ցուցարարների ընդհարումից հետո, նախօրեին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնի երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին հրավիրել էր հարցազրույցի: Հարցազրույցի ընթացքում Ռ. Քոչարյանը վստահեցնում էր, թե բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել իրենց ասելիքը հասցնել ժողովրդին: Նա հերթական անգամ նշեց, թե բուն քվեարկության արդար անցկացման պատասխանատուն ընտրությանը մասնակից քաղաքական ուժերն են: Ռ. Քոչարյանը փորձեց օգնել ՀՀ քաղաքացիներին՝ քվեարկության ժամանակ կողմնորոշվելու համար: Նա խորհուրդ տվեց՝ ընտրություն կատարելուց առաջ պետք է վերլուծել, թե ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած մեր երկիրը, ըստ կարեւորության դասակարգել այդ խնդիրները եւ կատարել երկրորդ քայլը՝ նայել ընտրությանը մասնակից ուժերի ցուցակն ու մի պարզ հարց տալ. «այդ կուսակցություններից ո՞ր մեկն է ի վիճակի լուծել այդ մարտահրավերների հետ կապված գերակա խնդիրները»: Ռ. Քոչարյանը նշեց, թե, օրինակ, իր համար Հայաստանի առաջին մարտահրավերը Հայաստանի անվտանգությունն է եւ սահմանների անձեռնմխելիությունը: «Ղարաբաղյան հարցը մնում է չկարգավորված, եւ մենք ամեն շաբաթ լսում ենք սպառնալիքներ Ադրբեջանի կողմից՝ պատերազմը վերսկսելու: Հիմա մտածեք՝ այս սպառնալիքին ո՞վ է ի վիճակի դիմակայել: Այն քաղաքական գործիչնե՞րը, ովքեր անցել են պատերազմով եւ իրենց կենսագրությամբ մասնակցել են զինված ուժերի ձեւավորմանը, թե՞ այն քաղաքական ուժերը կամ գործիչները, որոնք գումարտակը վաշտից կամ հրացանը գնդացիրից չեն կարող ջոկել, որոնց ցուցակը եթե դուք վերլուծեք, չեք գտնի համամասնական ցուցակում պատերազմի գոնե մեկ մասնակից, որ բարութի հոտ է առել: Եվ դրանից հետո մտածեք, թե ձեր ընտանիքի անվտանգությունը դուք ում եք վստահում»,- հայտարարեց նա: Վերջինիս այն պնդումը, թե որոշ կուսակցությունների համամասնական ցուցակում պատերազմի գոնե մեկ մասնակից չկա, խիստ վիճելի է: Այն, որ վերջին տարիներին պետական մակարդակով փորձ է արվում սրբագրել մեր երկրի՝ ոչ այնքան վաղ անցյալի պատմությունը եւ տպավորություն ստեղծել, թե Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի ռազմական հաջողությունը միայն իշխանության մեջ գտնվող շատ կոնկրետ մարդկանց շնորհքն է, նորություն չէ: Բայց սա դեռ մի կողմ թողնենք: Բարութի հոտ առած լինել-չլինելն օրենսդիր մարմնի անդամ ընտրելու ի՞նչ չափանիշ է: Ռ. Քոչարյանի վերոնշյալ հայտարարությունից կարելի է եզրակացնել, թե նրա պատկերացմամբ՝ ԱԺ-ն պատերազմում կռված կամ գոնե երբեւէ թվանք բռնած ու ինչ-ինչ հոտեր առած մարդկանց տեղ է: Ռ. Քոչարյանը նախօրեին շատ թափանցիկ բազմաթիվ ակնարկներ էլ արեց ընդդիմության ներկայացուցիչների հասցեին: Նրա խոսքերով՝ Հայաստանի համար երկրորդ մարտահրավերը տնտեսական զարգացման տեմպերի պահպանումն է: «Հիմա եւս պետք է մտածել, թե ո՞վ այս խնդիրն ավելի լավ կլուծի: Այն քաղաքական ուժերը, որոնք համահեղինակ են նախագահի հետ միասին այս վեց տարվա լուրջ հաջողությունների՞ն, որոնք սկսել են այդ բարեփոխումները, ունեն կամք շարունակելու եւ վստահ են, որ կարող են մեր հաջողությունները կրկնապատկե՞լ, թե՞ այն գործիչները, ովքեր բացի հոդվածներ գրելուց եւ պարապ խոսելուց իրենց կյանքում ոչ մի բան չեն արել եւ ոչ մի հետք այս երկրում չեն թողել,- հայտարարեց Ռ. Քոչարյանն ու շարունակեց,- Ո՞ւմ վստահել այս հարցը: Նրանց, ովքեր մասնավոր հատվածում իրենց խելքով հազարավոր աշխատատեղե՞ր են ստեղծել, հարստացել են, չեն թաքցնում դա եւ այսօր բարեգործությա՞մբ են զբաղվում, թե՞ նրանց, ովքեր կորցրել են պաշտոնները (իրենց դատարկության պատճառով), դարձել են քաղաքական մուրացկաններ եւ այսօր միայն ռեւանշի մասին են մտածում»: Ինչպես ասում են՝ no comment: Եվ, իհարկե, հարցազրույցի գլուխգործոցը հարիսայի ու աքլորանալու մասին Ռ. Քոչարյանի հայտարարությունն էր, հենց թերեւս այս նպատակով էլ կազմակերպվել էր այդ հարցազրույցը: Այդ հայտարարությունն իր մեջ նաեւ որոշ մարդկանց ուղղված սպառնալիքներ էր պարունակում: Եվ այսպես, ՀՀ նախագահը նախ տեղեկացրեց, որ ինքը չի ընկալում «լաչառ» քաղաքական գործիչներին: «Որովհետեւ սովորաբար լաչառ տեսակն ընտրությունների ժամանակ անպայման սկսում է աքլորանալ,- բացատրեց նա ու հավելեց,- Տարբեր հանրահավաքների ժամանակ հանդիպում են մարդկանց զանգվածների հետ, եւ իրենց թվում է, թե ահա այս է իրենց աստղային պահը, սկսում են աքլորանալ, մոռանալով, որ աքլորի վերջնական հանգրվանը հարիսայում հայտնվելն է»: Նա հետագա խոսքում կար նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 18-ի 4-րդ կետի 1-ին ենթակետի խախտում: Օրենքի այդ կետն արգելում է պետական պաշտոնյաներին զբաղվել նախընտրական քարոզչությամբ, մինչդեռ Ռ. Քոչարյանը նախօրեին հերթական անգամ թվարկեց չորս կուսակցությունների անուններ, որոնց ինքը կցանկանար տեսնել խորհրդարանում: Եվ իհարկե, էլ ի՞նչ ԱԺ, եթե այնտեղ ընդդիմություն չլինի (վերջիվերջո, Եվրախորհրդի անդամ երկիր ենք): Ռ. Քոչարյանը նշեց, թե ինքը կցանկանար ապագա ԱԺ-ում տեսնել ընդդիմության «կառուցողական» հատվածին: