Ու վաղն ամեն ինչ կսկսվի նորից

13/05/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երեկ ավարտված նախընտրական քարոզարշավը եւս գյուղական հարսանիք էր հիշեցնում, ուր յուրաքանչյուրն ի ցույց է դնում հարսի համար նախատեսված իր նվերը, ընդհուպ` էժանագին ներքնազգեստը: Ու այս կեղծ էյֆորիայի ֆոնին հոգեբանորեն բարդ էր հետեւել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Ահա Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակած Սարկոզիին շնորհավորում է մադամ Սեգոլեն Ռուայալն` արժանապատվորեն ընդունելով սեփական պարտությունը, քանի որ վստահ է` պարտվել է ազնիվ պայքարում: Տասնյակ հազարավոր երիտասարդներ, որոնց, ենթադրում ենք, իրենց ուսումնական հաստատություններից սպառնալիքով կամ պարտադրանքով չէին բերել հրապարակ, խանդավառված երգում ու պարում էին` Սարկոզիի հաղթանակը համարելով իրենց սեփականը: Լրագրողների հետ անկաշկանդ, առանց սափրագլուխների ցուցադրական պահպանության շփվող պարոնն էլ Սարկոզին է: Նա ձեռքով բարեւում է հանրահավաքի մասնակիցներին, պատասխանում լրագրողների հարցերին, վերջում նստում իր «Ռենոն» ու գնում: Իսկ ֆրանսիացիները դեռ մինչեւ ուշ գիշեր երգում ու պարում են Փարիզի փողոցներում: Ամեն ինչ նախանձելիորեն ինքնաբուխ էր: Թեեւ ընտրությունների գիշերն ու դրան հաջորդող օրերին Ֆրանսիայում մեքենաներ այրվեցին ու փողոցային բախումներ եղան, սակայն դժվար է հրահրման մեջ մեղադրել պարտված թեկնածուին: Հակառակը` Սարկոզիին նրա հրապարակային շնորհավորանքն արդեն իսկ խաղաղության ու պայքարը Սենատի ընտրություններ տեղափոխելու կոչ էր: Ֆրանսիայի նախագահական ընտրություններին հեռուստատեսությամբ հետեւելիս մի կարճ պահ քեզ թվում է, թե դու էլ ես այդ հարյուր-հազարավոր մարդկանցից մեկը, որ դու էլ կարող ես ազատ ընտրություն անել: Ճիշտ այնպես, ինչպես սենտիմենտալ ֆիլմեր դիտելիս` քեզ դնում ես հերոսի կամ գեղեցկուհի հերոսուհու տեղը, սակայն ֆիլմի ավարտից հետո հայելու մեջ նետված հայացքն ու իրականությունն անում են իրենց գործը: Այդպես էլ` նախագահական ընտրություններին հետեւած ֆրանսիացիների խանդավառությունից հետո հայաստանյան հեռուստաընկերությունների մատուցմամբ տեղափոխվում ես հայաստանյան իրականություն: Ահա հերթական քաղաքում հացի կտորն աղի մեջ թաթախող իշխանական կուսակցության առաջնորդը, որի մասին պատմող սյուժեին փոխարինելու են գալիս մեկ այլ ոչ պակաս իշխանամետ ուժի ղեկավարի այցերի մասին պատմող ռեպորտաժները: Ահա, նա առանց հոգնելու հերթական անգամ կրկնում է «սենտիմենտը»` մենք բոլորս, ճիշտ է, նավի տարբեր կուպեներում ենք` մեկը` «լյուքս», մյուսները` համեստ, բայց նավը մեկն է, եւ եթե այն խորտակվի, շնաձկների բաժին կդառնան անխտիր բոլորը: Ուղիղ եթերում ցուցադրվում են ինչ-որ համերգներ: Հրապարակը լի է չհիմնավորված խանդավառությամբ լի հազարավոր երիտասարդներով, որոնք նաեւ ռուսական էստրադայի սիրահար են եւ հրճվալից սուլում են ու ծափ զարկում` ինչ-որ ռուս մի երգչի շուրթերից սլավոնական շեշտադրությամբ հայերեն բառ լսելիս:

Նախորդ շաբաթ Մատենադարանի մատույցներով անցնող ցանկացած մեկը կտեսներ, թե ինչպես են դեպի Մատենադարան հոսում ձանձրացող դեմքերով, պրոֆտեխուսումնարանի ուսանողների տպավորություն թողնող հարյուրավոր երիտասարդներ, որոնք, պարզվեց, ամենեւին ուսանող էլ չեն, այլ մայրաքաղաքի դպրոցներից քշված պատանիներ են: Միտինգը, կարծես թե, վիրահայերի նախաձեռնությամբ էր, ու ամբիոնից տարիքն առած մի տղամարդ արտասանում էր «Ամբոխները խելագարվածից» մի կտոր: Անախրոնիկ էր ու տհաճ: Լալահառաչ ձայնով ասմունքող այդ տղամարդն ինքն էլ գիտեր, որ իր առաջ ամենեւին էլ վիրահայերը չեն, այլ իր դատարկ ճառից հորանջող պատանիներ, սակայն նա նույն պաթոսով շարունակում էր: Ո՞ւմ է ուղղված այս մասսովկայի ցուցադրությունը: Ո՞ւմ է առհասարակ պետք այս զանգվածային ինքնախաբեությունը:

Այս խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ սեպ խրեցին ոչ միայն հասարակության տարբեր շերտերի միջեւ, այլեւ պատճառ դարձան շատ ընտանիքներում գժտությունների ու ներքին լարվածության: Թեեւ լրագրության ոսկե կանոններից է հոդվածում առաջին դեմքով գրելու եւ սեփական տեսակետը հայտնելու գայթակղությունից զերծ մնալը, սակայն այս օրերի համար խիստ տիպական վիճակ է նաեւ հենց մեր ընտանիքի շրջապատում. զարմիկս, պարզվում է, արդեն յոթ-ութ ամիս է` անդամակցել է իշխանական կուսակցություններից մեկին, սակայն այդ մասին ընտանիքում ոչ ոքի չի հայտնել` վստահ, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող ընտանիքի հետ ստիպված է տհաճ զրույցներ ունենալ (այն, որ նա իշխանամետ ուժի անդամ է, իմացել ենք պատահաբար, երրորդ մեկից): Մտերիմներիցս մեկը երկար ժամանակ թաքցնում էր, որ համակրում է մեկ ուրիշ իշխանամետ կուսակցության: Ինքն էլ բորբոքված պատմում էր, թե գիտե՞ք` ընդդիմադիր թերթերից մեկի լրագրողը, այսինչն ու այնինչը կանգնած են այդ ուժի ակունքներին, մինչդեռ բառացիորեն մեկ-երկու օր անց հայտնի դարձավ, որ ինքը եւս այդ կառույցի ակտիվ համակիրներից է: Մեր ընտանիքի անդամներից մեկը չի թաքցնում, որ իր ձայնը տալու է արմատական ընդդիմությանը: Սակայն ներընտանեկան հարաբերություններում իշխանական եւ ընդդիմադիր կուսակցություններին նախապատվություն տալը պասիվ ու լուռ գործողություն չէ. տարբեր ճամբարներում հայտնված հարազատներն աշխատում են հնարավորինս խուսափել ընտանեկան հավաքներում միմյանց տեսնելու անհրաժեշտությունից: Նա, ով համակրում է ընդդիմությանը, մյուսներին համարում է պատեհապաշտ, անսկզբունք ու կարիերիստ: Սակայն տեղին է նշել, որ իշխանություններին համակրող մեր ծանոթները եւս խանդավառված չեն ընդդիմության համակիր իրենց մերձավորին դեմառդեմ հանդիպելու հեռանկարից: Մի խոսքով, բացի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ճակատներից` մեր եւ, համոզված ենք, շատ ընտանիքներում, նոր ճակատներ են բացվել: Այսուհետ ստիպված ենք դիվանագիտորեն ընտրել հյուր գնալու եւ հյուր ընդունելու ժամանակը, հատկապես, եթե հյուրը կամ տանտերը «գաղափարական հակառակորդ» է:

Խնդիրն այն է, որ, վերջին հաշվով, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն ուղղակիորեն որեւէ կապ չունեն ժողովրդի հետ:Ժողովուրդն այս կամ այն կուսակցությանը պետք է գլխաքանակի, որոշ էպիզոդներում` մասսովկային համար: Ու այդ անդեմ ամբոխում յուրաքանչյուրը սկսում է փնտրել իր կարեւորությունը, իր դերակատարության անփոխարինելիությունը: Լարվածությունից ոչինչ չի ստացվում: Ընտրապայքարի ընթացքում բոլորիս մեջ սրվում են կենդանական բնազդները: Մի քանի շաբաթ անց այդ բնազդները կորցնում են իրենց սրությունը եւ մնում են իշխանությունների համար անվնաս կենդանական՝ ավելի անվտանգ` վախի եւ կուշտ լինելու բնազդները: Ու դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար թերեւս շուտ չեն գա այն ժամանակները, երբ ֆրանսիացիների պես կամավոր ու ազատ կորոշեն` ում տալ իրենց ձայնն ու ումից պահանջել: Այսօր մենք անգամ վախենում ենք քվեախցում մենակ մնալուց ու ազատ քվեարկելուց: Բայց իզուր: