Ո՞վ պետք է վճարի կեղծ հեռախոսազանգերի համար

13/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«ԱրմենՏելի» ֆիքսված կապի ցանցում անցյալ տարվա նոյեմբերից ինտերնետային կեղծ հեռախոսազանգերի երկրորդ փուլն է սկսվել: Առաջին փուլի ժամանակ այդ զանգերից տուժել էին ավելի քան 400 բաժանորդներ: Նրանց հեռախոսահամարների վրա գրանցվել էր մոտ 70 մլն դրամի հաշիվ: Այդ գումարներն առաջացել էին արտասահմանյան էկզոտիկ երկրների՝ Սեյշելյան, Կոմորյան կղզիների հետ հեռախոսակապ հաստատելու պատճառով:

Սակայն, եթե հիշում եք, տուժած բաժանորդները պնդում էին, թե իրենք այդպիսի զանգեր չեն կատարել: Նրանք հրաժարվում էին վճարել չկատարած զանգերի համար եւ կարծում էին, որ դա կամ «ԱրմենՏելի» ցանցում է արվել, կամ էլ հակերներն են արել: Իսկ «ԱրմենՏելը» պահանջում էր վճարել եւ անջատել էր նրանց հեռախոսահամարները: Բաժանորդ-«ԱրմենՏել» վեճը սրվեց եւ տեղափոխվեց դատարան: Գործին խառնվեց նույնիսկ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը: Ի վերջո, «ԱրմենՏելը» տեղի տվեց եւ «ներեց» այդ պարտքը: Ճիշտ է, բաժանորդներն ու սպառողների շահերի պաշտպանները համաձայն չեն «ներել» բառի հետ: Նրանց ասելով, ներում են հանցագործներին, իսկ իրենք հանցանք չեն գործել: Բոլոր դեպքերում առաջին փուլի ժամանակ «ԱրմենՏելն» այդ գումարները չեղյալ համարեց: Իսկ ահա անցած տարվա նոյեմբերից այդպիսի միջազգային հեռախոսազանգերի երկրորդ փուլն է սկսվել: Այս անգամ էլ տուժել են մոտ 520 բաժանորդներ, որոնց բոլորի հեռախոսահամարների վրա միասին գրանցվել է ավելի քան 66 մլն դրամի խոսակցական հաշիվ: «ԱրմենՏելը» նրանց հեռախոսներն էլ է անջատել: Իսկ այս խոսակցությունները տեղի են ունեցել հիմնականում Ավստրիայի հետ: Համարները շատ դեպքերում նույնն են եղել, որոշ դեպքերում տարբեր են եղել վերջին երկու թվերը: Եվ տպավորությունն այնպիսին է, որ այդ համարները պատկանում են մի հիմնարկի եւ գտնվում են նույն տարածքում: Երկրորդ փուլում այդ կեղծ միջազգային զանգերից տուժողներից է նաեւ Վարդուհի Հարությունյանը, ում հեռախոսահամարին գրանցվել է Ավստրիայի հետ 254.000 դրամի խոսակցություն: «Դա ես նկատեցի դեկտեմբերի 10-ին, երբ գնացի վճարելու իմ հեռախոսավարձը,- պատմում է տիկին Վարդուհին: – Փաստորեն նոյեմբերին իմ հեռախոսահամարով այդքան գումարի խոսակցություն էր գրանցվել: Ես փորձեցի ճշտել, թե այդ համարով Ավստրիա ո՞ւմ են զանգել: Զանգեցինք այդ համարներով, բայց չպատասխանեցին: Իմ կապերով կարողացա պարզել, որ դա ինչ-որ ինտերնետ հեռախոսակապի ծառայության հեռախոսահամարներ են»:

Երկրորդ փուլում «ԱրմենՏելը» ցանկություն չունի ամբողջությամբ «ներել» այդ գումարները: Հիշեցնենք, որ առաջին փուլի ժամանակ ընկերության սեփականատերը հունական OTE ընկերությունն էր, իսկ անցած տարեվերջից՝ արդեն ռուսական «ՎիմպելԿոմը»: Ռուս ղեկավար Օլեգ Բլիզնյուկը համաձայնել է 50/50, բայց ոչ ամբողջությամբ գանձելու տարբերակին: Այսինքն՝ չկայացած զանգերից տուժած բաժանորդները գումարի գոնե կեսը պետք է վճարեն: Սպառողների շահերի պաշտպաններն ընդհանրապես համաձայն չեն այս տարբերակի հետ: Նրանց կարծիքով՝ բաժանորդները մեղավոր չեն, որ «ԱրմենՏելի» ցանցի անվտանգության համակարգը թույլ է, եւ պարտավոր չեն դրա համար ավելորդ վճարումներ կատարել: Ա. Պողոսյանը տեղեկացրեց, որ իրենք բանակցում են Օ. Բլիզնյուկի հետ՝ այդ գումարները նորից ամբողջությամբ չեղյալ համարելու համար: Նրա կարծիքով՝ հստակ սահմանված չեն նաեւ հեռախոսային ցանցի օգտագործման կանոնները:

«Անցած տարի մայիս 5-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց ներել բաժանորդների համարներին գոյացած պարտքը,- ասում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: -Իհարկե, «ԱրմենՏելը» դրա համար բարի կամք դրսեւորեց: Բայց հանձնաժողովն այդ որոշումով «ԱրմենՏելին» պարտադրեց 1 ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկել, որ նման դեպքերը չկրկնվեն: Ընկերությունը մեկ ամիս հետո պատասխանեց, եւ զգացվեց, որ առայժմ դրա համար չի կարող միջոցներ ներդնել: Պատրաստ է կատարել այդ պայմանը, բայց դրա համար միջոցներ ու ժամանակ են պետք: Մենք բազմիցս դիմել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ «ԱրմենՏելին»՝ գոնե հեռախոսային ցանցի օգտագործման կանոններ մշակել, բայց երկու կողմերն էլ դեռ լուրջ քայլեր չեն արել: Գործող կանոնները 1998 թվականի վաղեմություն ունեն եւ չեն ապահովում այժմյան տեխնոլոգիական եւ իրավական պահանջները: Հանձնաժողովն իր ծրագրերում ունի այդ կանոնների մշակման խնդիրը, բայց դեռ չի իրագործել»:

Այդ կանոնները բաժանորդներին հնարավորություն են տալիս ավելի հստակ կամ չափավորված օգտվել հեռախոսակապից: Օրինակ, նրանք կարող են «ԱրմենՏելի» հետ պայմանավորվել, որ իրենց համարի միջքաղաքային կոդն անջատեն, եթե խոսակցությունը 10.000 կամ, ասենք, 20.000 դրամից անցնում է: Փոխհարաբերությունների այսպիսի բազմաթիվ այլ կանոններ կան, որոնք կարող են նվազագույնին հասցնել նման կեղծ զանգերի դեպքերը: Սակայն թե՛ կարգավորող պետական մարմինը եւ թե՛ ծառայություն մատուցող ընկերությունն այս մասով դեռ դանդաղում են: Եթե մասնավոր ընկերության դանդաղկոտությունն ինչ-որ տեղ կարելի է բացատրել՝ չեն ուզում գումարներ ծախսել եւ ներդրումներ կատարել, ապա պետական կարգավորող մարմնի, տվյալ դեպքում՝ հանձնաժողովի անտարբերությունն ու դանդաղկոտությունը հասկանալի չէ: Հանձնաժողովն իր դանդաղկոտությամբ, կարծես թե, պաշտպանում է ոչ թե բաժանորդների, այլ մատակարարի շահերը:

Սպառողների պաշտպաններն «ԱրմենՏելին» առաջարկում են նաեւ տեղադրել նոր հաշվարկային համակարգ, որպեսզի կարողանան համակարգել իրենց ամենօրյա զանգերը, այսինքն՝ յուրաքանչյուր օր կարողանան տեղեկանալ, թե իրենց համարին որքան խոսակցություն է գրանցվել: Ընկերությունը ունի նման համակարգ, բայց դա շատ հին է եւ ցածր հնարավորություններով, կարող է տալ միայն ամսվա վերջի տվյալները: Եթե հիշում եք, անցած տարիներին բազմաթիվ անգամներ է քննարկվել, թե OTE-ն «ԱրմենՏելում» բոլորովին էլ ժամանակակից տեխնոլոգիաներ չի ներդրել: Ճիշտ է, նա իր ներդրումները գումարային մասով բավականին ուռճացրած է ներկայացրել, բայց իրականում տեղադրել է թույլ հնարավորություններով սարքավորումներ: Եվ կապի ոլորտի մասնագետների կարծիքով՝ նաեւ տեխնիկական հին համակարգն է պատճառը, որ համակարգը պաշտպանված չէ: Նոր հաշվարկային համակարգ տեղադրելու համար, մասնագետների կարծիքով՝ անհրաժեշտ է մոտ 2,5 մլն դոլար: Պատրա՞ստ է արդյոք «ՎիմպելԿոմը» նման ներդրումներ կատարել: Համենայնդեպս շահագրգռվածությունը դեռ նկատելի չէ:

Թե՛ «ԱրմենՏելում», թե՛ հանձնաժողովում համաձայն են, որ այդ կեղծ զանգերը չկայացած միջքաղաքային զանգեր են, սակայն չեն ուզում եւ քայլեր չեն ձեռնարկում, որ բաժանորդը դրանց համար պատասխանատու չլինի: Որոշ բաժանորդներ այս անգամ էլ դիմել են Դատախազություն, Ոստիկանություն: «Բայց մենք նպատակ չունենք որեւէ մեկին պատժել,- ասում է Արմեն Պողոսյանը: -Պետք է այս խնդրին պետական մակարդակով լուծում տալ: Պետք է, որ նման դեպքերը քիչ լինեն: Լուծումը պետք է մի կողմից տեխնոլոգիական լինի, մյուս կողմից էլ՝ պայմանագրային»: