Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը երեկ՝ խորհրդարանական ընտրություններին նախորդող օրը, հանդիպել էր լրագրողների հետ՝ սոսկ մշակութային հարցերի շուրջ խոսելու համար։ «Մեր հասարակության մեջ ամեն ինչ քաղաքականացված է, կարծես մեր կյանքն առանց քաղաքականության ամբողջական համարել չենք կարող։ Ամեն դեպքում հայ կինոյի ապագան կապված է մեր պետության ապագայի հետ, քանի որ կինոն ամենաթանկ արվեստն է ու կարող է լինել միայն տնտեսապես կայուն երկրում։ Ֆիլմերը ինֆորմացիա են պարունակում երկրի մասին։ Այնպես որ, որքան էլ պտտվենք, անպայման քաղաքական դաշտի մեջ կհայտնվենք»,- ասաց նա։
Ըստ նրա՝ ընտրությունը եւ՛ արվեստում, եւ՛ քաղաքականության մեջ պետք է արվի բարոյական ու հոգեւոր չափանիշները հաշվի առնելով։
Կինոարտադրությամբ զբաղվող ռեժիսորն ու պրոդյուսերը գոհ չի մեզ շրջապատող մշակութային մթնոլորտից. «Գռեհկությունն ու անեկդոտային էսթետիկան փոխարինել են քաղաքային արվեստը։ Անտակտությունը, ատելությունն ու բամբասանքն այսօր շփոթում ենք համարձակ խոսքի ու կեցվածքի հետ։ «Ես կարող եմ դա ասել» խոսքերն այսօր մոդայիկ են դարձել, մենք մոռացել ենք մեր կիրթ լեզուն։ Մեր հաղորդավարների կիրթ հայեցի խոսքից մենք բոլորովին այլ ծայրահեղության մեջ ընկանք՝ ընկանք գռեհկության մեջ ու չկարողացանք ոսկե միջինը գտնել։ Այսօր մշակույթի պատվիրողը դարձել է ամբոխը, եւ մենք տարերային ընթացքի մեջ ենք հայտնվել։ Դա ինձ համար բնականոն չէ»,- ասում է նա։ Հեռուստատեսությունը համարելով «կրթօջախի պես մի բան»՝ Վ. Չալդրանյանը չի կարող ընդունել այն փաստը, որ Հանրային պետական հեռուստաալիքով հնչում են փողոցային բառերը, իսկ «ախպերով» իրար դիմելն ու կիսագրագետ խոսելը դասընթաց են դառնում երիտասարդների համար, որոնց համար էկրանն ընտանիքից ու դպրոցից ավելի մեծ նշանակություն ունի։
Մեկ տարի մշակույթի փոխնախարարի պաշտոնում աշխատած Վ. Չալդրանյանը կինոթատրոնների սեփականաշնորհումը որպես չմտածված քայլ է որակավորում։ Ըստ նրա՝ Հայաստանը ժամանակակից սարքավորումներով հագեցած միայն երեք կինոթատրոններ ունենալով՝ չի կարող կինոարտադրանքն իրացնելու համար շուկա ստեղծել։ Նա հայ կինոյի հաջողությունները կապում է փառատոների կամ ռետրոսպեկտիվ ցուցադրումների հետ եւ ցանկանում է Հայաստանում դիտրիբյուցիայի զարգացած ինստիտուտներ տեսնել։ Խորհրդային համակարգի «գոսպրոկատն» անհատ ստեղծագործողին ազատում էր ֆիլմի ցուցադրման ճակատագրի մասին մտածելուց, սակայն հիմա այդ տեղը դատարկ է։ Վ. Չալդրանյանը հիշեցրեց, որ ինքը առաջին ու միակ հայ ռեժիսորն է, ում երկու ֆիլմերի՝ «Լռության սիմֆոնիայի» եւ «Քրմուհու» դիստրիբյուցիայով զբաղվել են եվրոպական ու ամերիկյան կազմակերպությունները։ Նա նաեւ միակ հայ կինոռեժիսորն է, ով իր ֆիլմը ուղարկել էր «Օսկարի» մրցանակաբաշխությանը։ Եվ ըստ նրա՝ նաեւ միակ հայ կինոռեժիսորն է եղել, որ մութ ու ցուրտ տարիներին հայրենիքը չի լքել ու շարունակել է ֆիլմեր նկարահանել։
Ազգային կինոկենտրոնի աշխատանքների մեջ ընդգրկված ռեժիսորը «Հայֆիլմի» մասնավորեցումն անխուսափելի է համարում, սակայն գոհ է, որ կինոստուդիան կարողացել է պահպանել իր պրոֆիլն ու չի դարձել հյուրանոց կամ օդանավակայանի պահեստ։ «Այսուհետ այնտեղ պիտի ստեղծվեն նաեւ ֆիլմեր, որոնք կունենան կոմերցիոն արժեք, բայց ազգային արժեք չեն ունենա։ Ուզում ենք հուսալ, որ կոմերցիոնի կողքին կստեղծվեն նաեւ բարձրարվեստ ֆիլմեր։ Գուցե դրանք շեդեւրներ չլինեն, բայց ամեն դեպքում դրանք կինո կլինեն»,- ասաց նա։
Վ. Չալդրանյանը փաստաբան է վարձել ու դատական պրոցես է սկսել «Իրավունք» թերթի դեմ, որի էջերում իրեն վիրավորող հոդված է տպագրվել։ Նա առողջ քննադատությանը դեմ չէ, սակայն համոզված է, որ այդ հոդվածը ոչ թե քննադատություն էր, այլ՝ իր դեմ ուղղված անձնական հաշվեհարդար, որը կարելի է միայն ընդունել «ջունգլիներում», իսկ մեր քաղաքակիրթ հասարակության մեջ կարելի է միայն դատապարտել։ «Մեզանում շատ ընդունված մի բան է դարձել, երբ լրատվությունն օգտագործում է իր թերթն ու ամբիոնը՝ մտավորականին անձնական վիրավորանք հասցնելու համար»,- ասաց նա։
Վ. Չալդրանյանը մեջբերեց Չեխովի բառերը. «Սարսափելի չեն այն կմախքները, որոնք մեզ շրջապատում են, այլ սարսափելին այն է, որ մենք դրանց ընտելացել ենք»։ Արվեստագետի համար ամենակործանարարը համարելով անտարբերությունը՝ Վ. Չալդրանյանը զգացել է, որ հայերը իրար սիրել ու գնահատել չգիտեն, եւ դա վերաբերում է ոչ միայն իր կոլեգաներին, այլ՝ բոլորին. «Մենք մեկս մյուսի հաջողություններով չենք ուրախանում, չենք գիտակցում, որ մեկի հաղթանակը նաեւ մեր բոլորիս, ազգի հաղթանակն է։ Մենք մեկս մյուսի ձախողմանն ենք անհամբեր սպասում։ Գիշերը չենք քնում, մտածում ենք, ուզում ենք, որ այն մարդը, ով իր ֆիլմը փառատոնի է տարել, հանկարծ մրցանակ չստանա։ Մենք պատրաստ ենք ազգովի ճչալ, որ աշխարհը մեզ չի սիրում, մեր նկատմամբ անտարբեր է, չի ընդունում Ցեղասպանությունը։ Մենք տարանջատում ենք աշխարհը եւ մեզ եւ, իրականում, ինքներս մեզ չենք սիրում։ Իսկ եթե մենք մեզ չենք սիրում, աշխարհն ինչո՞ւ պիտի սիրի մեզ»։
Վ. Չալդրանյանն այժմ չորս ֆիլմի սցենար ունի եւ երկու բեմադրություն անելու առաջարկ։ Առայժմ նա չի կարող որոշել, թե ո՞ր գործն է լինելու առաջնահերթ, քանի որ դա ուժերի հավաքագրումից ու ֆինանսական ներդրումներից է կախված։