Վերաբացեց գրադարանն ու ձմեռային այգին

13/05/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանը հանդիսավոր պայմաններում նշեց միանգամից մի քանի իրադարձություն՝ թանգարանին կից գործող գրադարանի ու ձմեռային այգու վերաբացումը եւ Հովհ. Թումանյանի դստեր՝ Թամար Թումանյանի 100-ամյակը։ Մայիսի 10-ին Թումանյանի թանգարանում հավաքվել էին մարդիկ, ովքեր պատմում ու ներկայացնում էին իրենց հուշերն ու աշխատանքը՝ արված մեծ գրողի ստեղծագործությունների ազդեցության տակ։

Թանգարանն իր սեփական լոկալ ջեռուցումն ու կաթսայատունն ունի, որի շնորհիվ այսուհետ կարող է ձմեռային այգին ցուցադրության մասնիկը դարձնել։ «Թանգարանի վերանորոգման ժամանակ այգին ավերվել էր, փորվել էր։ Թանգարանի շենքի պատերից անընդհատ ջուր էր հոսում։ Մենք կարողացանք այդ ամենը վերականգնել, ու հիմա ձմեռային այգին դարձավ ցուցադրության շատ գեղեցիկ մի վայր»,- պատմեց թանգարանի տնօրեն Վերժինե Մովսիսյանը։ Այգում տեղադրվել են Թումանյանի ստեղծագործությունների հերոսների փայտե արձանիկները, իսկ այգու կենտրոնում Լոռիից բերված կոճղի վրա «նստած» է Հովհաննես Թումանյանի արձանը։

Մեծ դժվարություններով է ուղեկցվել գրողի անձնական, շատ հարուստ գրադարանի վերականգնումը։ Գրադարանի 8000 գիրք-ցուցանմուշները տարիների ընթացքում քայքայվել են։ «Գրքերը չեն մշակվել, նրանց մեջ թրթուր է հայտնվել, որը կարող էր ոչնչացնել այդ հազվագյուտ գրքերը։ Գրքերի մշակման ու վերականգնման տեխնոլոգիաները կիրառվում են միայն Մատենադարանում, որի հետ համագործակցելով, մենք կարողացանք հինգ տարվա ընթացքում Թումանյանի ողջ գրադարանը վերականգնել։ Այդ գործը 2002 թվականին էինք սկսել։ Հիմա վստահ ենք, որ գրքերն առնվազն 50 տարի մշակման կարիք չեն ունենա»,- ասում է Վ. Մովսիսյանը։ Գրադարանի հավաքածուն ազատ ընթերցման համար նախատեսված չէ, բոլոր գրքերը Հովհ. Թումանյանի սեփականությունն են եղել եւ այժմ որպես ցուցանմուշներ են ցուցադրվում։ Դրանց մեջ կան նաեւ շատ հազվագյուտ հատորներ, որոնք գիտական նշանակություն ունեն։ Կազմվել է նաեւ գրքերի լիակատար կատալոգը։ «Գրադարանի նմուշները ավելանալ չեն կարող, դրանք տարիների ընթացքում միայն պակասել են, քանի որ մարդիկ հաճախ Թումանյանին ետ չէին վերադարձնում իր գրքերը։ Թումանյանն, ընդհանրապես, չէր սիրում իր գրքերը ուրիշներին տալ։ Նույնիսկ իր կաբինետի պատին գրել էր. «Չծխել ու գիրք չխնդրել»,- ասաց Վ. Մովսիսյանը։ Այժմ գրքերը ցուցադրվում են վերանորոգված սրահում՝ հատուկ պահարաններում։

Թումանյանի ժառանգությունը թանգարանում խնամքով ու մեծ սիրով է պահվում։ Իսկ թանգարանի տնօրենը ցանկանում է 54-ամյա պատմություն ունեցող այս գեղեցիկ ու հյուրընկալ շենքում թատերական ու երաժշտական տարբեր միջոցառումներ իրականացնել, որպեսզի Թումանյանի տունը շարունակի ապրել։