ԼՂՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, 2007թ. առաջին եռամսյակում հանրապետությունում բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացվել են 52 առքուվաճառքի գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումներ, որոնց քանակը 2006թ. չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 28,8 տոկոսով, իսկ 2006թ. առաջին եռամսյակի համեմատ՝ չի փոխվել: Բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների բարձր տոկոսաչափը գրանցվել է Ստեփանակերտում՝ 73,1 տոկոս (2006թ. չորրորդ եռամսյակում` 80,8 տոկոս):
2007թ. առաջին եռամսյակում հանրապետությունում առանձնատների նկատմամբ իրականացվել են 68 առքուվաճառքների գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումներ, որոնց քանակը 2006թ. չորրորդ եռամսյակի համեմատ աճել է 13,3 տոկոսով, իսկ 2006թ. առաջին եռամսյակի համեմատ՝ 65,9 տոկոսով:
Առանձնատների առուվաճառքների գործարքների քանակի բարձր տոկոսաչափը գրանցվել է Ստեփանակերտում՝ 32,3տոկոս (2006թ. չորրորդ եռամսյակում` 45,0 տոկոս):
Չնայած, որ աճում է բնակարանների առուվաճառքների գործարքների քանակը, Ղարաբաղում դրան զուգահեռ աստիճանաբար աճում են նաեւ բնակարանների գները: Եթե 2006թ. չորրորդ եռամսյակում Ստեփանակերտում բազմաբնակարան բնակելի տների բնակարանների 1ք/մ միջին արժեքը կազմում էր 370.0 դոլար, Ասկերանում` 97.0, Մարտունի քաղաքում` 101.0, Մարտակերտում` 51.0, Հադրութում` 62.5, Շուշիում` 67.5 դոլար, ապա այս տարվա առաջին եռամսյակում Ստեփանակերտում բնակարանների 1ք/մ-ի միջին գինը 416.0 դոլար էր, Ասկերանում` 107.5, Մարտունիում` 111.0, Մարտակերտում` 55.5, Հադրութում` 67.5, Շուշիում` 75.5 դոլար:
Աճել են նաեւ առանձնատների գները. եթե 2006թ. չորրորդ եռամսյակում միջինը 200ք/մ շինությամբ եւ միջինը 1000ք/մ տնամերձով բնակելի տան միջին արժեքը Ստեփանակերտում կազմում էր 46100.0 դոլար, Ասկերանում` 8300.0, Մարտունիում` 7500.0, Մարտակերտում` 5050.0, Հադրութում` 5450.0, Շուշիում` 5450.0, ապա այս տարվա առաջին եռամսյակում Ստեփանակերտում նման առանձնատուն հնարավոր էր ձեռք բերել 50350.0 դոլարով, Ասկերանում` 8950.0, Մարտունիում` 8050.0 Մարտակերտում` 5400.0, Հադրութում` 5800.0, Շուշիում` 5900.0 դոլարով: Բնակարանների գների նման աճն է հիմնական պատճառը, որ երիտասարդ ընտանիքները չեն կարողանում բնակարան ձեռք բերել: Այս խնդիրը շատ լուրջ է նաեւ շրջաններում: Ներկայումս դեռ բնակարանների հերթացուցակում զոհված ազատամարտիկների բազմաթիվ ընտանիքներ կան, չնայած, որ տարեցտարի նորակառույց բնակելի շենքերից որոշակի քանակությամբ բնակարաններ են տրամադրվում նշված ընտանիքներին: Իսկ հիպոթեքային վարկերի տրամադրումը դեռ այս տարի է սկսվում, այն էլ՝ այնպիսի պայմաններով, որ բազմաթիվ ընտանիքներ հնարավորություն չեն ունենա դրանցից օգտվել: Հիշեցնենք, որ այս խնդիրների լուծման համար 2007թ. պետբյուջեից 700 մլն դրամի վարկ կտրամադրվի: