«Երբ դուք կամուֆլյաժով երեւում եք, շեշտեք, թե ով է այն ձեզ տվել: Երբ դուք հաղթանակի մասին եք խոսում` միշտ շեշտեք, թե գերագույն հրամանատարն ով է եղել, եւ միշտ շեշտեք ձեր կողքի բոլոր այն մարդկանց, ում հետ իրականացրել եք այդ հաղթանակը, անկախ նրանից, թե այդ մարդիկ այսօր ինչ քաղաքական գաղափարախոսություն են իրականացնում,- երեկվա ասուլիսում` դիմելով Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, հորդորեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով,- Չի կարելի մարդուն գաղափարական հակառակորդ լինելու պատճառով պատմությունից ջնջել: Միշտ պետք է հիշենք եւ հարգենք այն գերագույն հրամանատարին, որն իրականացրել է այդ ամենը: Այդ թվում եւ՝ Ալիկ Արզումանյանին, ում շնորհիվ նաեւ 1993-ին փաստաթուղթ ձեւակերպվեց, համաձայն որի` Ղարաբաղում գործողություններն իրականացվել են տեղական ուժերի միջոցով (այսինքն` ՀՀ-ն չի նշվում որպես ագրեսոր): Եվ այսօր հենց այդ փաստաթուղթն է շատ մեծ հնարավորություն տալիս այսօրվա իշխանություններին՝ ցույց տալու համար, որ ոչ թե Հայաստանն է օկուպանտ եւ ագրեսոր, այլ` դա ԼՂՀ-ի կողմից իրականացված ազատագրական պայքար էր: Ընդամենը տհաս ու տգետ քաղաքական գործիչ պետք է լինես, որ չկարողանաս օգտագործել այդ հզոր զենքը, որը Ա. Արզումանյանի միջոցով նաեւ ստեղծվեց ու տրվեց քեզ»: