Պարզվում է, ողջ քաղաքը ողողած դրոշներն ու պաստառները, որոնց վրա պատկերված են տարբեր կուսակցությունների, եւ հատկապես՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության զինանշանը, քարոզչության միջոց չեն։
Այս մասին երեկվա ասուլիսում առարկություն չհանդուրժող տոնով հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը։ Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ կան երկրներ, որտեղ ցանկացած բնույթի պաստառ քարոզչության միջոց չի համարվում, եթե նրա վրա պարզ ու շիտակ գրված չէ՝ ընտրեք այսինչ կուսակցությանը։
Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունեն հնարավոր բոլոր տեղերից կախված ՀՀԿ սպիտակ դրոշները՝ զինանշանով։ Միգուցե դա արվում է մեր քաղաքացիներին գեղագիտական հաճույք պատճառելու անկեղծ մղումո՞վ։ Դե, ասենք, բացում ես լուսամուտը եւ քո առաջ բացվում է հիանալի տեսարան՝ լիքը սպիտակ դրոշներ։ Կապ չունի, որ դրանք կախված են շարքով եւ հեռվից նայելիս չորացող լվացք են հիշեցնում։ Եվ եթե ընդունենք, որ պատճառը դա է, այդ դեպքում ինչո՞ւ են ժողովրդին այդ հաճույքից զրկել այսքան ժամանակ, ինչո՞ւ շուտ չեն կախել արվեստի այդ գործերը։ Հստակ պատասխան այդպես էլ չհնչեց։
Դավիթ Հարությունյանի ասուլիսում, ընդհանրապես, շատ հարցեր անպատասխան մնացին։ Լրագրողներին հետաքրքրում էր՝ երբ լրատվական թողարկման մեջ խոսվում է վարչապետի աշխատանքային այցի մասին հանրապետության որեւէ շրջան, եւ այդ ընթացքում ակտիվ քարոզչություն է իրականացվում ՀՀԿ-ի օգտին, դա չի՞ նշանակում, որ պաշտոնական դիրքն օգտագործում է քարոզչական նպատակներով։ Այսինքն, դա օրենքի խախտում չէ՞։ Ոչ, իհարկե ոչ։ Ընդհանրապես, ըստ պրն Հարությունյանի, «պաշտոնական դիրքն այցելությամբ չեն օգտագործում»։ Որպեսզի իր տեսակետն ավելի հասկանալի դարձնի՝ Դ. Հարությունյանը օրինակը բերեց հենց իր վրա՝ այսպիսի հարցադրում առաջ քաշելով՝ ասուլիսի ընթացքում ինքը հանդես է գալիս որպես նախարա՞ր, թե՞ որպես ՀՀԿ անդամ։
Ասենք, եթե պրն Հարությունյանը խոսում է միայն ընտրական գործընթացներից, դա նորմալ կդիտվի. կստացվի՝ հանդես է գալիս որպես կուսակցական եւ կարող է «արխային» քարոզչություն անել։ Սակայն, եթե նույն ասուլիսի ժամանակ նրան իրավական ոլորտին վերաբերող հարց ուղղվի եւ նա պատասխանի ի պաշտոնե՝ որպես արդարադատության նախարար, կստացվի, որ ինքն ինչ-որ տեղ համատեղում է քարոզչությունն ու պաշտոնական գործունեությունը։ Մի խոսքով, այստեղ բացարձակ ճշմարտության հասնելը դժվար է։ Միգուցե պրն Հարությունյանի ասածների հետ կարելի է համաձայնել, սակայն առաջ է գալիս մեկ այլ հարց՝ իսկ ո՞ր դեպքերի համար է գրվել Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որն արգելում է պետական պաշտոնյաներին քարոզչությամբ զբաղվել։ Դա այդպես էլ չպարզվեց։
Փոխարենը՝ պարզվեց, որ մեր օրենսդրությունը թերի է նաեւ ընտրակաշառքների արգելման հարցում։ Այսինքն, մեր օրենսդրությամբ սահմանված է, որ ընտրակաշառք բաժանել չի կարելի, բայց կան դեպքեր, երբ նույն օրենքով չես կարող հստակ որոշել՝ տվյալ քայլն ընտրակաշա՞ռք է, թե՞ ոչ։ Դ. Հարությունյանը, որպես օրինակ, բերեց նախընտրական խոստումները։ Ասենք, ինչպե՞ս է ճիշտ ասել՝ «Դուք կստանաք անվճար բուժօգնությո՞ւն, որը նախատեսված է իմ ծրագրով», թե՞ «Ես կփակեմ ձեր բուժման ծախսերը»։ Ո՞րն է ընտրակաշառքի երանգներ պարունակում։ Հստակություն չկա՝ կարծում է պրն Հարությունյանը եւ առաջարկում բանավեճեր անցկացնել այդ հարցի շուրջ։
Դ. Հարությունյանը հավաստեց, որ ինքը դեմ է ընտրակաշառքներ բաժանելուն։ Դեմ է նաեւ, երբ մարդկանց ստիպողաբար տանում են հանրահավաքների եւ ստիպում անդամագրվել որեւէ կուսակցության։ Սակայն նա ժխտում է, որ իրենց պարագայում նման դեպքեր են գրանցվել, եւ նշում, որ իրենք կտրականապես դեմ են որեւէ մեկին պարտադրաբար հանդիպման տանելուն։ Ընթերցողին «ձեռքի» հետ հիշեցնենք, որ այստեղ որոշիչը պետք է լիներ ոչ թե կոնկրետ ուժի «դեմ» կամ «կողմ» լինելը, այլ Սահմանադրությունը, որը ոչ մեկին իրավունք չի տալիս մարդուն որեւէ բան պարտադրել։
Ինչեւէ, Արդարադատության նախարարը չի ժխտում, որ խախտումներ կան, սակայն մանր բնույթի։ Ընդ որում, խախտումներ կատարում են բոլորը։ Սակայն պրն Հարությունյանը հանգիստ է վերաբերվում դրան՝ նշելով, որ ոչ մի ընտրություն առանց խախտումների չի կարող լինել։ Մյուս կողմից, այդ խախտումները ընդդիմությանն այժմվանից հիմք են տալիս մայիսի 13-ին բողոքելու համար։ Եվ ոչ միայն ընդդիմությունը, այլ նաեւ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունն է լուրջ տրամադրված՝ հայտարարելով, որ ընտրակեղծիքների դեպքում իրենք կլինեն առաջամարտիկների շարքերում։
Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն էլ նման հայտարարություն տարածի՝ թե խախտումների ժամանակ հանրահավաքներ կկազմակերպենք, դուրս կգանք փողոց։ «Մենք փողոց դուրս չենք գա»,- ասաց Դ. Հարությունյանը։ Փողոց դուրս չգալու պատճառն էլ այն է, որ իրենք պարզապես թույլ չեն տա, որ խախտումներ լինեն։
Իսկ Դաշնակցության եւ մյուսների տեսակետներին պրն Հարությունյանը նորմալ է վերաբերվում, քանի որ նախընտրական շրջան է, եւ ամեն ոք ունի աշխատելու իր ձեւը։ Եվ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ ՀՅԴ-ն երկար ժամանակ եղել է ՀՀԿ-ի գործընկերը։ Սակայն նրանք դեռ մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը թե՛ իրենց բուկլետներում, թե՛ ելույթներում ասում էին եւ ասում են, որ շատ բան կկարողանային անել, եթե խորհրդարանում մեծամասնություն ունենային։ Ստացվում է` նրանք ցանկացել են անել, սակայն չեն կարողացել, ձեռքերը կարծես կապված են եղել։ Այս պարագայում, եթե ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նորից հայտնվեն ԱԺ-ում, նրանք կոալիցիա կկազմե՞ն։ ՀՀԿ-ն կների՞ Դաշնակցությանը՝ սուրբ ձեւանալու եւ իրեն քննադատելու համար, կամ Դաշնակցությունը կհամաձայնի՞ եւս 5 տարի «ձեռքերը կապված» մնալ։ Որքան էլ զարմանալի լինի, հանրապետական Դ. Հարությունյանը բավական ներողամիտ է նաեւ այս հարցում։ «Եթե Դաշնակցությունը, ենթադրենք, դրական բաները վերագրում է իրեն, բացասականը՝ մյուսներին, դա նախընտրական քարոզչություն է: Ցանկացած հասուն մարդու համար պարզ է, չէ՞, ի՞նչ է տեղի ունենում։ Եվ դրա համար մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերվում: Մի բանում վստահ ենք. եւ՛ դրականի, եւ՛ բացասականի պատասխանատուն մենք ենք: Այսինքն` բացասական արդյունքի պատասխանատվությունը եւս ստանձնում ենք։ Ստանձնում ենք, որովհետեւ մենք գնալու եւ դրանք շտկելու պատրաստակամություն ունենք»,- ասաց պրն Հարությունյանը։