Խզմալյանը հորինեց նոր ամիս՝ «Սերտեմբեր»

10/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Ձմեռվա վերջին օրը տեղի ունեցավ Երեւան ստուդիայի նախկին տնօրեն Տիգրան Խզմալյանի ֆիլմի պրեմիերան: «Ես հորինել եմ նոր ամիս, սիրո ամիս եւ նվիրում եմ այն ձեզ, թանկագին հանդիսատես»,- գրեթե բարոն մյունհաուզենյան տրամադրությամբ ֆիլմի անվանումը՝ «Սերտեմբեր» կամ «Lovember», մեկնաբանեց հեղինակը: Այսպես է կոչվում 96 րոպե տեւողությամբ սեւ-սպիտակ համր ֆիլմը, ձեւավորված Սերգեյ Պրոկոֆեւի, Արտո Թունչբոյաջյանի, Բախի երաժշտությամբ, ինչից ֆիլմն, անշուշտ, շահել է: Ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 26-27.000 ԱՄՆ դոլար: Սեւ-սպիտակ կինոժապավենն ընտրվել է ֆինանսական սղության պատճառով, բայցեւ մտահղացման արգասիք է, քանի որ ողջ ֆիլմի գերակշռող սիմվոլիկան հենց սեւի ու սպիտակի՝ չարի ու բարու, դիալեկտիկան է: Չար ուժը մարմնավորած Հովհաննես Բաբախանյանն` ընդդեմ ճերմակամորուս լուսանկարիչ Կարեն Ջանիբեկյանի անտագոնիզմը զարգանում է Նոր Աստծո ծննդյան մտքի շուրջ: Պայքարն ամենուրեք է՝ սեւ ու սպիտակ վարդերի, սեւ-սպիտակ զոլերով ժամացույցի գույների միջեւ, որը Մեֆիստոֆելի նվերն է իր բոլոր զոհերին: Նախկինում` բալետի պարուհի, այժմ` հաշմանդամ ու դժբախտ բուժքույր Մարիամին հետապնդում են աստվածամայր դառնալու նախանշանները: Սերտեմբերին նա կենակցում է բոլոր այն տղամարդկանց հետ, ում լուսանկարել է ալեհեր մարգարեն: Ֆիլմի ռեժիսորը չի ժխտում այն միտքը, որ այսկերպ գուցե խեղաթյուրվում է կնոջ, այն էլ` Աստվածամոր կերպարը, սակայն դրան պետք է նայել ավելի ճկուն ու ոչ միանշանակ, քանի որ հիմնական միտքը ոչ թե բուն Աստծուն՝ «մարմնով ու ամպերի վրա նստած» պատկերելն է, այլ այն Աստծուն, որը «բաժանված է յուրաքանչյուրիս մեջ»: Յուրաքանչյուր հղի կին Աստվածամայր է, յուրաքանչյուրը ծնում է Աստված, քանզի ծնունդն ըստ էության արարում է: Ի վերջո, Մարիամն իր կյանքը կապում է մինչ այդ նույնքան դժբախտ երաժշտի հետ (Սերգեյ Դանիելյան), որին մարգարեն եւս լուսանկարել էր, եւ որն այս ընթացքում մշտապես իր կողքին էր, որպես մի պահապան հրեշտակ: Ֆիլմի վերջում հանդիսատեսը չի տեսնում Աստծո ծնունդը: Մեկ այլ խորհրդանիշ է ի հայտ գալիս՝ հղի կնոջ եւ Մեծ ու Փոքր Մասիսների նույնացումը: Արդյո՞ք ֆիլմի հիմնական գաղափարը՝ Նոր Աստծո ծննդյան համամարդկային անհրաժեշտությունը, չի ազգայնացվում վերջին կադրում. այս հարցին Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Ես հավատում եմ, որ աշխարհի կենտրոնն Արարատն է: Այստեղից է ծագում ու այստեղ է մայր մտնում արեւը: Երբ ասում ենք` մայրամուտ, շատ ժամանակ չենք ընկալում բառի իմաստը: Մասիսն այս աշխարհի մշտապես հղի մայրն է»: