ՀՀՇ-ում համոզված են, որ «Ազգային անհամաձայնություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով: Իսկ ավելի կոնկրետ` շաբաթ օրը կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ դրանից հետո հնարավոր իրադարձությունների պատճառով:
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը վստահ է, որ իշխանություններն այնքան վախեցած են մայիսի 12-ից հետո տեղի ունեցող հնարավոր իրադարձություններից, որ փորձում են այս ձեւերով «չեզոքացնել այն մարդկանց, ովքեր կարող են այդ դերակատարությունն ունենալ»: Իսկ Ա. Արզումանյանին հասցեագրվող` փող լվանալու մասին մեղադրանքին ՀՀՇ-ում այսպես են հակադարձում. «Եթե ուզում են նման դեպքեր գտնել` դժվար չէ: Հեշտ է, պետք է ձերբակալել բոլոր այն քաղաքացիական ծառայողներին, որոնք, ունենալով 200-250.000 դրամ աշխատավարձ, ունեն 2-3 մլն դոլարանոց շենքեր: Սրանով նրանք լվանում են այն կաշառքները, որոնք ստանում են իրենց գործունեության ընթացքում: Ալիկ Արզումանյանը ոչ բիզնես ունի, ոչ էլ քաղաքացիական ծառայող է»,- երեկվա ասուլիսում նկատեց Հ. Իգիթյանը: Իսկ ՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանի հավաստմամբ, իշխանություններն այսօր այնքան են ահաբեկված, որ պարտավոր են նման քայլեր կատարել, ինչը եւ անում են: «Առաջիկայում ընտրություններ են, եւ այս ձերբակալությունն եւ Շահեն Պետրոսյանի ծեծը հաղորդագրություն էր քաղաքական ուժերին, ազգաբնակչությանը` խելոք, զգոն մնալու եւ պատիժների ու հաշվեհարդարի սպասելու համար, որպեսզի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու ըմբոստները խելոքանան ու սթափ լինեն: Ուզում են ցույց տալ, որ յուրաքանչյուրի հետ կարելի է անել այն, ինչ արվել է Շ. Պետրոսյանի եւ Ա. Արզումանյանի նկատմամբ»,- վստահ է Արամ Մանուկյանը:
Հետաքրքրվեցինք, թե Ալեքսանդր Արզումանյանն իր ծավալած քաղաքական ո՞ր գործունեությամբ է վտանգ ներկայացրել իշխանություններին, երբ, ի տարբերություն ընդդիմադիր մյուս ուժերի՝ ո՛չ նա, ո՛չ էլ իր` «Ազգային անհնազանդություն» շարժումն այսօր ակտիվ չեն, հանրահավաքներ չեն կազմակերպել եւ ոչ էլ մասնակցում են ընտրություններին: Նաեւ հետաքրքրվեցինք, թե այն պնդումներից, որ նրա ձերբակալությունը պայմանավորված է առաջիկա ընտրություններից հետո տեղի ունեցող հնարավոր զարգացումներով, արդյոք կարելի՞ է ենթադրել, որ Ալեքսան Արզումանյանը ստվերային մասնակցություն է ունեցել այս ընտրական գործընթացներին, ինչից վտանգ զգալով՝ իշխանությունները նրան ձերբակալել են: Հ. Իգիթյանն ի պատասխան նկատեց. «Երեւի ամենաբաց գործունեությունը, որը ծավալում էր Հայաստանում եւ շարունակում է ծավալել այսօր էլ` իր ձերբակալված լինելու փաստով, Ալեքսանդր Արզումանյանն է: Ինքը չէր թաքցնում իր գործունեությունը: Այն շարժումը, որն ինքը սկսեց եւ շարունակում է մինչեւ հիմա` բաց է, որեւէ գաղտնիք չկա: Բոլոր այն խոսքերը, որն ինքն արտահայտում էր իր հանրահավաքների ժամանակ, դրանից ավելին ինքն այլ շրջապատում չի ասել: Եվ պատահական չէ, որ նրա ձերբակալությունն այս օրերին է եղել, որովհետեւ նրան այս ձեւով կպահեն մինչեւ ընտրությունները: Ես չեմ կարծում, թե հիմա իրական վտանգն այնպիսին է, ինչպիսին իշխանությունն է պատկերացնում: Բայց այն, որ նրա ձերբակալությունը կապված է ընտրության օրվա հետ` հաստատ է: Խոսքն Ա. Արզումանյանի այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակում լինելու կամ էլ` նրա այս կամ այն ընդդիմադիր կուսակցության հարաբերությունների հետ լինելու, մասին չէ: Ինքը՝ որպես անհատ, քաղաքական, պետական գործիչ, որպես այս երկրի համար մեծ գործունեություն իրականացնող մարդ, ուներ իր դիրքորոշումը, եւ պետք է այն իրականացներ այնպես, ինչպես ինքը նպատակահարմար էր գտնում` առանց խորհրդակցելու որեւէ քաղաքական ուժի հետ: Եվ դա եղել է բաց, եւ իր ձերբակալումն, անշուշտ, կապված է իր գործունեության հետ: Իսկ իր գործունեությունը կապված էր ընտրությունների հետ»:
Նույն համոզմանն է նաեւ ՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նա վստահ է, որ Ա. Արզումանյանին ձերբակալել են քաղաքական նկատառումներով: «Պետք է հաշվի առնել նաեւ նրա դիվանագիտական կարգը, փորձն ու գործունեությունը վերջին ամիսների ընթացքում: Դա այլ կերպ չի կարող բնութագրվել: Միայն քաղաքական է, այլ գործունեություն Ա. Արզումանյանը չունի: Նրա իրականացրած գործունեությունը քաղաքական է, ընդդիմադիր է եւ, բնականաբար, պատասխանն էլ նույնն է»,- վստահեցրեց Ա. Մանուկյանը` հավելելով, թե եւ՛ Ա. Արզումանյանի, եւ՛ Շահեն Պետրոսյանի հետ տեղի ունեցածը մեսիջ է ժողովրդին ու ըմբոստ քաղաքական ուժերին` խելոք ու հնազանդ լինելու համար:
«Դա հաղորդագրություն է մնացած բոլոր քաղաքական ուժերին: Շ. Պետրոսյանի փոխարեն կարող էր լինել Արամ Մանուկյանը կամ մեկ ուրիշը: Խնդիրն այստեղ մեսիջն է` ուղղված այն մարդկանց, ովքեր համարձակ են ու միտինգի են գնալու: Կարեւոր չէ, թե ով է թիրախը, «կուժ ասեմ, կուլա դու լսի» սկզբունքն է այստեղ աշխատում»,- համոզված է Արամ Մանուկյանը: Իսկ այն դիտարկմանը, թե ինչո՞ւ Ալեքսանդր Արզումանյանին չէին ձերբակալում, երբ նա ցախավելներով այս իշխանություններին «սրբելու, թափելու» հանրահավաք-ակցիաներ էր անում, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Այն ժամանակ չէին անում, որովհետեւ նյութ էին հավաքում, ԱԱԾ-ն գործ էր սարքում, գործը սարքվել է, համապատասխան օրը` Հաղթանակի օրը, մատուցվեց: Այն դեպքում, երբ Ա. Արզումանյանն այս հաղթանակի համար իր լուրջ բաժինն ունի: Ամբողջ Հայաստանի բնակչությունը Գագիկ Ծառուկյանի համար փող է հավաքում, եւ Գ. Ծառուկյանն այս երկրի ամենաաղքատ մարդն է: 25.000 մարդ հարկ չմուծելու, սեփական թոշակը, աշխատավարձը քիչ լինելու հաշվին, յուրաքանչյուրս մեր չափով օգնում ենք, որ Գ. Ծառուկյանը մի քիչ շատ փող ունենա, որ ներդնի, բարեգործություն անի ընտրությունների ժամանակ, որ իր պլակատները մեծ լինեն, ավտոբուսները շատ լինեն, ընտրակաշառքը շատ լինի: Այսօր ոչ թե քաղաքականը կամ գաղափարախոսությունն է աշխատում, այլ` զոռբայությունը, վախը, փողը: Սա է իրականությունը»:
Չնայած Հ. Իգիթյանը համոզված է, որ մայիսի 12-ին եւ դրանից հետո Հայաստանում որեւէ գործընթաց տեղի չի ունենալու, այնուամենայնիվ, երեկվա ասուլիսում վստահեցնում էր, որ Ա. Արզումանյանի ձերբակալությունը հենց այս օրերին պայմանավորված է նրանով, որ նա ընտրությունների օրն ու դրան հաջորդող օրերին հասարակությունից մեկուսացված լինի, որպեսզի զարգացումներ չլինեն: Մեր հարցին, թե նման դեպքում Ա. Արզումանյանը որեւէ մասնակցություն կարո՞ղ էր ունենալ, Հ. Իգիթյանը պատասխանեց. «Իշխանություններն են այդ վտանգը տեսնում: Իշխանություններն ընդհանրապես զգում են, որ Հայաստանում ինչ-որ մի բան պետք է տեղի ունենա: Նրանք էլ են հասկանում, որ այսպես շարունակվել չի կարող: Տեսնելով այն, ինչ կատարվեց Վրաստանում, Ուկրաինայում, մտածում են, որ կան ինչ-որ ուժեր, որոնք պատրաստվում են նույնն անել Հայաստանում: Պետք է հաշվի առնել, որ ոչ մի բան չի կատարվում միայն դրսի ուժերի շնորհիվ. դրսի ուժերի ազդեցությունը սովորաբար լինում է որպես հետեւանք: Ամեն ինչ ներսից է լինում, իսկ, իմ կարծիքով, այսօր ներսից այդ վտանգը չկա: Ես երեւի ընդդիմության մեջ փոքրամասնություն եմ կազմում, բայց չեմ կարծում, թե մայիսի 13-ին որեւէ իրադարձություն է լինելու, որը փոխելու է այս երկրի ոչ տրամաբանական զարգացումը: Սակայն իշխանությունները, չգիտես ինչու, ավելի շատ են վախենում մայիսի 13-ից: Եվ Ա.Արզումանյանին այս օրերին ձերբակալելը ես հենց այդ հանգամանքի հետ եմ կապում: Ոչ թե նրա համար, որ հասարակությունը կամ քաղաքական ուժերը պատրաստ չեն ինչ-որ բաներ անելու, այլ, իրոք, գտնում եմ, որ այսօր չկա ընդդիմադիր հզոր մի թիմ, որը կարող է լուրջ հայտ ներկայացնել: Բայց ես հույս ունեմ, որ մինչեւ նախագահական ընտրություններ տեղի կունենա, եւ Հայաստանին իր բնական հունին վերադարձնելը հնարավոր կլինի միայն 2008թ.: Բայց, կրկնում եմ, իշխանությունները շատ են վախենում տարբեր գունավոր հեղափոխություններից եւ, չգիտես ինչու, դա կապում էին տարբեր մարդկանց հետ, այդ թվում` Ա. Արզումանյանի հետ: Այդ պատճառով էլ նրան մեկուսացրեցին»: