Հերթով, շարքով, կարգով

11/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

– Արթուր, դու ինձ սիրում ե՞ս:
– Մայիսի 12-ը ցույց կտա:

Միացյալ ազատական-ազգային կուսակցության (ՄԻԱԿ) քարոզչական հայտնի տեսահոլովակի այս հատվածի նման ընթացք ունեցավ երեկ «Հայացք» ակումբում Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի հրավիրած ասուլիսը: Տեսահոլովակի նշված հատվածին նման էին ոչ թե լրագրողների հարցերը, այլ դրանց՝ ՀԺԿ առաջնորդի տված պատասխանները: Շատ ու շատ հարցերի Ս. Դեմիրճյանը պատասխանում էր՝ «մայիսի 12-ը ցույց կտա» ձեւակերպմամբ: Այսկերպ նա պատասխանեց ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ իր հնարավոր առաջադրման վերաբերյալ հարցին: Այսպես պատասխանեց նաեւ ՀԺԿ-ի՝ փողոցային պայքարի դուրս գալու մասին հարցին ու նաեւ շատ այլ հարցերի: ՀԺԿ ղեկավարը տեղեկացրեց, որ իրենք եղել են 100-ից ավելի բնակավայրերում, իսկ քարոզարշավի վերջին ակորդը կլինի այսօր՝ Մատենադարանին հարակից հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքով: Պրն Դեմիրճյանը տեղեկացրեց, որ հանդիպումները տեղ-տեղ նույնքան ջերմ էին անցնում, որքան 2003 թվականին: Բայց ընդհանուր առմամբ խորհուրդ է տալիս դրանք չհամեմատել, քանի որ նախագահի ընտրությունն ուրիշ է: ՀԺԿ-ն բոլորին կոչ է անում գնալ քվեարկության, իսկ եթե ընտրության արդյունքը կեղծվի, ապա ՀԺԿ-ն կլինի պայքարի առաջին շարքերում: Ս. Դեմիրճյանը երեկ նշեց նաեւ, թե քարոզարշավի ընթացքում շատ են եղել ընտրակաշառքները, մարդկանց վրա ճնշումները եւ այլն: Դեմիրճյանի հավաստմամբ՝ ՀԺԿ-ն 5%-ի խնդիր չի տեսնում եւ ավելի մեծ քվե է ստանալու: ՀԺԿ ղեկավարից երեկ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ հիմքեր ուներ Սերժ Սարգսյանը, երբ օրեր առաջ հայտարարեց, թե չի բացառում ՀՀԿ-ՀԺԿ գործակցությունը: «Նման հարց այսօր օրակարգում չկա, մենք հիմա պատրաստվում ենք ընտրությունների, հիմա կարող է համագործակցություն լինել տարբեր ուժերի հետ՝ կապված ընտրությունների արդար անցկացման հետ»,- պատասխանեց Ս. Դեմիրճյանը: Իսկ ինչո՞վ է նա բացատրում այն փաստը, որ հայրենի իշխանությունները սկսել են սիրել ՀԺԿ-ին: Հիշեցնենք, որ 2006-ի դեկտեմբերին հայտնի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մի քանի «դրական մեսիջներ» ուղարկեց Ս. Դեմիրճյանին, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռուստաընկերությունները, հատկապես՝ Հանրայինը, շատ են լուսաբանում ՀԺԿ-ին, այն էլ՝ բացառապես դրական կամ չեզոք երանգներով: «Ես չէի ասի, թե մյուսներին բացասական լույսի ներքո են ներկայացնում,- պատասխանեց Ս. Դեմիրճյանն ու հավելեց,- Նախ՝ հանրային հեռուստատեսությունը, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ ավելի շատ լուսաբանելու է խորհրդարանական կուսակցություններին: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մենք բավականին ակտիվ ենք եղել քարոզարշավի ընթացքում: Մենք շատ հանդիպումներ ենք ունեցել: Միգուցե սրանո՞վ է պայմանավորված: Լրացուցիչ պարզաբանումների համար, կարծում եմ, ճիշտ կլինի դիմել Հանրային հեռուստատեսությանը»: