Չընտրություն։ Սովետական կապիտալիստական գործարան

11/05/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ տասը համարներում

2003-ին նախագահը կրկին Քոչարյանն էր։ Մոտենում էր խորհրդարանական ընտրությունը, որով պիտի երեւակվեր հայոց քաղաքական ապագան։ Զանգվածային լրատվության միջոցների գերակշիռ մասը վերահսկվում էր։ Ընդդիմությունը՝ թեեւ հիմնականում միավորված էր մի դաշինքի մեջ, բայց, կարելի է ասել, ջախջախված ու մասնատված էր։

Այս պայմաններում Քոչարյանը կարող էր մտածել Լուկաշենկո-Թուրքմենբաշի տարբերակի մասին, սակայն նրան խանգարում էր երկու հանգամանք՝ մի կողմից՝ Սփյուռքը, որի ֆինանսական առումով հետաքրքրություն ներկայացնող հատվածը քիչ թե շատ արեւմտյան արժեքներ կրող էր, մյուս կողմից՝ Ղարաբաղի հարցը, որը լուծելիս ստիպված պիտի լիներ նույն սեղանի շուրջ նստել արեւմտյան քաղաքակրթության ներկայացուցիչների հետ։ Լուկաշենկո-Թուրքմենբաշի տարբերակը ենթադրում էր անցանկալիների ձերբակալություններ, արտաքսումներ, քաղաքական դատավարություններ եւ այլ տհաճ բաներ, ինչը Քոչարյանին ոչ մի օգուտ տալ չէր կարող։

Պետք էր այնպես անել, որ բոլորը լինեին, բայց ոչ ոք չլիներ, որ Արեւմուտքը նայեր՝ բոլորը երեւային, իսկ երբ ժողովուրդը նայեր՝ ոչ ոք չերեւար։

Պատմության դասերի մեջ հանդիպող ամենահարմար տարբերակը Ղարաբաղի ու Սյունիքի մելիքություններն էին, որոնց բնույթը շատ լավ ձեւակերպված է Հայկական Սովետական Հանրագիտարանի 7-րդ հատորի «Մելիք» հոդվածում։ «ՄԵԼԻՔ (արաբ. malik-տեր, տիրակալ, արքա), Առաջավոր Ասիայի մահմեդական տիրակալների անվանումը միջին դարերում։ Հայաստանում տարածվել է ուշ միջնադարում»։ Հանրագիտարանի այս հոդվածում ասվում է, որ «XIV-XVIII դարերում Իրանում եւ Արեւելյան Հայաստանում Մելիք էին կոչվում նաեւ խոշոր ավանների եւ քաղաքային թաղամասերի ավագները, որոնք պատասխանատու էին պետական հարկերի եւ տուրքերի գանձման համար»։ Նույն հոդվածից տեղեկանում ենք նաեւ, որ Սյունիքում եւ Արցախում մելիքական իրավունքը հաստատվում էր շահական հրովարտակով, ուներ ժառանգական բնույթ եւ, որ Մելիքը միանձնյա իշխանապետական իրավունքներ ուներ իր տիրույթում։ «Մելիքն անձամբ լսում էր հպատակների միջեւ ծագած վեճերը եւ կայացնում վճիռ»։

Այս ֆեոդալիզմը ընդունելի կլիներ, եթե առավել հաճո չլիներ կապիտալիզմը։ Վաղ կապիտալիզմն ի վերջո իր մեջ պարունակում էր այն ամենն, ինչ նկարագրված է ֆեոդալիստական մելիքների մասին պատմող հոդվածում, բայց առավել զորավոր էր, քանի որ հիմնված էր փողի իշխանության վրա։

Պետական իշխանությունը պետք էր դարձնել փողի իշխանություն, եւ կստացվեր մի համակարգ, որտեղ սակավաթիվ մեծահարուստներն իշխում են մեծաթիվ ընչազուրկներին, կամ, ինչպես հիմա են ասում, գործատուներն իշխում են աշխատուժին։

Թեեւ ընտրված իդեալը կապիտալիզմն էր, բայց համակարգը, որ ձեւավորվում էր 2003-ի խորհրդարանական ընտրությունից հետո, ձեւով ու բովանդակությամբ շատ նման էր սովետական գործարանի, որի ներքին խոհանոցին պետք է որ քաջատեղյակ լիներ Քոչարյանը՝ «Ղարմետաքս» կոմբինատի կուսակցական կոմիտեի քարտուղար աշխատելու տարիներից։

Համեմատաբար երիտասարդ ընթերցողի համար մանրամասնեմ սովետական գործարանի կառուցվածքը։ Դրա գլխին կանգնած էր տնօրենը, ով նշանակվում էր Կենտկոմից։ Տնօրենն ունենում էր առնվազն երեք տեղակալ։ Տեղակալներից հետո գալիս էին արտադրության պետերը, որոնց ստորադաս էին արտադրամասերի ղեկավարները։ Ասել, թե այս համակարգում ամեն ինչ հարթ էր ու հանգիստ, սխալ կլինի, որովհետեւ հարթությունն ու հանգստությունը բացառվում է մի տեղում, ուր ելից եւ մտից բարիքներ կան։ Անհեռատես տնօրեններն այդ բարիքները բաշխում էին անհավասար՝ շատն իրենց, կամ, ծայրահեղ դեպքում, մերձավոր տեղակալին, իսկ քիչը՝ ղեկավար դասի մնացած անդամներին։ Հեռատեսները թույլ էին տալիս որ ղեկավար դասի բոլոր անդամներն օգտվեն՝ միաժամանակ վերահսկելով բոլոր օգուտները, որ հարկ եղած դեպքում կարողանային զսպել նրանց ախորժակն ու հավակնությունները։ Երկու դեպքում էլ բանվոր դասակարգը մնում էր ձեռնունայն։

Հեռատես տնօրենները մի բանով էլ էին առանձնանում անհեռատեսներից։ Նրանք Մարտի ութին ծաղիկներ էին նվիրում բանվոր դասակարգի ձեռնունայն կին ներկայացուցիչներին, մի այլ տոնի առիթով՝ «Պոլյոտ» ժամացույցներ էին տալիս տղամարդկանց, իսկ տխուր առիթների դեպքում՝ հանձնարարություններ ճաշարանների վարիչներին։

Մարդիկ մտածում էին, որ ղեկավարության առջեւ կյանքի բարելավման պահանջներ դնելով՝ լավագույն դեպքում կկորցնեին Մարտի ութի ծաղիկները, ինչ-որ տոնի առիթով տրվելիք «Պոլյոտ» ժամացույցները, տխուր արարողությունների համար ճաշարանից ստանալիք օգնությունը, իսկ վատթար դեպքում՝ աշխատանքն ընդհանրապես։

Նկարագրված համակարգի կիրառումը Հայաստանում սկսվեց 2003-ի խորհրդարանական ընտրությունից հետո, երբ ամենաշատ միավորներ հավաքած երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ կազմեցին կոալիցիոն կառավարություն։

Շարունակելի