2007թ. ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավը մոտեցավ ավարտին: Կարող ենք արձանագրել, որ այն բավականաչափ տարբեր էր մինչ օրս եղած բոլոր նախընտրական քարոզարշավներից: Խոսքս, իհարկե, այն մասին չէ, որ քաղաքական ուժերն այս տարի գաղափարական պայքար ծավալեցին:
Եթե ճիշտն ասեմ, գաղափարական պայքար Հայաստանում, գոնե այսօր, հնարավոր էլ չէ, քանզի մենք՝ հայերս, դեռ պատրաստ չենք նման թիթիզ-միթիզ բաներին: Հայերն այսօր շատ ավելի պրագմատիկ են, քան 1988-ին: Լա՞վ է դա, թե՞ վատ` այլ խնդիր է: Սակայն փաստը մնում է փաստ, որ ազգն ունի սպառողական հոգեբանություն եւ այդ իսկ պատճառով էլ կուսակցություններն ու քաղաքական գործիչներն իրենց քարոզարշավի ընթացքում ոչ թե գաղափարներ են առաջարկում, այլ կոնկրետ նյութական արժեքներ` ավտոբուսների, «սեքընդ հենդ» շորերի, տուկի թելի, «քյաշ» փողի եւ այլ բնամթերքի տեսքով: Սակայն այս դեպքում ոչ այնքան քաղաքական ուժերն են մեղավոր, որքան մեր ժողովուրդը: Որովհետեւ քաղաքական գործիչները փորձում են տալ այն, ինչ իրենցից պահանջում է պոտենցիալ ընտրողը: Եթե ընտրողը գաղափար պահանջի, ապա քաղաքական գործիչները ստիպված կլինեն մատուցել գաղափարներ: Իսկ տարատեսակ կարգախոսները, մեկը մյուսից արտագրված բուկլետների տեքստերը եւ գեղեցիկ խոսքերն ընդամենը միջազգային հանրության համար են, որպեսզի ինչ-որ ձեւով արդարացվի մեր` Եվրախորհրդի անդամ լինելու փաստը: Այնպես որ, Հուլիոս Կեսարի երկու հազար տարվա վաղեմություն ունեցող այն պնդումը, որ ժողովրդին անհրաժեշտ են «հաց եւ տեսարաններ», 21-րդ դարում հայերի համար մնում է խիստ արդիական: Իհարկե, ոչ միայն հայերի: Հենց այդ պատճառով էլ վերոնշյալ նյութական արժեքները համեմվում են հայ եւ ռուս երգիչների ծախսատար եւ «հավայի» համերգներով` նայած, թե որ քաղաքական ուժն է կազմակերպում այդ համերգը: Իհարկե, այս տարվա շոուն առանձնացավ նաեւ նրանով, որ բացի հեռուստատեսային հոլովակներից, պաստառներից եւ բուկլետներից, մեր իրականություն մուտք գործեցին քարոզչական այլ տեխնոլոգիաներ, որոնք ավելի շատ ընդունված են Արեւմուտքում: Օրինակ, ՀՀԿ-ի «ուրախ ավտոբուսը» շրջում էր ողջ քաղաքում եւ «ջիջիլ գցում» մինչեւ 7 տարեկան երեխաներին: Շատ հետաքրքիր էին նաեւ ՀՀԿ-ի քարոզչական վրանները, որոնք, սակայն, դեռ իրենց դերը չկարողացան կատարել: Նորություն էին նաեւ Դաշնակցականների 10 համարի կարմիր շապիկները: Բոլորս գիտենք, որ աշխարհի ամենահայտնի 10 համարը եղել եւ մնում է Պելեն: Բայց Պելեն մեկն է, իսկ դաշնակները (ՀՅԴ) շատվոր են: Եվ հետո, Պելեն երբեք կարմիր գույնի շապիկ չի կրել: Իհարկե, դաշնակների գլուխգործոցը նրանց անիմացիոն հոլովակն էր, որտեղ նրանք քննադատում էին մեր իրականության ամենակեղտոտ փաստերը: Բայց հոլովակը դիտելուց հետո այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում իշխանության մաս է կազմել ոչ թե ՀՅԴ-ն, այլ տատս: ՄԱԿ-ի «Մենք ուզում ենք այն, ինչ ամենքդ» կարգախոսից կարելի էր ենթադրել, որ ողջ հայությունը մանդատ է ուզում: Որովհետեւ քարոզարշավը ենթադրում է, որ ՄԱԿ-ը գնում է ընտրության հենց այդ նպատակով, այլ ոչ թե «վինետկայի» համար նկարվելու: «Օրինաց երկրի» վարքն ավելի շատ նման էր ՀՀԿ-ի, քան սեփական քարոզչության: Որովհետեւ, եթե «Իմպիչմենտը», «Նոր Ժամանակներն» ու «Հանրապետությունն» են հակաքարոզչություն տանում, դա հասկանալի է. քանզի նրանք ընդդիմություն են: Բայց երբ պոպուլիզմից ելնելով, դեռ մեկ տարի առաջվա թունդ իշխանական կուսակցությունը (հիշեցնեմ, որ Սահմանադրական հանրաքվեի շտաբի պետը Մհեր Շահգելդյանն էր) իրեն դնում է ընդդիմադիրի տեղ, դա արդեն շատ ծիծաղելի է: Ընդ որում, «ընդդիմություն» խաղալը նրանց մոտ բավականին անտաղանդ է ստացվում, որովհետեւ մեկ ամսվա ընթացքում (ի դեպ, մինչ այդ էլ) նրանց քննադատության բոլոր սլաքներն ուղղված էին միայն ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմ: Իսկ Ռոբերտ Քոչարյանին «Օրինաց երկիրն» այդպես էլ չհամարձակվեց ոչ մի թթու խոսք ասել: Անգամ, երբ նախագահն Արթուր Բաղդասարյանին «դավաճան» անվանեց: Համաձայնեք, շատ հետաքրքիր «ընդդիմություն» է: Ոչ միանշանակ արձագանք ստացավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի «Քաղաքացի, տե՞ր ես» արտահայտությունը: Հայաստանի գյուղերի ազգաբնակչությունը շատ վիրավորված է պարոն Հովհաննիսյանից, որ վերջինս գյուղացիներին բանի տեղ չդրեց եւ իր դիմումն ուղղում էր միայն քաղաքացիներին: Մարքսիստ Դավիթ Հակոբյանը «Ռեգնում» գործակալությանը տրված հարցազրույցում նշել էր, որ խորհրդարանում իր հայտնվելը պատմական անհրաժեշտություն է: Լիովին համաձայն եմ նրա հետ, որովհետեւ պատմական այս հատվածում հայերն արժանի են հենց Դավիթ Հակոբյանի նման պատգամավորների, ոչ թե տարբեր մականունավորների: Ավելացնեմ միայն, որ Տիգրան Կարապետիչի ԱԺ-ում հայտնվելը գեղագիտական պահանջ է, ՀԺԿ-ինը` գենետիկ պահանջ, ԺՈՒԿ-ինը` աշխարհագրական պահանջ (նկատի ունեմ Ապարանը), «Ժառանգությանը»` ամերիկյան պահանջ, «Օրինաց երկրինը»` ֆրանկո-անգլիական պահանջ, եւ այլն:
Բայց լավատեսությունս ինձ հուշում է, որ նեղ-անձնական պահանջներից բացի՝ հայերն ունեն ազգային եւ պետական պահանջ եւս: Եվ համոզված եմ, որ մեր ժողովուրդը քաղաքական գործիչներից շուտով կպահանջի գաղափարներ, այլ ոչ թե սերմացու կամ պարարտանյութ ու ասֆալտ: Ի դեպ, վերջերս իմացա, որ եվրոպական շատ երկրներում ընտրության չգնալու դեպքում եւ քաղաքացիական պարտքը չկատարելու համար քաղաքացին բավականին մեծ գումարի չափով տուգանք է վճարում: Կարծում եմ, եթե մեր նորընտիր Ազգային ժողովն ընդունի նմանատիպ օրենք, հայերը վազելով կգնան ընտրության, եւ այդժամ ոչ մեկի մտքով չի անցնի ուրիշի տեղը քվեաթերթիկ լցոնել: