Հաղթանակի հուշարձանը

11/05/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մայիսի 9-ի տոնախմբությունները տարեցտարի ճոխանում են։ Զարմանալի բան է. որքան բարդանում է մեր վիճակը ղարաբաղյան հարցում, այնքան ավելի մեծ ճոխությամբ ենք նշում Ղարաբաղյան պատերազմում տարած մեր հաղթանակը։ Զինվորական շքերթ, հանդիսավոր նիստեր, տոնական համերգներ, հրավառությունգ Եվ, որ ամենակարեւորն է, վերամբարձ խոսքեր այն մասին, որ դա ողջ հայ ժողովրդի հաղթանակն էր, եւ մենք բոլորս միասին ենք հաղթել։ Իրականում, իհարկե, բոլորս միասին չենք հաղթել։ Շուշիի ազատագրման օրերին էլ մեզանից շատերն արդեն Ռուսաստան էին փախել կամ Երեւանում բենզինի առեւտրով էին զբաղված, բայց մենք ասում ենք, որ բոլորս միասին ենք հաղթել, եւ ճիշտ ենք անում, որ այդպես ենք ասում։ Այլ հարց է, որ այդ հաղթանակը կոնկրետ «հեղինակներ» ունի։ Լեւոն Տեր-Պետրոսյան՝ որպես հայկական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Վազգեն Սարգսյան՝ որպես զինված ուժերի ընդհանուր հրամանատար, Սամվել Բաբայան՝ որպես Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, եւ հազարավոր զինվորներ, հրամանատարներ, գեներալներ՝ հայտնի ու անհայտ։ Թե նրանցից քանիսն են գոնե ձեւի համար հրավիրվել տոնական միջոցառումներին՝ այլ հարց է, բայց զարմանալ պետք չէ. ամբողջ աշխարհում է այդպես՝ հերոսների ցուցակները միշտ էլ խմբագրվում են։

Մեզ ուրիշ բան է մտահոգում։

Շուշիի ազատագրումը կոնկրետ նպատակներ ուներ՝ «կարճաժամկետ» եւ «երկարաժամկետ»։ «Կարճաժամկետ» նպատակն էր՝ Ստեփանակերտը փրկել անընդհատ ռմբակոծություններից եւ բացել դեպի Հայաստան տանող ճանապարհը, «երկարաժամկետ» նպատակն էր՝ ազատագրել Ղարաբաղի հինավուրց մայրաքաղաքը եւ այն կրկին դարձնել ծաղկուն հայկական քաղաք։ Առաջին նպատակին մենք հասանք, իսկ ահա երկրորդ խնդիրն, արդեն տասնհինգ տարի է, չենք կարողանում լուծել։ Շուշիում այսօր այնքան մարդ է ապրում, որքան ազատագրումից մեկ-երկու տարի անց, իսկ քաղաքի առանձին թաղամասեր ճիշտ այնպիսի վիճակում են, ինչպիսին եղել են ազատագրումից մեկ օր անց՝ 1992թ. մայիսի 10-ին։ Տպավորությունն այնպիսին է, թե ժամանակն այստեղ կանգ է առել։

Շուշին այսօր հաղթանակի խորհրդանիշ է, ազգը համախմբելու գաղափար է, մի խոսքով՝ ամեն ինչ է, բացի քաղաքից։ Մենք խորհրդանիշներ ու հուշարձաններ սիրող ժողովուրդ ենք, եւ, գուցե փոքր-ինչ կոպիտ հնչի, բայց Շուշիի հետ վարվում ենք մոտավորապես այնպես, ինչպես հարազատներն են վարվում հանգուցյալի հիշատակի հետ։ Նրանք մահվան տարելիցին գերեզման են այցելում, ծաղիկներով հեղեղում են հուշաքարը, վերամբարձ խոսքեր են ասում եւ հեռանում, որպեսզի վերադառնան մեկ էլ մի տարի հետո։ Դրա համար էլ Շուշին այսօր մեռյալ քաղաք է հիշեցնում, որը կենդանանում է ամեն տարվա մայիսի 9-ին։ Սա, ի դեպ, միայն Շուշիի պրոբլեմը չէ, Երեւանի կենտրոնն էլ է գնալով մեռյալ քաղաքի նմանվում։ Մութն ընկնելուց հետո նայեք նորակառույց շենքերին՝ հատուկենտ լույսեր են վառվում։ Որովհետեւ սփյուռքահայերն ու տեղացի մեծահարուստներն այդ շենքերում «համենայն դեպս» բնակարաններ են առնում, բայց դրանցում չեն ապրում։ Շուշին էլ է այդպիսին։ Սփյուռքահայերն ու ստեփանակերտցի ունեւորներն այնտեղ տներ են առնում։ Հենց այնպես, հանուն «Հոգեւոր հայրենիքի» գաղափարի։ Իսկ հոգեւոր հայրենիքին կենցաղային տարրական պայմաններ պետք չեն։ Պետք է ընդամենը մի քիչ թե շատ նորմալ հյուրանոց, եւ որ եկեղեցու բակն անպայման ասֆալտապատ լինի։ Շուշիում այդ երկուսն էլ ապահովված է։ Դրա համար էլ գնալով զբոսաշրջիկների թիվը մեծանում է, իսկ բնակչության թիվը՝ նվազում։

Ամեն անգամ այս թեմային անդրադառնալիս հարցադրումներ են հնչում, թե Շուշիի զարգացման համար պետական ծրագիր է պետք։ Հավատացնում ենք՝ եթե Շուշիի զարգացման բոլոր ծրագրերը փռենք այդ քաղաքի փողոցներում, մի քանի սանտիմետրանոց շերտ կստացվի։ Ուրեմն խնդիրը ծրագրերը չեն։ Մոտեցումը պետք է փոխել։ Պետք է ոչ թե տարբեր տեղերից հավաքված երիտասարդով գնալ Շուշի ու այնտեղ սիմվոլիկ հարսանիք անել, այլ մտածել, թե ինչպես անեն, որ այնտեղ իրական հարսանիքներ լինեն։ Իսկ դա, նորից ենք շեշտում, ոչ միայն Շուշիի եւ ողջ Ղարաբաղի, այլեւ Հայաստանի պրոբլեմն է։ Հայաստանում նույն բանն է կատարվում. տարեցտարի զբոսաշրջիկների թիվն ավելանում է, բնակչության թիվը՝ նվազում։ Սփյուռքահայերն անշարժ գույք են ձեռք բերում «Հոգեւոր հայրենիքում», իսկ տեղացի երիտասարդը չի կարող ամուսնանալ, որովհետեւ հանրապետությունում արձանագրված միջին աշխատավարձով նա մեկ սենյականոց բնակարան կարող է գնել միայն 40 տարվա ընթացքում։ Դրա համար էլ միասնության շուրջպար ենք կազմակերպում։ Զբոսաշրջիկներին դա դուր կգա։

Եվ այնուամենայնիվ, Մայիսի 9-ը հաղթանակի տոն է։ Շնորհավորենք միմյանց եւ փորձենք հասկանալ, որ հաղթել ենք՝ ոչ թե հետագայում դրանով պարծենալու, այլ դրա պտուղներից օգտվելու համար։