«ԱԼՄ» հոլդինգի նախագահ, «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը խորհրդարանական ընտրությունների արդյունքները «բարի» է համարում: «Միտում կա դեպի լավը»,- ասաց նա:
Կարապետիչը համոզված է, որ իր կուսակցությունն ընտրազանգվածի ձայների առնվազն 10%-ն է հավաքելու: Ըստ նրա` եթե ժողովուրդը խղճով քվեարկի, այլ ոչ թե նայի ընտրակաշառքներին, այդպես կլինի, բայց ստույգ թվերի մասին խոսելը նա «անբարոյական» է համարում: Իր առաջնորդած կուսակցության հիմնական զանգվածը նա համարում է մարզերում բնակվող մեծահասակներին, սակայն հաճելիորեն զարմացել է, երբ պարզել է, որ մայրաքաղաքի երիտասարդներից շատերը համակրում են իրեն. «Մենք աշխատում էինք այն մարզերում, որտեղ ընդգծված էլեկտորատ ունենք, բայց երեւանյան հավաքներից մեկի ժամանակ ասացի` ովքե՞ր են երիտասարդները, եւ շատերը ձեռք բարձրացրեցին»: Նա համարում է, որ այս տարի բոլորին դեմ քվեարկողներն ավելի քիչ կլինեն: «Մարզերում տարեցներ կան, որոնք մեզ հետ շփվելիս ասում էին, որ այնպայման կգնան քվեարկության, նույնիսկ եթե թույլ ու հիվանդ լինեն»,- ասաց Տ. Կարապետյանը: Նա պատրաստ է քրտնաջան աշխատել այն զանգվածի համար, որը կուղղորդի իրեն դեպի խորհրդարան: «Բոլորս էլ գիտենք, որ կաշառակերություն, կլան ու ստվեր կա, բայց պետք է ունակ լինել աշխատելու»,- ասում է նա:
Ընտրակեղծիքների մասին խոսելիս՝ նա ենթադրություն է անում. «Կեղծիքներ կլինեն, բայց դրանք համատարած կեղծիքներ չեն լինի: Շատերը ցանկանում են, որ կեղծիքներ լինեն, որպեսզի բռնեն այդ կեղծիքներն ու դրանց վրա իրենց վրանները ստեղծեն»: Տ. Կարապետյանն իր քարոզարշավից իսպառ բացառում է կաշառք բաժանելու փաստն ու մատնանշում, որ իր բարերարությունը շատերը որպես ընտրակաշառքի մոդել են օգտագործում: «Ինչ որ մենք անում ենք, հետո բոլոր քաղաքական դաշտը մեր ետեւից սկսում է կրկնել: Եթե Կարապետյանը ժամանակին ժողովրդին ակնոցներ է տվել, ուրեմն բոլորը դա արդյունավետ են համարում ու սկսում են ակնոցներ տալ: Ընդհուպ կանանց մամոգրաֆիկ կենտրոնում հետազոտություններ անելն են կրկնում: Հրանուշ Հակոբյանի քույրիկն այնտեղ է աշխատում, ու մենք նրան խնդրում էինք նպաստել ու կանանց ձրի հետազոտություններ անել: Հիմա շատերն են դա անում»,- ասաց նա ու վստահեցրեց, որ մայիսի 13-ից՝ ընտրություններից հետո ոչ ոք գյուղեր չի գնա, բայց Կարապետյանը կգնա: Ըստ նրա` «սարերում գտնվող, խուլ գյուղերում ոչ մի քաղաքական գործիչ ոտք չի դնում», քանի որ շատերը քաղաքականությունը որպես «գրասենյակային» աշխատանք են պատկերացնում:
Եթե Տ. Կարապետյանին չգոհացնեն ընտրության արդյունքները, նա խիստ կդատապարտի ընտրությունները, բայց ռադիկալ ու ագրեսիվ քայլերի չի դիմի, «բարիկադներ չի բարձրանա» ու երբեք չի միանա «Իմպիչմենտ» դաշինքին: «Եթե այդ դաշինքը հանրահավաք աներ երկու տարի առաջ, մենք կողջունեինք, բայց ինչպե՞ս կարելի է դա անել ընտրությունների նախաշեմինգ»: Նա նշում է, որ ընտրակեղծիքներն այսօր միակ պլատֆորմն են, որի վրա կարող է հիմնվել ընդդիմությունն ու ըմբոստանալ իշխանությունների դեմ: Սակայն ժողովրդի անկեղծ ըմբոստությանը նա չի հավատում, քանի որ ըմբոստությունը պետք է «ակամայից» լինի:
«Մեծ քաղաքականությունը սկսվում է փոքր քաղաքականությունից: Մենք փոքր քաղաքականություն չունենք, միանգամից մեծ ենք ուզում, մեզ միանգամից աթոռ է պետք, գագաթ է պետք: Իսկ ո՞վ է սեւագործ աշխատանքը անելու»:
Կուսակցությունների ֆինանսական հոսքերի մասին խոսելիս Տ. Կարապետյանը կրքոտ բացականչեց. «Իմ պես էշ էլ չկա: Միայն ես եմ, որ սեփական գումարներից 7 միլիոն եմ ծախսել քարոզարշավը անցկացնելու համար»:
Նա մատնանշեց, որ բոլոր քաղաքական ուժերը քարոզարշավի համար գումարներ են ստանում դրսից եւ այդ գումարի մի մասն էլ յուրացնում են ու ծախսում ավելի քիչ գումար, քան իրենց հատկացվել էր: Նա պարզել է, որ քարոզարշավում ռուսական փոփ-աստղերի մասնակցության վրա ծախսված գումարները բավարար կլինեին, որպեսզի մեկ տարի Հայաստանի բնակիչներին անվճար ոռոգման ջուր մատակարարվեր: Տ.Կարապետյանը նախընտրում է ոչ թե օտարերկրյա աստղերի հրավիրել, այլ օգտագործել երկրի ներուժը` «ադամանդ»-երգիչներին, որոնց մասնակցությամբ համերգ է կազմակերպում Սեւանում: Եվ ընդհանրապես, նա ցանկանում է Սեւանում ավելի շատ զվարճության վայրեր ու կազինոներ տեսնել, որպեսզի հայերը ոչ թե Դուբայում ու Մոնտե-Կառլոյում գումար ծախսեն, այլ` սեփական երկրում: «Եկեք խղճով առաջնորդվենք: Ասում ենք, որ բոլորս ազգասեր ենք, բայց որ նայենք յուրաքանչյուրիս վրա` ոչ մի ազգային բան չենք գտնի: Միայն մեր հմայքն է հայկական»,- ասում է նա: