Խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը մեկ օր, սակայն ընտրողների զգալի մասը դեռ չի կողմնորոշվել: Այսքան բազմազան ու բազմաբովանդակ քարոզարշավից, խոստումներից ու անգամ ընտրակաշառքներից հետո էլ, միեւնույն է, ընտրողների բավականին մեծ զանգված չգիտի, թե որ կուսակցությանը տա իր ձայնը: Նման անորոշ վիճակ թերեւս ոչ մի ընտրության ժամանակ չէր եղել:
Եթե մեծամասնական ընտրակարգի դեպքում այդ կողմնորոշվածությունը փոքր-ինչ հստակ է, ապա դժվար ընտրություն է սպասվում համամասնականի դեպքում: Մեծամասնականի դեպքում գոնե ամեն մի ընտրատարածքում մի քանի թեկնածուներ են առաջադրվել, ովքեր հիմնականում այդ տարածքի բնակիչներն են: Ընտրողներն այդ 4-5 հոգու մեջ կարող են մի կերպ կողմնորոշվել: Այդ կողմնորոշումը մի դեպքում՝ ազդեցության լծակներով է ստեղծվել, մյուս դեպքում՝ ծանոթ-բարեկամ կապով, կամ էլ՝ ինչո՞ւ չէ, զուտ անձնական համակրանքով: Այս առումով, մեծամասնականով առաջադրված թեկնածուների գործը հեշտ է, նրանք կենտրոնանում են կոնկրետ մի տարածքի ընտրազանգվածի վրա։ Բայց այս իմաստով, դժվար է առաջադրված 23 քաղաքական ուժերի գործը: Իրար հետեւից օրը մի քանի կուսակցության է ընդունում ու ճամփու դնում ամեն մի համայնք: Կուսակցությունները գալիս են ոգեւորված եւ նախօրոք սերտած ճառեր արտասանում, թե՝ մենք, հենց մենք ենք բարձրացնելու ձեր թոշակները, հենց մենք ենք կոռուպցիան արմատախիլ անելու, ձեր բոլորիդ համար աշխատատեղեր ստեղծելու, այնպիսի երկիր ենք ստեղծելու, որտեղ ոչ թե դուք աշխատանք կփնտրեք, այլ աշխատանքը ձեզ կփնտրի: Նման ճառեր արտասանում են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչները: Այս լղոզված քաղաքական իրավիճակի պայմաններում ընտրողը չի կարողանում կողմնորոշվել՝ որ կուսակցությանն ընտրի: Եվ դա դարձել է վերջին ժամանակների շեքսպիրյան հարցը՝ ո՞ւմ ընտրել, կամ ընտրե՞լ, թե՞ չընտրել: Ընդ որում` հավասարապես անվստահություն եւ հիասթափություն կա թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմադիրների նկատմամբ: Ժողովուրդը նրանց ոչ մի գլոբալ խոստում լուրջ չի ընդունում եւ անցել է «նաղդով» կոնկրետ ինչ-որ բան՝ ընտրակաշառք, աշխատատեղի խոստում կամ որեւէ այլ բան պոկելու մարտավարությանը: Բայց նույնիսկ այս դեպքում ընտրողների բավականին մեծ զանգված դեռ չգիտի, թե ո՞ր կուսակցությանը հավատա:
Այս տարվա սկզբից, երբ բավականին ակտիվացել էին նախընտրական կրքերը, ընտրողների որոշակի զանգված որոշել էր իր ձայնը տալ ԱԺՄ կուսակցությանը, որովհետեւ համակրում էր Վազգեն Մանուկյանին: Նրան համակրողները համեմատաբար ավելի ինտելեկտուալ ընտրողներն էին: Նրանք թեպետ համոզված էին, որ իրենց շարքերը նոսր են, եւ Վ.Մանուկյանը միայնակ` առանց դաշինքի, չի կարող ԱԺ մտնել, սակայն սկզբունքային էին: Բայց երբ մարտի սկզբներին ԱԺՄ նախագահը հայտարարեց, թե ընտրություններին չի մասնակցելու, նրա ընտրազանգվածը մի փոքր տատանվելուց հետո որոշեց պաշտպանել ՀՀՇ-ին: Ընտրողների մի զանգված այլեւս չէր հավատում ընդդիմադիր կոչվող մյուս կուսակցություններին եւ մտածում էր, թե այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը ՀՀՇ-ին նորից ակտիվացնելն է: Տարբեր խավերի բազմաթիվ մարդկանց հետ զրուցելիս հասկանալի դարձավ, որ նրանք ուզում են այս իշխանություններից ազատվել թեկուզ նորից ՀՀՇ-ի իշխանության գալու պայմանով: «Գիտե՞ք, ժողովրդի մեջ այնքան մեծ է ատելությունն այս իշխանությունների նկատմամբ եւ հիասթափությունն ընդդիմադիր համարվող մյուս կուսակցություններից, որ նրանք ուզում էին ՀՀՇ-ն ետ գա,- ասում է Վերնիսաժում գիրք վաճառող Գեւորգը: -Ով ուզում է գա, մենակ այս իշխանությունը գնա: Պարզապես նրանց հաղթող ուժն այսօր չկա: Ես զգում եմ, որ դրա համար էլ ՀՀՇ-ի նկատմամբ կողմնորոշումն այս անգամ մի փոքր ավելին էր: Ինչպես ասում են՝ մինչեւ չգա ետինը, չի հիշվի առաջինը»:
Բայց երբ ՀՀՇ-ն էլ հայտարարեց, թե ընտրություններին չի մասնակցելու, մարդկանց բավականին մեծ խումբ կանգնեց դատարկության առաջ: Բա ո՞ւմ: Ճիշտ է, այդ կուսակցությունը դուրս եկավ ընտրապայքարից` պատճառաբանելով, թե իր այդ քայլով ուզում է միավորել ընդդիմադիր ուժերին եւ հեշտացնել ընտրողների կողմնորոշումը, սակայն, կարծում ենք, դա տեղի չունեցավ: Մեր հարցումներից պարզ դարձավ, որ ԱԺՄ-ի եւ ՀՀՇ-ի ընտրողներն ուղղակի չեն ուզում մասնակցել ընտրություններին: Այնպես որ` այս երկու կուսակցությունների ընտրապայքարից դուրս գալը ոչնչով չհստակեցրեց ընդդիմադիր դաշտը: Հատկանշական է, որ չեն կողմնորոշվում հիմնականում ընդդիմադիր կողմնորոշում ունեցող ընտրողները: Նրանք արդեն հոգնել են Արտաշես Գեղամյանի ագրեսիվ ու հուզիչ ելույթներից, լուրջ չեն վերաբերվում Ստեփան Դեմիրճյանին, թույլ են համարում Արամ Զավենի Սարգսյանին, Արամ Կարապետյանին էլ համարում են Ռուսաստանի կողմից ուղարկված «սուտ ընդդիմադիր»: Ավելի թարմ ուժի ու նոր դեմքերի պահանջարկ կա:
«Անցած ընտրությունների ժամանակ համոզվեցինք, որ Գեղամյանը սուտ ընդդիմադիր է եւ դավաճանեց մյուսներին,- ասում է վարորդ Վարդանը:- Ինչքան էլ նա ժողովրդի կողմից խոսա, մեկ է` էլ չենք հավատում: Խուլ գյուղերում կարող է հավատան: Տեսնում եմ, որ Ստեփան Դեմիրճյանն էլ ասելիք ու անելիք չունի, հոր հիշատակի տակ ապրող մարդ է: Արամն անկեղծ տղա է, բայց չեմ հասկանում՝ ինչո՞ւ է պասիվ: Կարող է՝ ուժն ու խելքը չի պատում: Էս «Իմպիչմենտին» էլ դեռ ուժ չեմ համարում: Չգիտեմ, թե ում եմ ընտրելու»: «Չգիտեմ,- ասում է մանկավարժ Գայանե Ղարագյոզյանը:- Ճիշտ է, դպրոցից մեզ վրա ճնշում կա, որ դաշնակներին ընտրենք, բայց նրանց չընտրելու դեպքում էլ՝ չգիտեմ, թե ում ընտրեմ»: «Երեւի ընտրություններին չգնամ,- ասում է երիտասարդ շինարար Սերգեյը: -Ոչ մեկի նկատմամբ որեւէ հավատ չունեմ, ոչ մեկը հույս չի ներշնչում: Նոր ուժեր էլ չկան»:
Բայց մարդկանց մի խումբ կա, որ թեպետ որեւէ կուսակցության անդամ չէ, բայց կայացրել է իր որոշումը: Նրանք հիմնականում ծանոթ-բարեկամ կապի ազդեցության տակ են որոշում կայացրել:
«Գուրգեն Արսենյանի կուսակցությանն եմ ընտրելու, աղջիկս նրա մոտ է աշխատում»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը: «Հանրապետականին եմ ընտրելու, փեսես է ասել»,- ասում է տոնավաճառի աշխատակիցներից մեկը: «Քավորս խնդրել է, որ «Բարգավաճ Հայաստանին» ընտրեմ,- ասում է մեկ ուրիշը:- Ինձ համար ի՞նչ տարբերություն»:
Սակայն քիչ են որեւէ կուսակցության չպատկանող այն ընտրողներն, ովքեր արդեն կողմնորոշվել են: Հիմնական մասը դեռ փնտրում է իր հույսերն արդարացնող ուժին: Կամ էլ` փնտրել է ու չի գտել եւ որոշել է ընտրություններին չգնալ: