Մի՛ զրկեք մականուններից

11/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ես քաղաքական ռեկորդ եմ սահմանել՝ լինելով Արաբկիր համայնքի 3000 բնակարանում,- երեկ հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: -Մեկ ամսվա ընթացքում հասցրել եմ խոսել մոտ 5000 մարդու հետ»: Իր հաշվարկով, ստացվում է` օրական մոտ 161 մարդու հետ է հանդիպել:

Այնուամենայնիվ, կասկածի չենթարկելով Ա. Մանուկյանի նշած ռեկորդը, հիշեցնենք, որ նա մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում եւ պայքարում է նույն ընտրատարածքում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Զոհրաբ Զոհրաբյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» անդամ Հայրապետ Հայրապետյանի դեմ:

Ա. Մանուկյանի կարծիքով՝ ի տարբերություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, բարձրանում են «Իմպիչմենտի», Արամ Կարապետյանի համարձակ ելույթներից հետո՝ «Նոր Ժամանակներ» կուսակցության վարկանիշը: Որոշակի ընտրազանգված ունեն նաեւ «Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները: Իսկ Գեղամյանի «Ազգային Միաբանության» ընտրազանգվածն Արաբկիրում գնալով նվազում է: Ա. Մանուկյանը մտածում է, որ Արաբկիրում ինքը հաղթելու լուրջ շանսեր ունի, թեպետ այս ընթացքում իշխանությունների կողմից ընտրողներին խճճելու քայլեր են արվել: Առաջադրվել էր Արմեն Մանուկյանը, որպեսզի իր ազգանունով շփոթություն առաջացնի: Հետո նա դուրս է եկել ընտրապայքարից եւ իր ընտրողներին կոչ է արել քվեարկել ԲՀԿ թեկնածուի օգտին:

«Հաջորդ օրը լուր տարածվեց, թե Արամ Մանուկյանը հանել է իր թեկնածությունը,- ասում է բանախոսը: -Ինձանից մի շաբաթ ժամանակ պահանջվեց ընտրողներին բացատրելու համար, թե ընտրապայքարից դուրս եկողը ես չեմ: Դա փոքր ժուլիկություն էր»:

Ա. Մանուկյանի հետ «Հայելի» ակումբում երեկ իր քաղաքական հայացքներն էր ներկայացնում նաեւ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նրա կարծիքով՝ ժողովուրդը հիասթափված է նաեւ ընդդիմությունից: Ընդդիմությունն այս տարիների ընթացքում ավելի շատ զբաղված է եղել ընտրությունների արդյունքները վիճարկելով եւ արդյունքում նույնիսկ փոքր ձեռքբերումներ չի ունեցել: Իսկ այդ ընթացքում ՀՀ քաղաքացին հասկացել է, որ ինքը մենակ է այս երկրում: «Ընդդիմությունն օնանիզմով է զբաղվել»,- ասում է պարոն Հարությունյանը, ով իրեն նույնպես ընդդիմադիր է համարում՝ այն տրամաբանությամբ, որ իշխանության մեջ չէ եւ ձգտում է իշխանության: Արամ Հարությունյանն էլ շրջել է Հայաստանի գյուղերով եւ ամեն ինչի նկատմամբ հուսահատություն ու անտարբերություն է տեսել գյուղացիների աչքերում: Ա. Հարությունյանը անընդունելի է համարում այն փաստը, որ կուսակցություններն ընտրողների հետ հանդիպման գնալիս իրենց հետ մի երկու ավտոբուս մարդ են տանում, որպեսզի դահլիճները կամ հրապարակները լցնեն: Նա զարմանում է, որ իշխանություններից բացի՝ այդպես են վարվում նաեւ որոշ ընդդիմադիր գործիչներ: Մարդկանց մի խումբ կա, որը կուսակցությունների մոտ «մասովկա» է աշխատում: Այնպես, ինչպես կինոներ նկարելու համար ավտոբուսներով մարդիկ էին հավաքում-տանում նկարահանման հրապարակ, այդպես էլ հիմա կուսակցական հանդիպումների ժամանակ են անում: Ամեն մի կուսակցություն իր հետ այդպիսի «մասովկա» է ման տալիս: Այդ մարդիկ հենց այնպես չեն թափառում բոլոր համայնքներով: Տեսարաններ ապահովելու, ծափեր տալու, ողջույնի խոսքեր գոռգոռալու համար նրանք կուսակցություններից աշխատավարձ են ստանում: Նրանցից ոմանք ունեն կուսակցության լիդերներին պաչպչելու եւ այլ գլխավոր դերեր:

Հասարակության շրջանում ընտրությունների նկատմամբ անտարբերություն է նկատել նաեւ Արամ Մանուկյանը: «Ընտրություններին չմասնակցելու վտանգ կա,- կարծում է ՀՀՇ վարչության անդամը: -Մեր ընտրողներն ըմբոստ են դռնից ներս, իրենց տանը, բայց ալարում են իրենց ըմբոստությունը քվեաթերթիկի վերածել»:

Բանախոսներն անդրադարձան նաեւ ընդդիմադիր Ալեքսանդր Արզումանյանի, Վահան Շիրխանյանի եւ Շահեն Պետրոսյանի հետ կապված դեպքերին: Պարզ է, որ իր մեկնաբանությունների մեջ ավելի խիստ էր ՀՀՇ վարչության անդամը եւ ավելի մեղմ՝ Արամ Հարությունյանը: Ա. Մանուկյանի կարծիքով՝ Ա. Արզումանյանի եւ Վ. Շիրխանյանի հետ կապված դեպքերն ունեն քաղաքական ենթատեքստ: Դատապարտեցին նաեւ Շ. Պետրոսյանին ծեծելու դեպքը: Մյուս բանախոս Ա. Հարությունյանը, սակայն, Շ. Պետրոսյանի հետ կատարված դաժան դեպքի մասին խոսելիս, ասաց, թե իր հերթին կոռեկտ չի եղել նաեւ այն, որ ծեծվողը հասարակական վայրում մականուններ է տվել:

«Մարդիկ երկու անուն են ունենում՝ հոր ու մոր կողմից տրված եւ հասարակության տված,- եզրափակեց Ա. Մանուկյանը: -Եթե մեր ԱԺ պատգամավորների կեսից ավելին անուն ունի՝ հասարակության, ընկերների, իր շրջապատի կողմից տրված, եւ այդ մարդկանց ճանաչում են այդպես, ո՞ւմ եք ուզում մեղադրել: Հասարակությունը մեր խորհրդարանի պատգամավորներին ճանաչում է իրենց մականուններով: Մարդիկ այդ տեսակն են: Դուք ուզում եք զրկե՞լ նրանց իրենց սեփականությունից»: