«Ես ուզում եմ, որ մամաս ծնունդիս տորթ առնի»

11/05/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

3-ամյա Սարգիսին մայրը լողացնում է Վարդաշենի հանրակացարանի 5-րդ հարկի իրենց սենյակի ուղիղ մեջտեղում, որտեղ եւ՛ քնում են, եւ՛ ճաշում, եւ՛ հյուրեր ընդունում… Տաշտակի մեջ լցվող ջուրն ամբողջությամբ թափվում է մահճակալների վրա տեղադրված անփույթ անկողնու վրա:

Մոր` Ռուզաննայի համար այս տեսարանը սովորական է, այլեւս ջանք էլ չի գործադրում` տաշտակի մեջ գտնվող երեխայի վրա ջուրը կամաց-կամաց լցնել, որ չթափվի: Ռուզաննան նյարդային շարժումներով ջուրը ցիր ու ցան է անում, կարծես իր միջի եղած զայրույթն այդկերպ է արտահայտում: Սարգիսը, կոկորդը պատռելով, անսպասելի սկսում է լաց լինել. պարզվում է՝ իմ հարցը նրան վիրավորել է: Իսկ ես երեխայի ուշադրությունը շեղելու համար ընդամենը հարցրել էի` «Ե՞րբ է քո ծննդյան օրը»: Հարցնում եմ` «Քեզ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ ես լաց լինում»: Ձայնն ավելի է բարձրացնում, այնքան, որ Ռուզաննան խառնվում է իրար եւ ոչ մի կերպ չի կարողանում որդուն հանգստացնել: Հոնգուր-հոնգուր լաց լինելով` Սարգիսն ականջ ծակող բղավոցով ասում է. «Ես ուզում եմ, որ մամաս ծնունդիս տորթ առնի, իսկ ինքը չի առնում: Ես տորթ եմ ուզում»: Ռուզաննան ամաչելով ու շփոթված՝ նրան տաշտակից դուրս է բերում, չորացնում է ու պահարանի վրայից մի ցելոֆան իջեցնելով առաջարկում է որդուն. «Ա՛ռ, բալես, քեզ տորթ եմ տալիս, կե՛ր»,- Սարգիսին մխիթարում է նա: Ռուզաննայի տված փաթեթը, սակայն, ոչ թե տորթ է, այլ` կարկանդակի փշրանքներ: Սարգիսը լացի ձայնը կտրելով՝ վերցնում է տոպրակն ու փշրանքները լցնելով ձեռքի ափի մեջ` հանգստացած ու հրճվանքով սկսում է ուտել:

Ռուզաննա Վարդանյանը միայնակ մայր է, եւ չնայած իր սոցիալական ծանր պայմաններին` շատ ուշադիր եւ նրբանկատ մայր է: Ասում է, որ իր ամուսնությունն անհաջող է եղել, քանի որ ամուսինը հարբեցող էր, խմում ու սկսում էր սկանդալներ սարքել: «Ես կանացի շատ բարդ վիրահատություն տարա: Ասեց` մեկ ա, քեզնից երեխա չի լինի: Ահավոր տիպ էր, իմ ու իրա ծնողներն էին մեզ ամուսնացրել, նույնիսկ նորմալ ծանոթ չենք էլ եղել: Ծեծելով, ջարդելով հեռացավ, բաժանվեց»,- պատմում է Ռուզաննան, ով ամուսնու խոսքերից այնպես է ընկճվել ու կոտրվել, որ երկար ժամանակ ինքն իրեն չի գտել: Ասում է` «Կապվեցի մի տղամարդու հետ եւ, բարեբախտաբար, հղիացա: Ես չէի ցանկանում ամբողջ կյանքում մենակ մնալ, էդ մենակության վախն ինձ սպանում էր»: Սարգիսի ծնվելուց հետո, սակայն, նա կրկին հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ ամուսինն իրենց տիրություն չի անում: «Ինքը ոչ աշխատում ա, ոչ էլ փող ունի: Ոչ մի բանով չի կարողանում մեզ օգնել: Երբ գալիս ա երեխային տեսնելու` ահավոր վատ ա զգում, որ ոչ մի բանով չի կարողանում օգնել: Շատ ժամանակ ամոթից կորում ա, մեր դուռը չի բացում»,- պատմում է Ռուզաննան, ով երեխային, այնուամենայնիվ, միայնակ է մեծացնում: Հարցնում եմ` «Աշխատո՞ւմ եք»: «Այո՛, աշխատում եմ, բայց չգիտեմ, աշխատե՞լն է ճիշտ, թե՞ չաշխատելը, որովհետեւ ես 10.000 դրամ նպաստ էի ստանում, երբ աշխատանք չունեի: Հիմա ընդունվել եմ աշխատանքի` զրկել են նպաստից: Ասում են, եթե աշխատում ես` նպաստ չի հասնում, բայց ախր չեմ հասկանում` մեր պետությանը պետք ա, որ իրա քաղաքացին աշխատի՞, թե՞ տանը նստի նպաստ ստանա»,- զայրացած հարցնում է նա: Ռուզաննայի զայրույթը գուցեեւ տեղին է, որովհետեւ զինվորական հոսպիտալում հավաքարարություն անելով` նա ստանում է ընդամենը 28.000 դրամ: «Հասկանո՞ւմ եք, այդ գումարով ես 3 տարեկան երեխայիս կաթն անգամ չեմ կարողանում ապահովել: Բոլոր խանութներին պարտք եմ: Առավոտից երեկո հոսպիտալում ավել եմ անում, ես աշխատող եմ, չեմ նեղվում, բայց էդ նպաստն ինձ շատ կօգներ»,- ասում է Ռուզաննան` վստահեցնելով, որ պետությունն այդ կերպ իր քաղաքացուն պատժում է: Քանի որ անգամ մանկապարտեզ ընդունելու համար նա վճարունակ չէ` Սարգիսին ամեն օր մի հարեւանի մոտ է թողնում, մինչեւ աշխատանքից տուն կգա: «Ոչ մի հարազատություն չունեմ էստեղ, որ խնդրեմ` երեխայիս տիրություն անեն, մինչեւ աշխատանքից գամ»: Ռուզաննան 10 տարի է, ինչ հանրակացարանում է ապրում, իսկ ընդհանուր բնակիչների համար ծառայող կոմունալ պայմանները նկարագրելու համար ասում է` «Խոլերայի բուն ա, սարսափելի ա: Մեր երեխեքի մեջ մի օր վարակ կընկնի»: Սարգիսը կրկին նյարդային բղավում է: Ասում եմ` «Հիմա՞ ինչ եղավ»: Մայրն ասում է` «Ներվային ա երեխես: Թոքաբորբով հիվանդ ա, նույնիսկ թոքախտ էին կասկածում: Էս խոնավությունը երեխա՞ կթողնի»: Ռուզաննայի սենյակը հանրակացարանի վերջին` 5-րդ հարկում է, որի տանիքն աննկարագրելի փլվածքներ ու ճեղքեր ունի: Տանիքից անձրեւաջրերն ուղիղ թափվում են մոր ու որդու մահճակալների վրա: Անկողինը համարյա թաց է: Հարցնում եմ` «Երեխային էստե՞ղ եք քնացնում»: «Բա ի՞նչ անեմ, սենյակն էնքան փոքր ա, որ մահճակալը ոնց պտտում եմ, որ անձրեւաջրերի տակը չլինի` մեկ ա՝ էլի վրան ա կաթում: Գիշերը քնած ենք լինում` մեկ էլ կեղտաջրերը լցվում են ուղիղ մեր վրա»,- պատմում է Ռուզաննան` նշելով, որ երեխայի ծնված օրվանից հիվանդանոցի դռներից տուն չի գալիս: «Ես էլ թունավոր զոբ ունեմ: Մի օր խեղդվում էի, էլ չէի դիմանում, գնացի բժշկի` փող ուզեցին: Գլուխս կախած հետ եկա»:

Ռուզաննան քնած ժամանակ հաճախ նոպաներ է ունենում ու շնչահեղձ է լինում: Ասում է` «Վախենում եմ մի բան լինի: Երեխայիս վիճակը ո՞նց կլինի, իմ համար չեմ մտածում»:

Ռուզաննայի համար գիշերը տառապանք է, քանի որ մի կողմից իր ու որդու վրա թափվող անձրեւաջրերի դեմ է պայքարում, մյուս կողմից էլ` պայքարում է, որ շնչահեղձ չլինի ու չխեղդվի: