Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին իրենց տեսակետները հայտնող տաքսու վարորդների տրամաբանությունը շատ հետաքրքիր է: Եթե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ընտրություն կատարելուց առաջ տաքսու վարորդների պես գիտակցի իր քվեի արժեքը, ապա կարող ենք հուսալ, որ ընտրողի ձայնը ոչ թե վաճառված է, այլ` կատարվել է գիտակցված ընտրություն:
«Ինքնըստինքյան» բառից ցլի պես կատաղում եմ»
Վարորդ Միքայելը փորձում է բացատրել, թե ինչո՞ւ ինքը ձայն չի տա նախորդ ընտրություններում հաղթած պատգամավորներին: «Օրինակ` ես հարցս ուղղում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ժողովուրդը ձեզ վստահեց եւ ընտրեց: Դուք ունեցաք պատգամավորական մանդատ, որով պարտավորվում էիք 4 տարի ամեն օր գալ աշխատանքի: Ժողովրդի հաշվին ստանում էիք աշխատավարձ աշխատանքի գալու եւ օրենք գրելու համար: Ուրեմն` ո՞ւր էիք դուք ամբողջ 4 տարվա ընթացքում: Ընդհանրապես ես միշտ հետեւել եմ ԱԺ նիստերին, մանավանդ հարց ու պատասխանի օրը ուշադիր եմ եղել, թե ովքեր են հարց բարձրացրել: Հիմա ժողովրդի տված մանդատն օգտագործեցիք ձեր բարեկեցության համար, բայց մեզ դրանից ոչ մի բարոյական կամ նյութական օգուտ չեղավ: Ծառուկյան Գագիկին ես 4 տարվա մեջ ԱԺ-ում չեմ տեսել: Հիշում եմ` մի անգամ ժուռնալիստներն էնպես էին վրա տվել, հավաքվել, որ երեւի հազիվ էդ մի օրը երեսը տեսել էին»,- զայրացած ասում է Միքայելն ու խնդրում ձեւի համար մի օրինակ մատնանշել, թե Գ. Ծառուկյանն ի՞նչ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: «Ես չեմ հասկանում` պատգամավոր ուզում են դառնալ օրենք գրելո՞ւ, թե՞ մեզ թալանելու համար: Մի դեպք ասեք, որ նա կանգնած է եղել միկրոֆոնի առաջ ու ժողովրդին անհանգստացնող մի հարց է բարձրացրել: Հիմա կանգնել, ասում է` իշխանությունը ժողովրդինն է: Տեսնես ինքը հավատո՞ւմ է իր ասածին: Ես իրեն մանդատ եմ տվել, որ ինքը շահագործի՞ իմ իշխանությունը: Օրինակ, եթե դուք աշխատանքի չգնաք, գործ չանեք ու միայն ձեր անձնականով զբաղվեք` ձեր ղեկավարը ձեզ չի՞ հեռացնի, չի՞ զրկի աշխատավարձից, չէ՞ որ իշխանությունը նրանն է, իսկ դուք ընդամենն աշխատող եք: Տեսնես իրենք իրենց հարց տալի՞ս են կամ չե՞ն ամաչում, որ 4 տարվա մեջ մարդկանց վրա չեն նայում, իսկ ընտրության ժամանակ փրկչի կերպարանք են ստանում: Պատասխանատվության զգացում չունե՞ն, որ, եթե ժողովուրդը վստահել է, ուրեմն՝ պետք չէ չարաշահել այդ վստահությունը։ Նույնը վերաբերում է Արամ Սարգսյանին եւ Ստեփան Դեմիրճյանին: Ես չեմ ընտրի մի մարդու, որին իշխանություն ենք տվել, բայց արհամարհել ու շահագործել են մեզ»,- ասում է Միքայելը` վստահեցնելով, որ ընտրելու է միանգամայն նոր մարդկանց, ովքեր կլինեն գրագետ, բանիմաց եւ «ինքնըստինքյան» բառն ընդհանրապես չեն օգտագործի, որովհետեւ` «Ես արդեն ցլի պես էդ բառից կատաղում եմ: Ո՞նց կարելի է պատգամավորության թեկնածուն, որն ամբողջ մի պետություն է ներկայացնում, նույն նախադասության մեջ 7 անգամ «ինքնըստինքյան» ու «քցենք թե» բառերն օգտագործել»: Միքայելը վստահեցնում է, որ հետեւում է բոլոր թեկնածուների բառապաշարին եւ գիտելիքներին, որովհետեւ այսօր գրագիտությունն ամենադեֆիցիտ բանն է խորհրդարանում:
«Եռահարկ ջիփերից ներքեւ չեն նայում»
Վարորդ Լեւոնը վստահեցնում է, որ իր համար որպես մարդկային կերպարներ՝ ամենաընդունելին Դաշնակցական կուսակցության նախարար անդամներն են: «Տաքսու վարորդներն ամենաշատն են փողոցները չափչփում, ու ասեմ ձեզ, որ էդ պաշտոնյաների վարքին ամենաշատը մենք ենք տեղյակ: Կառավարության շենքի մոտակայքում շատ եմ տեսնում դաշնակցական նախարարների, որոնք ոտքով քայլում են: Օրինակ` մի քանի օր առաջ Սոցապ նախարար Աղվան Վարդանյանը կառավարական շենքից ոտքով գնում էր դեպի ՀԱՄԽ-ի շենք: Մեկ էլ ձեռնափայտով մի մարդ մոտեցավ, կանգնեցի մեքենայով, ասեցի՝ հըլը պետք ա նայեմ, տեսնեմ, թե էս մարդուն ո՞նց ա վերաբերվելու: Զգացի, որ էդ մարդն ինչ-որ հարցով դիմում ա, երկար ժամանակ նախարարը հետը խոսալով, ման գալով առաջ էր գնում: Հետո, երբ էդ մարդն իրան հրաժեշտ տվեց, գնաց` ասի հըլը պիտի հարցնեմ, տեսնեմ՝ ի՞նչ էր ասում: Պարզվեց՝ հաշմանդամ մարդ էր, բուժման համար փող էր պետք, ուզել էր, հանել՝ տվել էր: Շատ տպավորվեցի էդ օրը, բայց ոչ թե նրա համար, որ էդ մարդուն փող էր տվել, այլ, որ տենց ման գալով, հասարակ էր իրան պահում: Կրթության նախարարին էլ եմ շատ տեսնում փողոցով քայլելիս, ազատ, անկաշկանդ: Էդ շատ կարեւոր արժեք ա, որովհետեւ մյուսներն իրանց եռահարկ ջիփերից ներքեւ չեն էլ նայում,- պատմում է Լեւոնն ու նաեւ մատնանշում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Օրինակ` ինքը շատ օրինապահ մեքենա վարող ա: Ճիշտ ա, ինքը չի վարում, բայց վարորդը պարտաճանաչ սվետաֆորին հետեւում ա, վրաերթ չի անում: Դե՛, արդեն ոնց որ համարներով ճանաչում ենք հայտնի մարդկանց մեքենաները: Թե՛ իրա մեքենան, թե՛ իրա առջեւից գնացող մեքենան շատ օրինապահ ա երթեւեկում, իսկ մյուսները քիչ ա մնում գան, լխճեն-անցնեն: Պիտի հմուտ լինես, որ դրանց տրյուկներից կարողանաս էդ արանքներից պլստաս: Մեր քաղաքական գործիչներից ամենակարգապահ երթեւեկողը Սերժն ա, իրա մեքենաների վարորդների վարքագծից երբեք չես մտածի, որ կողքովդ վարչապետն ա անցնում: Ոնց որ մեզնից մեկը լինի»,- ասում է Լեւոնն ու հայտարարում, որ ինքը կընտրի այն մարդուն, ով կկարողանա համոզել, որ «նա հասարակ մարդկանցից, ժողովրդից մեկն է»:
«Ժողովրդի ծոցը ցամաքել ա»
«Ոչ գնալու եմ, ոչ էլ ընտրելու եմ»,- անտարբերությամբ ասում է վարորդ Սուրենը: Նրա կարծիքով՝ հայաստանյան իրականությունն այն աստիճան զավեշտի է հասել, որ հնարավոր է՝ 4 տարի հետո ցուցակում իր անունն էլ տեսնենք: «Հա՛, հա՛, եթե էսօր փող դիզելու միակ միջոցը պատգամավոր դառնալն ա, ուրեմն` ես էլ կուզեմ փող ունենալ: Մանավանդ, որ ավելի խելոք եմ, քան հարյուրավոր տուպոյ թեկնածուներ: Դու էլ խելոք-խելոք կգաս ու ինձ կընտրես: Չես ուրանա, սաղին կասես, որ էս մարդը տաքսու վարորդ ա աշխատել: Ժողովրդի ծոցից դուրս եկած ա»,- ասում է Սուրենն ու քահ-քահ ծիծաղում: «Որ չեն ասում` ժողովրդի ծոց` ծիծաղից մեռնում եմ: Տո՛, ժողովրդին ծո՞ց ա մնացել, չորացել-ցամաքել ա: Օրինակ, որ Տիգրան Կարապետյանին ասում են՝ ժողովրդի ծոցից դուրս եկած ա: Տո՛, երբ որ ժողովրդի ծոցը մթից ու ցրտից ոսկոր էր դառել, էդ ո՞ւր էր Տիգրան Կարապետյանը: Մեր հետ մութ ու ցո՞ւրտ էր հաղթում, թե՞ դոշ էր փարթամացնում: Ժողովրդի ծոցից ես եմ դուրս եկել, որ իմ ազգ ու տակը աշխատավոր ա եղել, հալալ քրտինքով ա ապրել, ու էսօր սաղս սենց վիճակում ենք: Պատերազմի ժամանակ էլ մեր ազգի տղերքը կազմ ու պատրաստ կամավոր գնացել են կռվելու: Մի խոսքով` ներվայնացա… Բայց ի՞նչ վատ տղա եմ որ, ինձնից լավ տղե՞րքն են պատգամավոր դառնում: Մի քիչ մազերս ա թափած, էն էլ` ոչինչ, շարել կտամ: Մի քիչ էլ նիհար եմ, էդ էլ ոչինչ, կուռեմ: Նենց որ դու հիմիկվանից իմ մասին գրի, քարոզչություն արա, ու ես 4 տարի հետո կփրկեմ ձեր կյանքը, Հայաստանը կդարձնեմ դրախտ, թոշակներըգ չէ՛, թոշակ չեմ բարձրացնի, որովհետեւ երկնքից մանանա եմ թափելու: Ղարաբաղը վերցնելու եմ` Ադրբեջանն էլ հետը, Ռուսաստանին ուղարկելու եմ ամառային արձակուրդներ, հերիք եղավ ինչքան Հայաստանին եղբայրություն արեց ու ճգնաժամից հանեց»,- հեգնանքով ասում է Սուրենն ու վստահեցնում, որ նախընտրական այս ժամանակահատվածում քաղաքական գործիչների ֆանտազիան այնքան լավ է աշխատում, որ «վախենում ես դրանց ուղեղի ֆազը նոլին խփի»:
«Էսօր ո՞ւմ են դնգստել»
Վարորդ Վարդանն արդեն ինքն է խոսակցությունը սկսում. «Հը՞, էսօր ի՞նչ ա եղել, հըլը ոչ մեկը մյուսին չի դնգստե՞լ: Նորություններով բան չեն ասում, ոնց որ էսօր մարդ չեն խփել, սպանել: Տարօրինակ ագ,- զարմացած ասում է նա ու հավելում,- Շիրխանյանի գործից նորություն չկա՞: Ճիշտ ասած, ես որոշել եմ ձայնս տալ «Հանրապետություն» կուսակցությանը, ավելի ճիշտ` ընդդիմությանը` «Իմպիչմենտ» դաշինքին: Ես` ինքս պարտադիր մասնակցում եմ իրանց բոլոր հանրահավաքներին, ու լավ էլ առաջ են գնում, բայց կջարդեն, չեն թողնի: 2004-ի ծեծուջարդի ժամանակ ես էլ էի էնտեղ, միտինգի ակտիվիստներից էի: Դուբինկավորները հաստ սապոգներով կողքիս մարդկանց ջարդում էին, բայց ինձ ձեռք չտվին, իմ համար էլ էր տարօրինակ: Էդ ի՜նչ ծեծ տվին մարդկանց: Նույնն էլ հիմա կանեն, չեն թողնի, որ մարդկանց թափը մեծանա: Ես իմ տեսակով ընդդիմադիր եմ ու չեմ վախենում, իսկ եթե վախենայի` ձեր մոտ սենց ռիսկով չէի խոսա: Էդ միտինգներից մենակ մի բան դուրս չի գալիս, որ Նիկոլ Փաշինյանը գոռում ա` «Վերջ տանք դոդացմանն ու սերժանտացմանը»: Էդ տղեն իրա կյանքից ձեռ ա քաշել, չեն թողի, որ տենց խոսա: Էդ ամեն ինչը կարելի ա մի քիչ ուրիշ ձեւով ներկայացնել, թե չէ` տենց գոռալը ճիշտ չի, էլի»,- ասում է հանրահավաքների ակտիվիստ Վարդանը, ով 2003թ. նախագահական ընտրություններին իր ձայնը տվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Թեեւ վարորդ Վարդանը համոզված է, որ ընդդիմությունը չի հաղթելու, բայց իր ձայնը նրանց է տալու:
«Սերժ Սարգսյանին եմ ես ընտրելու»
Վարորդ Սարգիսը մտահոգ է նախընտրական «վրաերթերով»: «Իրար են փնովում, իրար վարկաբեկում, գնալով տաքանում ա վիճակը: Ես ընդդիմության միտինգներին գնում եմ, ինձ հետաքրքիր ա, բայց դրանք կամ էս ժողովրդի գլխին մի բան են խաղալու՝ կրակը գցեն, իրանք՝ թռնեն, կամ, չգիտեմ՝ կգնա՞ն մինչեւ վերջ: Բայց իրանց ուզածն էլ չեմ հասկանում: Ես երեք երեխա ունեմ, երկուսը բարձրագույն սովորող են, տղաս արդեն ուզում ա ամուսնանա: Ես ուզում եմ՝ էս երկրում խաղաղություն լինի: Նորերը որ գան, գիտեք մեզ չե՞ն թալանելու, հըլա դրանց պաշտոն տուր ու ստուգի: Հասկացանք՝ իշխանության կռիվ ա, բայց մի քիչ էլ թող էս ժողովրդի մասին մտածեն, օպոզիցիան էլ ոնց որ մենակ իրանց իշխանության գալու մասին մտածի, իսկ թե ինչ կլինի երկիրը՝ նրանց պետքը չի: Խոսելը հեշտ ա, հիմա սարեր են խոստանում, դրանցից շատերը նախկինում իշխանության մեջ էին, կարող ա՞ մոռացել ենք: Դրա համար ես քվեարկելու եմ Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի օգտին: Իշխանություն տեսած, ամեն ինչ տեսած մարդ ա: Գլուխը կախ՝ իրա քարոզարշավն ա անում: Էն օրը տեսա՞ք ոնց էր ջղայնացել էն նախարար-մախարարների վրա, որ ժողովրդի նամակներին չեն պատասխանում, ու լայեղ չեն անում մարդկանց ընդունել: Օղորմածիկ Անդրանիկ Մարգարյանը սաղին էլ լավ՝ տակից-վրայից ճանաչում էր, դրա համար էլ կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին: Իսկ Անդրանիկ Մարգարյանը շատ հասարակ, կամեցող ու հեռուն տեսնող մարդ էր: ժողովուրդը գնահատում էր նրան, դրա համար նրա թաղման օրը տեսաք, թե ինչ էր կատարվում՝ ասեղ գցելու տեղ-դադար չկար»:
«Ճարպոտ, սափրագլուխ, փողոցային ժարգոնով խոսացող»
Վարորդ Մուշեղն ասում է, որ ինքը սատարելու է «Կոմեդի քլաբի» Գարիկ Մարտիրոսյանի եղբոր՝ Լեւոնի կուսակցությանը: «Ես երիտասարդ եմ ու շատ լավ հասկանում եմ, որ մեր երկրի ջահելությունն իրենից մեծ ուժ է ներկայացնում: Օրինակ Գարիկը, էդ տղեն թիկունք չուներ, չէ՞, բայց իր տաղանդով ու գրագիտությամբ նվաճեց ամբողջ Ռուսաստանի սերը: Նույնն էլ եղբայրն է, որ խոսում է` ուզում ես անընդհատ իրեն լսել, շատ կարդացած ու բանիմաց տղա է: Մեր ստաժավոր քաղաքական գործիչները, ովքեր ամբողջ կյանքում պայքարում են պատգամավոր դառնալու համար, կեղտոտ խաղի մեջ ներքաշված են, նրանցից մաքուր բան չես սպասի: Նրանք ճահիճի մեջ են, ու ինչքան էլ պահանջենք, որ դուրս գան, միեւնույն է, նրանք ավելի խորն են խրվելու ու մեզ էլ իրենց հետ տանելու են: Երիտասարդները կարող են լրիվ փոխել մեր երկրի վիճակը, որովհետեւ ավելի խելամիտ ու ազատ են: Սրանք բոլորն էլ իրարից կախված են, ու եթե շղթայի մի օղակը պոկվի` վայ դրանց ճակատագրին: Բոլորի տակը հանցանք կա»,- ասում է Մուշեղը` հավատացնելով, որ ՄԻԱԿ կուսակցության նախագահը շատ մաքուր ու ազնիվ տպավորություն է թողնում իր վրա: «Էդ տղայի արտաքինից երեւում է, որ նա ծախվողներից չի, սկզբունքային ու գաղափարով տղա է: Արտաքինը մարդու մասին շատ բան է ասում, բայց նրա գիտելիքներն էլ մեծ են: Մեր մոտ պատգամավորի այս կերպարն է ձեւավորվել` ճարպոտ, սափրագլուխ ու փողոցային ժարգոնով խոսացող: Բայց պետք է փոխենք մեր խորհրդարանը, ի վերջո, դա Ազգային ժողով է, որտեղ ազգի կարեւոր մարդիկ պիտի լինեն, ու նրանցով պետք է մեր երկրի մասին պատկերացում կազմեն: Ես շատ հպարտ կլինեի, որ Լեւոն Մարտիրոսյանի նման տղաներն այդ տեղերը զբաղեցնեին»: