Այսօր ցանկացած պաշտոնյայի ու քաղաքական գործչի նիստուկացը գաղտնալսվում է: Գաղտնալսվում են նաեւ նրանց հեռախոսները, եւ այս ամենն ակնհայտ է:
Երեկ «Ուրբաթ» ակումբում նման հայտարարություն արեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: «Օրինակ՝ ես կին եմ, կարող է որեւէ կնոջ հետ ինչ-որ բան եմ խոսում, որ հաճելի չէ, որ մի երրորդ մարդ դա լսի: Լավ, անհարմար չի՞»,- հարցնում էր տիկին Բիշարյանը՝ պնդելով, որ իր հեռախոսը եւս գաղտնալսվում է: «Այսօր ձերբակալումներ են տեղի ունենում, դատապարտելի երեւույթ է: Ձերբակալումներ, չգիտեմ ով որտեղից ինչքան գումար ստացավգ : Մեր երկրում որեւէ մեկը չի կարո՞ղ շնչել: Այդ նույն գումարի չափ իրենք ռեստորաններում օրական ուտում-խմում-քեֆ են անում»,- նշեց նա: ՕԵԿ փոխնախագահը երեկ խոսեց նաեւ ընտրակաշառքների բաժանման դեպքերի ու այլ օրինախախտումների մասին: Նա հայտարարեց նաեւ, թե Երրորդ գյուղում, Չորրորդ գյուղում ՀՀԿ-ի օգտին նախապատրաստվում է «կարուսել», որի համար տալիս են 5-10000-ական դրամ: Ըստ Հ. Բիշարյանի, «կարուսել» է նախապատրաստվում նաեւ թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված նախկին ՕԵԿ-ական Գրիգորի Մարգարյանի օգտին (տիկին Բիշարյանը եւս բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հետ առաջադրված է այս նույն ընտրատարածքում): Իր ունեցած այս տեղեկությունները Հ. Բիշարյանը փոխանցել է իրավապահ մարմիններին: Ի դեպ, երեկ երբ լրագրողները Հ. Բիշարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իրենք չեն դիմում իրավապահ մարմիններին, եթե վստահ են, որ իրենց ապօրինաբար գաղտնալսում են, ՕԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Ես միշտ ասում եմ, որ այս երկրում օրենքները չեն գործում: Կատարողն էլ են իրենք, պատժողներն էլ են իրենք: Ո՞ւմ դիմենք, իրենց դիմենք, ասենք՝ ինքներդ ձեզ պատժե՞ք»: Այստեղ Հ. Բիշարյանի հետ չհամաձայնել չի կարելի. մեր դատական համակարգի վիճակը բոլորիս է հայտնի: Սակայն հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսման կապակցությամբ իր՝ դատարան չդիմելն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս հիմնավորել է մոտավորապես այնպես, ինչպես Հ. Բիշարյանը: Ու շատ հետաքրքիր բան է ստացվում. ստացվում է, որ Հ. Բիշարյանն ու ՕԵԿ-ը ՀՀԿ-ի ու իշխանական այլ ուժերի կողմից կատարվող ընտրախախտումների համար դիմում են իրավապահ մարմիններին, բայց գաղտնալսման հետ կապված այդ նույն իրավապահ մարմիններին չեն վստահում: Բայց վերադառնանք ընտրակաշառքներին: Լրագրողներից մեկը Հ. Բիշարյանին փոխանցեց, թե ասում են, որ Գյումրիում էլ ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը գարեջուր է բաժանում: «Ի սեր Աստծո, Սամվել Բալասանյանը երեկ գործարանի բացում է արել եւ բոլորին գարեջուր է հյուրասիրել՝ գարեջրի գործարանի բացման հետ կապված: Գարեջուրն ընտրակաշառք չէ: Ցանկացած գյումրեցու, ով առնչվում է Բալասանյանի հետ, որ հարցնեք՝ ուղղակի այդ մարդը տարին 12 ամիս իր բարերարությունն անում է»,- այսպես արձագանքեց Հ. Բիշարյանը: Նկատենք, որ հիմա ընդունված է ասել, թե այսինչ մարդը տարիներ շարունակ բարեգործություն է անում, այդ թվում՝ եւ հիմա, ու դա ընտրակաշառք համարել չի կարելի: Օրենքի հերն էլ անիծած: Տեսնես այդ ո՞նց է ստացվել, որ մեր երկրում ինչ-որ գործարար դեռեւս սաստիկ ընդդիմադիր ՕԵԿ-ի շարքերում է: Չէ՞ որ մեզ մոտ 50 հազար դոլար ունեցող ընդդիմադիրին ձերբակալում են, որ հանկարծ նա այդ փողերով հեղափոխություն չանի: «Մարդկանց 70%-ը դժգոհ է այս իշխանություններից: Այդ ո՞նց եղավ, որ վաղը նրանք ամենամեծ տոկոսներն են հավաքելու այս երկրում»,- երեկ հարցնում էր Հ. Բիշարյանը: Բացատրենք. ոչ այնքան վաղ անցյալում էլ մարդկանց 70%-ը դժգոհ էր այս իշխանություններից, բայց դա չխանգարեց, որ ժողովուրդը «գնա» ու մոտ 95%-ով «Այո» ասի սահմանադրական փոփոխություններին: Ա՛յ, ճիշտ այդպես էլ իշխանական կուսակցությունները շատ ձայն «կստանան»: Իսկ մանրամասներին ՕԵԿ-ում պետք է լավ տիրապետեն, որովհետեւ իրենց ներկայացուցիչն էր «Այո» շտաբի պետը, այդ նույն ՕԵԿ-ն էր 2003-ին եւ 2005-ին ակտիվորեն մասնակցում «կեղծենք միասին» օպերացիայինգ : Էլ չենք խոսում այն մասին, որ 2004թ. ապրիլի լույս 13-ի գիշերն ՕԵԿ-ի ղեկավարի կողմից ղեկավարվող ԱԺ-ն իր տարածքը տրամադրեց խաղաղ ցուցարարներին ծեծելու համար: Երեկ տիկին Բիշարյանը նաեւ պնդեց, որ ՕԵԿ-ը լուրջ ձայներ է ստանալու մայիսի 12-ին, բայց «ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ հրահանգ են տվել, որ ՕԵԿ-ի ձայները պետք է կրճատվեն»: Նրա հավաստմամբ՝ Ա. Բաղդասարյանի հետ կապված գաղտնալսման այս ողջ պատմությունը նպատակ ուներ նվազեցնել ՕԵԿ-ի վարկանիշը, սակայն, ըստ Հ. Բիշարյանի, կրկնակի բարձրացել է, եւ ՕԵԿ-ի հանրահավաքներն ավելի մարդաշատ են դարձել: Ի՞նչ իմանաս, գուցե իրականում հենց այդ նպատակով էր ամբողջ պատմությունը: