Ստեփանակերտում 10 տարի անց նորից զորահանդես էր

11/05/2007

10 տարվա ընդմիջումից հետո Ստեփանակերտում մայիսի 9-ին նորից զորահանդես կազմակերպվեց: Առավոտից մայրաքաղաքի Վերածննդի հրապարակը մարդաշատ էր. մարդիկ եկել էին ականատեսը լինելու ԼՂՀ ռազմական կարողությունների ցուցադրմանը: Ղարաբաղ էին ժամանել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, որն, ի դեպ, օրերս ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, զինվորականներ, հյուրեր տարբեր երկրներից:

Շքերթին մասնակցում էին ուսումնական զորամասերի կուրսանտները, ինժեներա-սակրավորները, ՊԲ կապավորները, հետախույզները, հատուկ նշանակության ջոկատները, հանրապետության զինված ուժերի ավիացիոն, տանկային ստորաբաժանումները, ՊԲ մոտոհրաձգային ուժերի անձնակազմերը, արագ արձագանքման ու հակատանկային ստորաբաժանումները, ՊԲ հրետանավորները, փողային հրետանին, հակաօդային պաշտպանության զորաշարը եւ այլն:

Պետական կառավարման պատվիրակությունը Վերածննդի հրապարակից ուղեւորվեց Ստեփանակերտի հուշահամալիր, այնուհետեւ` Շուշի, որտեղ նույնպես կազմակերպվել են Եռատոնին նվիրված տարբեր միջոցառումներ: Տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ ԼՂՀ շրջկենտրոններում եւ գյուղերում:

Մայիսի 9-ի երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տոնական համերգ եւ հրավառություն կազմակերպվեց: