Ովքե՞ր են համաձայնության եկել միասնական թեկնածուի շուրջ

11/05/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Օրերս ԼՂՀ խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերը` Արցախի ժողովրդավարական, Արցախի ՀՅԴ, «Ազատ Հայրենիք», «Շարժում-88» կուսակցությունները հայտարարել են, որ համաձայնելով ԼՂՀ առաջիկա տարիների արտաքին ու ներքին քաղաքականության օրակարգի սկզբունքների շուրջ եւ անցկացնելով լրացուցիչ խորհրդատվություններ, որոշել են հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրություններում պաշտպանել քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Բակո Սահակյանի թեկնածությունը։

Նշված հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ հանդես են եկել «Շարժում-88» կուսակցության մի խումբ ակտիվիստներ, որոնք նշել են, որ «Շարժում-88» կուսակցության նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը լիազորված չէր վարչության անունից նման փաստաթուղթ ստորագրելու, «քանի որ կուսակցության վարչության նիստ չի կայացել եւ Բ. Սահակյանին պաշտպանելու մասին որոշում չի ընդունվել»:

Սա գուցեեւ հասարակության տարբեր շրջանակներում շրջանառվող այն զրույցների ապացույցն է, որ միասնական թեկնածուի շուրջ համաձայնության են եկել կուսակցությունների վերնախավերի որոշ ներկայացուցիչներ: Նմանօրինակ մի փաստի մասին էլ օրերս KarabakhOpen ինտերնետային թերթում նշել է ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը՝ քաղաքագետ Իգոր Մուրադյանը, որի խոսքերով, «միասնական թեկնածուի այդ բովանդակությամբ գաղափարը ոչ միայն կասկածներ, այլեւ մտահոգություն է առաջացրել ղարաբաղյան դաշնակցականների շարքերում»: Նա նաեւ փաստեց, որ վերջերս կուսակցական ժողով է հրավիրվել, որի ընթացքում թեկնածուի վերաբերյալ այդպես էլ որոշում չի կայացվել, բայց պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մյուս քաղաքական ուժերի հետ խորհրդատվություններից հետո` կանդրադառնան այդ հարցի քննարկմանը: «Սակայն ժողովը չի կայացել եւ Հայաստանի ՀՅԴ ղեկավարներից մեկի` Հրանտ Մարգարյանի ցուցումով Արցախի կենտրոնական կոմիտեն որոշել է ստորագրել վերոնշյալ հայտարարությունը»,- նշում է Ի. Մուրադյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի 5 թեկնածուներ են առաջադրվել, որոնց գրանցումը կմեկնարկի մայիսի 30-ին, իսկ նախընտրական քարոզչությունը` հունիսի 10-ին: ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի կարծիքով, թեկնածուների շարքում ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի ներկայությունն արդեն իսկ փոքրիկ հաղթանակ է երկրի ժողովրդավարական իմիջի համար: «Դեպքերը զարգանում են ոչ թե ցանկալի՝ գաղափարական հենքի վրա, այլ քաղաքական ու ոչ քաղաքական հաշվարկներով, որտեղ գաղափարներն ու սկզբունքները «փոխզիջվում» են ի նպաստ միասնական թեկնածուի: Եթե դեպքերի այս զարգացմանը ոչինչ չխոչընդոտեր, ապա փաստորեն կուսակցությունների վերնախավը փաստի առաջ կկանգնեցներ ընտրազանգվածին եւ կզրկեր նրան այլընտրանքից, այն է՝ իրական ընտրություն կատարելու հնարավորությունից: Այդ սցենարի իրականացումը ենթադրում էր մյուս թեկնածուների զուտ ձեւական, վարագուրային մասնակցություն, քանի որ «միասնական թեկնածուն» եւ նրա մրցակիցները միանգամայն տարբեր «քաշային խմբերում» կլինեին: Սա ամեն ինչից զատ՝ կվնասեր նորանկախ երկրի ժողովրդավարական իմիջը: Մինչդեռ հանրության մի զգալի մասի հարգանքը վայելող Մասիս Մայիլյանի առաջադրումը խառնեց խաղաթղթերը՝ ի չիք դարձնելով հիշյալ սցենարը»,- այսպես է բացատրում Գեղամ Բաղդասարյանը: