Մինչ հայրենի իշխանություններն առիթ կունենան թմբկահարելու «Տուբերկուլյոզի դեմ պայքարի 2006-2010թթ. ազգային ծրագրի» խիստ արդյունավետությունը, Աբովյան քաղաքում գտնվող հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերը (ՀՀՏԴ) վերջին մի քանի ամիսների ընթացքում դարձել է աղմկահարույց իրադարձությունների թատերաբեմ:
Դիսպանսերի շուրջ աղմուկը սկիզբ է առել այս տարվա գարնանամուտին, երբ իր դիմումի համաձայն՝ տնօրենի պաշտոնից ազատվել է Սերժ Ստեփանյանը եւ փետրվարի 28-ին նշանակվել է նոր ղեկավար` դիսպանսերի բուժգծով տեղակալ, նախկին ՕԵԿ-ական, պրոֆեսոր Մարինե Սաֆարյանը: Նոր տնօրինության դիրքերի ամրապնդմանն ուղղված «ուղղիչ» օպերացիաներում խառնաշփոթը հասել է բուժանձնակազմային ծեծկռտուքի, իսկ հիվանդների շրջանում` հացադուլի: Իրավիճակը վերահսկելու եւ գնահատելու համար արդեն ՀՀ Առողջապահության նախարարությունում (ԱՆ) ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրություններ է իրականացրել եւ դրանից բխող «վերջնագիրը» կներկայացնի մինչեւ այս տարվա մայիսի 21-ը: Ինչեւէ, «168 Ժամ» թերթի խմբագրությանը փոխանցված նամակների կրկնօրինակներում դիսպանսերի տնօրենի դեմ մեղադրանքները բազմաժանր են: Մեջբերենք երիտասարդ հիվանդներ Մ. Ա.-ի, Ղ.Ա.-ի եւ Պ.Ա.- նամակից մի հատված: «Տնօրեն Մ. Սաֆարյանը հաջողությամբ ազատում է նորակոչիկներին ծառայությունից: Որոշակի գումարով առողջներին տրվում է տուբերկուլյոզ ախտորոշումըգԴիագնոստիկ բաժանմունքում բուժվում են քրոնիկ հիվանդներ` վտանգի ենթարկելով այլ պրոֆիլի հիվանդներինգ Դիսպանսերում Սաֆարյան Մ-ն ոչնչացնում է իրեն ոչ պիտանի բժիշկներին: Գործը հասել է ծեծկռտուքի»: Իսկ 7 հիվանդների եւ 4 խնամողների կողմից ստորագրված նամակում, որի կրկնօրինակներն ուղարկվել են նաեւ ՀՀ ԱՆ եւ Տուբերկուլյոզի ազգային ծրագրի (ՏԱԾ) ղեկավար Վահան Պողոսյանին, գրված է, որ նամակի հեղինակներն ականատես են եղել, թե ինչպես է բժշկուհի Լուսինեի ամուսինը ծեծի ենթարկել իրենց բաժնի վարիչ Ա. Ալավերդյանին, որի պատճառով նրանք իրենց դժգոհությունը հայտնել են տնօրինությանը, սակայն «ականատես հիվանդների մի մասին դուրս են գրել, իսկ մի մասին տեղափոխել այլ բաժանմունք, մնացածի սրսկումները հանել են»: Իսկ ահա տուբերկուլյոզով հիվանդ Ջ. Վարդանյանն իր նամակում գանգատվում է այն բանից, թե քանի որ ինքն այն հիվանդներից է, որ տեսել է, թե ինչպես են բաժնի վարիչին «խփում», իրեն դրա համար 13.04.07-ին դուրս են գրել` հաշվի չառնելով այն վտանգավոր փաստը, որ նա դեղակայուն հիվանդ է: Նրան դիսպանսերում բուժելու փոխարեն, համապատասխան դեղորայքի ցուցակով ուղարկել են տուն: Մեջբերենք 4 երեխաների մոր նամակից մի հատված. «Ես ունեմ զինվոր որդի, խնդրում եմ՝ իմ բուժումով զբաղվեք, իմ ընտանիքն աղքատ է, ես ո՞նց դեղեր գնեմ»: Նշենք նաեւ, որ դեղակայուն մեկ հիվանդի բուժման միայն մեկ փուլն արժե 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: «Առանց մեկնաբանությունների» շարքին է դասվում նաեւ մեկ այլ ուշագրավ` ՀՀՏԴ երկրորդ թերապեւտիկ բաժանմունքում մնացած հիվանդների անունից գրած Գ. Թամազյանի դիմումը. նա ահազանգում է, որ հիվանդանոցում ոտնահարված են հիվանդների իրավունքները, եւ նրանց հետ վարվում են ոչ մարդու նման: «Տնօրենի կողմից, ըստ բուժգծով տեղակալի, հանձնարարված է` մեզ որքան հնարավոր է շուտ դուրս գրել, այլեւս չընդունել հիվանդանոց: Առանձին-առանձին մեզ համոզում են դուրս գրվել, գնալ տուն եւ բուժվել գարնան ծաղիկներով: Մենք պատրաստվում ենք Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցում մարդկանց նկատմամբ կատարվող ոտնձգությունների մասին հայտնել ողջ հանրությանը, որովհետեւ այն, ինչ կատարում է հիվանդանոցի տնօրինությունը, պայքար չէ տուբերկուլյոզը բուժելու դեմ, այլ պայքար է այն արհեստական ճանապարհով մեծացնելու դեմ»,- գրված է նամակում:
Տուբերկուլյոզը հայտարարված է գերակա ճյուղ
Աբովյանում գտնվող 9 հա տարածք ունեցող, ծառապատ հանրապետական հակատուբդիսպանսերը նախկինի նման անմատչելի չէ, թեեւ խորհրդային տարիներին այս բուժօջախ մտնելը հավասարազոր է եղել բերդի անցակետ հաղթահարելուն: Իսկ հիմա մուտքն ազատ է, յուրաքանչյուր ոք կարող է անարգել մտնել տուբերկուլյոզի մեծ ռիսկայնության գոտի: Շենքի կենտրոնական մասում տեղակայված է վարչական մասը, ձախակողմյան հատվածում` մանկական բաժանմունքներն են, իսկ դեպի աջ` հիվանդանոցի ամենախոցելի զանգվածի` դեղակայուն ձեւի տուբերկուլյոզով հիվանդների հիվանդասենյակներն են, որտեղ տեղակայված 25 հիվանդների շրջանում, ներկա դրությամբ փորձնական ծրագրեր է իրականացնում «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը: Իբրեւ բացիլակիր հիվանդներ, օրենքով չի թույլատրվում նրանցից որեւէ մեկի հետ շփվել: Ասում են, խորհրդային տարիներին, երբ տուբերկուլյոզը եղել է հարկադիր բուժման տիրույթում, նախատեսված չեն եղել տեսակցության ազատ ժամեր, նույնիսկ արգելված է եղել տնից բերված սննդի փոխանցումը հիվանդներին: Իսկ այն հիվանդները, որոնք հրաժարվել են ստացիոնար բուժումից եւ մեկուսացումից, դատարանի միջոցով նրանց ենթարկել են պարտադիր հոսպիտալացման: Հիմա այս մեթոդներով բուժումը դիտվում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, եւ տուբերկուլյոզով հիվանդ բացիլակիրները հայտնվել են մեր կողքին` երթուղային տաքսիներում, վերելակներում եւ ամենուր: Մինչեւ անկախության տարիները Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի ցածր ցուցանիշ. նախկին խորհրդային հասարակարգում Հայաստանը հիվանդության ցածր ցուցանիշով զիջել է միայն Էստոնիային եւ Լիտվային: Տուբերկուլյոզը հայտնի է իբրեւ սոցիալական հիվանդություն, թեեւ հիմա դիսպանսերում բարձրաստիճան պաշտոնյաներ էլ են բախտ ունեցել բուժվելու: Հիվանդությունը մեզ մոտ 2,5 անգամ աճել է երկրաշարժին եւ Արցախյան պատերազմին հաջորդող տարիներին: 1995թ. նկատմամբ հիվանդության կորագիծն արդեն սկսել է իջնել: Ժողովուրդը, նույնիսկ էլիտար զանգվածը տեղեկացված չէ, որ տուբերկուլյոզը ոչ միայն թոքերի հիվանդություն է, այլեւ տուբերկուլյոզով կարող է ախտահարվել ցանկացած օրգան` աչքերը, ուղեղը, ոսկորները, մաշկը, սեռական օրգանները, երիկամները: ՏԱԾ-ի համաձայն՝ այս տարի առաջին բուժօգնության օղակներում հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով կտեղադրվեն բժշկական մանրադիտակներ` ցանկացած պատրվակով պոլիկլինիկա հաճախած քաղաքացու թուքը հետազոտելու համար:
Նպատակահարմարի կամ ոչ նպատակահարմարի հարցը
Իսկ հիմա անդրադառնանք ներհիվանդանոցային այն կադրային եւ կառուցվածքային փոփոխություններին, որ ներկայացրեց մեզ հանրապետական տուբդիսպանսերի բուժգծով տեղակալ Լենո Աբգարյանը, ով սկզբում հայտարարեց, թե ասելու բան չունի, հետո, բանակցելով տնօրեն Մ. Սաֆարյանի հետ, մանրամասն ներկայացրեց դիսպանսերին մտահոգող խնդիրները եւ նոր տնօրենի կողմից դրանց լուծման ուղիները: Նշենք նաեւ, որ գործող տնօրեն Մարինե Սաֆարյանը նույնպես հպանցիկ արձագանքեց մեր այցին: «Հիվանդանոցի շուրջ ոչ մի աղմուկ, հացադուլ, դժգոհողներ չկան»,- եղավ նրա պատասխանը: Լ. Աբգարյանի ասելով, տարիներով կուտակված պարտքի պատճառով իրենք որոշել են օպտիմիզացիա իրականացնել, որպեսզի հիմնարկությունը շահի եւ ինչքան հնարավոր է՝ խնայողություններ անի: Այդ իսկ պատճառով ադմինիստրացիան որոշել է երկու բաժինները միացնել: Կառուցվածքային փոփոխությունները, Լ. Աբգարյանի ասելով, ընթացքի մեջ են, իսկ ներկա դրությամբ երկրորդ թերապեւտիկ բաժանմունքում պառկած է 37 հիվանդ: Մեր տեղեկություններով, հիշատակված օպտիմիլացված բաժանմունքի 180 մահճակալներից մնացել են 100-ը, ինչն անտրամաբանական է հանրապետությունում տուբերկուլյոզ հիվանդության աճի տենդենցի եւ 100 % պետպատվերի կարգավիճակ ունեցող բուժհաստատության համար: Ավելացնենք նաեւ, որ երկրորդ թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Ա. Ալավերդյանը պատկան մարմիններին հղած իր ապրիլի 16-ի դիմումում հայտնել է, որ թեեւ ինքը չունի երկու բաժանմունքները միավորելու մասին հրաման, արդեն իսկ ապրիլի 1-ից հիվանդանոցի շարժի գրքում երկրորդ թերապեւտիկ բաժանմունքը հանված է, եւ հիվանդներն արհեստականորեն կուտակված են առաջին թերապեւտիկ, վիրաբուժական, դիագնոստիկ բաժանմունքներում: «Այնպիսի 5 հիվանդներ կային, որոնք թերապեւտիկ բաժանմունքում չպետք է բուժումը շարունակեին, նրանք ենթակա էին բուժման վիրաբուժական բաժանմունքում, 8 հիվանդներ, որոնց բուժման ժամկետը լրացել էր, լավացումով տուն են ուղարկվել, 2 հիվանդ մահացել է, իսկ 2-ի մոտ ժխտվել է հիվանդությունը: Այսպիսով, փետրվարի 28-ից հետո բաժանմունքում եղած 37 հիվանդներից 24-ը կամ տեղափոխվել են, կամ մահացել են, կամ դուրս են գրվել, եւ ներկայումս այդ բաժանմունքում բուժվում է 13 հիվանդ: Դեռ վերջնականապես ոչինչ որոշված չէ»,- ասում է Լ. Աբգարյանը: Ինչ վերաբերում է հացադուլին, Լ. Աբգարյանը ժխտեց, թե հիվանդանոցում հացադուլ է եղել. պարզապես մի օր առավոտյան մի քանի հիվանդներ հրաժարվել են հիվանդանոցի առաջարկած նախաճաշից, սակայն կերել են տնից բերված ուտելիքը: Ըստ ՀՀՏԴ-ի գլխավոր հաշվապահ Սոֆյա Բալասանյանի, հիվանդանոցի պարտքերը 2 ամսվա ընթացքում են կուտակվել, բայց «աճողական են»: Դիսպանսերը ներկա դրությամբ, մատակարար ընկերություններին ունի 100-120 մլն դրամի ընդհանուր պարտք: Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀՏԴ-ի 2007թ. բյուջեն կազմում է 600մլն դրամ, որից հատկացումներն առաջին երկու ամիսներին կատարվում են համամասնորեն, հետո՝ ըստ կատարողականի: «Ինչքան հիվանդ բուժենք, այնքան էլ ֆինանսավորում պետք է ստանանք, իսկ այս հիվանդությունն այնպիսին է, որ հիվանդների քանակը նորմավորված չէ, դրա համար կատարողականը տատանվում է: Կոմունիստների ժամանակ եթե 9 ամսից պակաս հիվանդ էինք բուժում, ասում էին՝ լավ չեք բուժել, իսկ հիմա պետությունը մեկ հիվանդի բուժման համար ֆինանսավորումը տրամադրում է ընդամենը 55 օրվա համար: Մեր ամսական ընդհանուր շրջանառությունը կազմում է 60 մլն դրամ: Ամսական մեզ 60-65 մլն դրամ է պետք ընդհանուր աշխատանքները կարգավորելու համար»,- տեղեկացնում է գլխավոր հաշվապահը, ում կարծիքով, բաժանմունքների վերակազմավորումները օպտիմիզացիայի նպատակով շատ նպատակահարմար են, եւ, որ այն արվում է օրենքի սահմաններում: Նրա ասելով, իրենց վերադաս ԱՆ-ն եւ այնտեղ ստեղծված հանձնաժողովը նույնպես դրական են արձագանքել նոր տնօրինության ձեռնարկած վարչակառուցվածքային փոփոխություններին: «Մենք մի քանի բաժանմունքներ պետք է միացնենք, եւ դրանից տնտեսումներ կլինեն թերծանրաբեռված բաժանմունքներում: Նոր տնօրենը գրագետ ձեւով է տնտեսությունը վարում եւ ավելի լավ է պատկերացնում՝ որն է նպատակահարմար, եւ որը՝ ոչ նպատակահարմար»,- նկատում է գլխավոր հաշվապահը:
ՀՀՏԴ-ի բաժանմունքների վերամիավորման այս պատմությունը դեռ շատ ջուր կտանի, եւ ակնհայտ է, որ մարտունակ եւ «մաքրված» ղեկավարությունը հենց այնպես չի պատրաստվի իր դիրքերը զիջել: Միգուցե հիվանդանոցի բախտը կորոշվի 2 օրից կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր կառավարության օրոք: Անկանխատեսելի է նաեւ, թե որքանով արդարացի կգտնվեն պատասխանատուները, կենթարկվե՞ն նրանք ճնշումների, թե՞ տեղի կտան: Ամեն ինչ կախված է նրանից, թե որ քաղաքական ուժերը կդառնան կամք թելադրողներ եւ հրաման արձակողներ:
Հ.Գ. Ներկայացված անձանց եւ այլոց դիմումների պատճենները գտնվում են «168 Ժամ» թերթի խմբագրությունում: