Նազարն անմահ է

10/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Քաջ Նազարը ֆենոմեն է՝ հայկական ամենահետաքրքիր ու թատերային կերպարը, որը միշտ արդիական է: Դարեր անցնեն, կարգեր փոխվեն թե բարձր տեխնոլոգիաներ զարգանան, նազարներ միշտ կլինեն, այսինքն` պատահական մարդիկ, ովքեր հանկարծ՝ բախտի քմահաճույքով, դառնում են աշխարհի, կամ էլ թեկուզ՝ փոքրիկ Հայաստան աշխարհի, տերը:

Նազարի պատմությունը երբ էլ բեմադրեն, ինչպես էլ բեմադրեն, ասելու բան կլինի, քանի որ բոլոր իշխանավորները նույնն են՝ քաղաքականության դաշտում են հայտնվում պատահականորեն կամ էլ հաջող PR-ի շնորհիվ: Ծրագիր ունենալը պարտադիր չէ, բավական է հարմար պահին հարմար տեղում հայտնվել ու քաջ կարգախոս հնարել, օրինակ՝ «Ջարդեմ հազար»: Երեւանի Կամերային թատրոնը երկրորդ անգամ է հիշել Նազարին ու վերականգնել «Նազար, Նազար, մինչեւ վերջ» ներկայացումը: 20 տարի առաջ արված բեմադրության կմախքը պահպանվել է՝ նույնն են միզանսցենները եւ գլխավոր գործող անձինք, իսկ ամենակարեւորը` նույն Նազարն է՝ Հրանտ Թոխատյանը: Ներկայացման նոր տարբերակում արքա Նազարին ուղեկցող աղմկոտ ու բազմադեմ ամբոխ չկա, մնացել են միայն հավատարիմ օգնական-տիրացուն (Արշալույս Հարությունյան) եւ աշխույժ ու երգասեր Ուստիանը (Աստղիկ Արծրունի): Բեմից այն կողմ է մնացել ժողովուրդ-էլեկտորատը եւ ընտրությունների արդյունքների վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող սաքո-թաթոսները՝ ժամանակները փոխվել են եւ կապն իրենց հետ բջջայինով է իրականացվում: Կամերային թատրոնը բալագանի, կաբարեի սկզբունքներով է աշխատում, ունի իր հանդիսատեսը, որի հետ կենդանի շփումը թատրոնի հաջողության նախապայմանն է: Փոքր դահլիճում մեծ էներգետիկա կա: Թատրոնը միշտ կարողացել է թեթեւ ու արագ արձագանքել փողոցում կատարվածին: Թեթեւն այս թատրոնում կատակն է, իսկ արագը՝ նոր քաղաքական բառերի ու իրավիճակների օգտագործումը: Դրամատիզմի ու կուռ սցենարի կարիք չկա, մի ներկայացումը երբեք մյուսին նման չի ստացվում: Այսօր խաղարկվում են Եվրախորհուրդը, մեծ ծավալի հասած արտագաղթը՝ եթե սահմանները բացեն, երեք տարի հետո Հայաստանում մարդ չի մնա, ընտրությունները, որոնց արդյունքները վաղուց կանխորոշված են: Իսկ ընտրություններն ամեն քայլափոխի են՝ բեմադրության առաջին մասում արքա են ընտրում, երկրորդում՝ նախագահական թեկնածություններ քննարկում: Լավ PR-ի դեպքում ճանճերը հսկա են դառնում, իսկ վագրը՝ խիզախ սրտի ապացույց: Նազարի մեղքը չէ, որ իրեն են ընտրում: Նա հարմարվող է, հրամաններ է տալիս՝ պարտադրելով, որ արեւը արեւելքից ծագի ու արեւմուտքում մայր մտնի, եւ ամենից շատ սիրում է քիշմիշ ուտել: Միամիտ ու պարզունակ մարդը կարող է առաջնորդ դառնալ, սակայն ինչ է լինում նրա պաշտոն զբաղեցնելուց հետո, գիտենք, տեսել ենք բոլորս: Հ. Թոխատյանն ասում է. «Երեւի Նազարն անմահ է, հիմա ինչ-որ մեկին Հիտլերով կամ Ստալինով վախեցնել չես կարող, Նազարն է վախեցնում: Նա մեր կողքին է՝ համակրելի, հմայիչ, շատ լավ խոսում է, մտածում ես՝ լավ կլինի` նա դառնա ազգի առաջնորդ, բայց դրանք միայն խոսքեր են, տակը բան չկա, հիմք չկա»,- ասաց Հ. Թոխատյանը, որի հմայիչ կերպարը ներկայացման ձգողական ուժն է: Փոխեն դերասանին, բեմադրությունը կկորցնի համն ու հոտը:

Գաղափարները միշտ լավ են ու վեհ՝ ազատություն, հայրենասիրություն, քաջություն ու ազնվություն, սակայն դրանց շահագործումն է կործանիչ: Եռագույն դրոշը դառնում է եռագույն փուչիկների կապոց, եւ այդ փուչիկներն է նորընտիր արքա-նախագահ Նազարը բաժանում իր ժողովուրդ-հանդիսատեսին: Գաղափարները փուչիկ են դառնում մեր օգնությամբ եւ երկիրը դառնում է այնպիսին, ինչպիսին մենք ենք սարքում: Էլի կլինեն նազարներն ու նազարներին օգտագործել ցանկացողներն ու նրանց մեջքի ետեւից որոշումներ կայացնողները: Կամերայինի Նազարն ու Ուստիանը ափսոսում են, որ զավակներ չեն ունենում, բայց դա անխուսափելի է եւ ինչ-որ տեղ` հուսադրող, թե չէ, կարող է թագը ժառանգելու հարցը մյուս 20-ամյակի Նազարի գլխավոր խնդիրը դառնալ: Անպտուղ գաղափարների կրողը բնության օրենքով չի զարգանում ու բազմանում, նա, Հ. Թոխատյանի խոսքերով ասած՝ միաբջիջ ամեոբայի պես բան է: Նազարին անդրադառնում են սովորաբար այն ժամանակ, երբ կարիք է լինում մատնանշել՝ ինչ-ոչ բան կարգին չէ: Կամերային թատրոնի ներկայացումը հաճելի է դիտվում, իրականության հետ զուգահեռներ բոլորն էլ կանցկացնեն ու մի քանի հաջողված դրվագներում կծիծաղեն: