Ոչ մի տարածք չեն ստանա

09/05/2007

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օրերս հնչեցրած ագրեսիվ հայտարարությունն իրենց պետական քարոզչական քաղաքականության մի մասն է ընդամենը: Նա միշտ է այդպես խոսել: Սակայն, կարծում եմ, եթե նրանք պատրաստ լինեին ռազմական ճանապարհով իրենց խնդիրների լուծմանը հասնելու` վաղուց դա կանեին»,- երեկ լրագրողների հետ զրույցում, ի պատասխան Ալիեւի` բանակցությունների «գաղտնազերծումների» մասին հայտարարություններին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: «Նրանք շատ լավ գիտեն ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի հնարավորությունները, գիտեն, որ այդքան հեշտ չի լինի հարցերը լուծել ագրեսիայի միջոցով: Նրանց անգործության պատճառը դա է, սակայն, եթե նրանք սկսեն գործել, ապա կստանան այն, ինչի դրանից հետո արժանի են: Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին նրանք միշտ են խոսում: Իսկ մենք ասել ենք, որ եթե չլինեն փոխզիջումներ, չի լուծվի խնդիրը, եւ նրանք չեն ստանա Ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ գտնվող ոչ մի տարածք: Թող իրենք մտածեն: Եթե ուզում են լուծել ԼՂՀ-ի շուրջ եղած մի շարք շրջանների հետ կապված խնդիրները, ապա պետք է գնան զիջումների: Եթե նրանք չգնան, մենք միակողմանի չենք գնա: Նրանք դա շատ լավ են հասկանում: Այնպես որ` այդպիսի ագրեսիվ հայտարարությունները հարիր չեն Ադրբեջանի նախագահին, ով միաժամանակ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ է վարում»,- հավելել է Մ. Հարությունյանը: