ՀԺԿ-ն դժգոհ է, դաշնակցությունը՝ գոհ

09/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ընտրարշավի ժամանակ ի՞նչ «աբսուրդ բաներ» են նկատել Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանը եւ դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը:

«Ամենաաբսուրդ բանն այն է, որ այն կուսակցությունները, որոնք մեծ թափով ընտրակաշառք են բաժանում, հետո կանգնում են հարթակներին եւ ասում՝ ժողովուրդ, հանկարծ չկաշառվեք,- երեկ «Հայելի ակումբում» ասաց Ռ. Խաչատրյանը: -Բնականաբար հասկանալի է, որ խոսքը «Բարգավաճ Հայաստանի» մասին է: Նաեւ Հանրապետական կուսակցությունն է այդպիսի զարմանալի բաներ անում՝ ի դեմս իր նորաթուխ ղեկավարի: Նա սկսել է դիմել ժողովրդին «ժողովուրդ ջանով», ինչը շատ անբնական է հնչում, եւ փորձում է համոզել, թե՝ մի վստահեք ընդդիմադիրներին»:

Թեեւ Ա. Պետրոսյանն էլ էր շատ աբսուրդ բաներ նկատել, բայց չկարողացավ հիշել դրանցից եւ ոչ մեկը: Փորձեց ներկայացնել վերջերս իր կուսակցության կատարած մի քայլը եւ ներկաներից ճշտել՝ դա կաշա՞ռք է, թե՞ ոչ: «Մի քանի օր առաջ իմ «Ես մի ծառ եմ ծիրանի» ներկայացման դահլիճը Դաշնակցությունը գնել էր,- ասաց տիկին Պետրոսյանը: -Ես ասացի՝ ժողովուրդ ջան, ձեզ հոգեւոր կաշառք եմ տալիս: Հիմա ես չգիտեմ՝ դա կաշա՞ռք է, թե՞ ոչ: Բայց, ըստ իս, դա կաշառք չէ»:

Քննարկման արդյունքում պարզվեց, որ եթե Դաշնակցությունն այդ քայլն աներ 1-2 ամիս առաջ, ապա դա կաշառք չէր լինի: Բայց քանի որ հիմա ընտրարշավ է, ուրեմն հանդիսատեսի փոխարեն տոմսեր գնելը կաշառք է: Այս հարցը ճշտելուց հետո բանախոսներն անցան առաջիկա ընտրություններին վերաբերող այլ թեմաների՝ ժողովրդի մեջ տիրող վախի մթնոլորտից, կեղծիքներից՝ մինչեւ օրերս Վահան Շիրխանյանի ու Ալեքսան Արզումանյանի տներում կատարված խուզարկությունները: Ռ. Խաչատրյանի կարծիքով՝ այդ խուզարկությունն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, եւ եթե այնտեղ ինչ-որ քրեական հոդվածներ են շոշափվում, ապա դրանք դեռ պետք է հաստատվեն: Նրա կարծիքով՝ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ կատարած այս քայլով իշխանությունները զգուշացնում են մյուս քաղաքական գործիչներին: Տիկին Խաչատրյանը նաեւ վստահ է, որ ժողովրդի մեջ ստեղծվել է վախի մթնոլորտ, որ իշխանական կուսակցություններն իրենց հանդիպումների ժամանակ օգտագործում են ունեցած լծակները եւ ժողովրդին ստիպողաբար բերում են հրապարակներ: «Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպմանը եկած մարդկանց հարց է տալիս, թե ձեզանից ով որ ստիպողաբար է եկել՝ շրջվեք եւ ետ գնացեք,- ասում է տիկին Խաչատրյանը: -Այդ ո՞վ ռիսկ կաներ հեռանալ»:

Ա. Պետրոսյանը, սակայն, համաձայն չէր, թե հիմա Հայաստանում վախի մթնոլորտը մեծ է: Պարզ է, որ նման դեպքերում դաշնակցական գործիչը ներկայիս վախի մթնոլորտը պետք է համեմատեր նախորդ իշխանությունների ժամանակներում տիրող մթնոլորտի հետ: Եվ պարզ է, որ նրա համեմատության արդյունքում մենք հիմա ավելի համարձակ ենք ապրում: Տիկին Պետրոսյանի համոզմամբ՝ առաջ վախի մթնոլորտն ավելի մեծ է եղել, չէ՞ որ նախկին իշխանությունները կասեցրին իր հարազատ Դաշնակցության գործունեությունը եւ ձերբակալեցին իր կուսակցության առաջնորդներին: Դաշնակցության համար հիմա ժամանակներն ավելի բարենպաստ են: Բայց տիկին Պետրոսյանը դժգոհեց, որ մեր ընդդիմությունը թույլ է, եւ թույլ ընդդիմության դեպքում թուլանում, թառամում է նաեւ իշխանությունը: Նախկին «սուպեր-միավորում» ՀԺԿ-ն բաժան-բաժան է եղել: Բնական է, որ այս կարծիքի հետ համաձայն չէր լինի Ռուզան Խաչատրյանը: Նա համաձայն չէ նաեւ այն տեսակետի հետ, թե ՀԺԿ-ն լղոզում է ընդդիմադիր դաշտը: «Նախ՝ մեր կուսակցությունը բաժան-բաժան չի եղել, ընդամենը մի քանի անդամներ հեռացվել են,- ասաց տիկին Խաչատրյանը: -Եվ հետո մենք ընդդիմադիր դաշտը չենք լղոզում: Մենք մինչեւ հիմա տեր ենք եղել մեր բոլոր խոսքերին»:

Իսկ վերջում ասուլիսի բանախոսները նախանձով հիշեցին այս օրերին Ֆրանսիայի նախագահական ընտրությունները, որոնք ավելի արդար անցկացվեցին, եւ, որ այդ երկիրը Հայաստանից ավելի ժողովրդավար է: Սեգոլեն Ռուայալը թեեւ պարտվեց, բայց բացականչեց՝ «Կեցցե Ֆրանսիան»: Նրանց եւ հատկապես Ալվարդ Պետրոսյանի կարծիքով՝ մեր քաղաքական գործիչները դեռ այն գիտակցությանը չեն հասել, որ ասեն՝ «կեցցե Հայաստանը»: