Երազեք մինչեւ մայիսի 12-ը

09/05/2007

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այս տարվա նախընտրական քարոզարշավն ավելի հանգիստ եւ հանդուրժողական է գնահատում, քան նախորդ ընտրությունների ժամանակ։ Այդ մասին նա հայտարարել է երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Տ. Թորոսյանը դատապարտելի չի համարում, որ մարդկանց ավտոբուսներով տանում են ՀՀԿ հանրահավաքներին, քանի որ, ըստ նրա, մարդիկ կան, ովքեր հեռավոր մարզերում են ապրում եւ հնարավորություն չունեն ներկա գտնվել այդ հանրահավաքներին։

ԱԺ նախագահը համոզված է, որ այդ հարցում պարտադրանք չի եղել։ Մամուլում ահազանգեր են հնչում, որ տարբեր ձեռնարկությունների (մանավանդ բյուջետային) աշխատակիցներին ստիպողաբար՝ աշխատանքից ազատվելու սպառնալիքով տանում են ՀՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպումներին։ Մարդիկ էլ չեն կարողանում հրաժարվել, քանի որ վախենում են, չեն ցանկանում կորցնել աշխատանքը։ Պրն Թորոսյանին, սակայն, նման փաստեր հայտնի չեն։ «Եթե որեւէ մեկը չի ցանկանում գնալ, թող չգնա», – ասում է Տ. Թորոսյանը եւ հավաստիացնում, որ եթե հանրահավաքին չմասնակցելու պատճառով որեւէ մեկը աշխատանքից ազատվի, ինքը պատրաստ է պաշտպանել այդ մարդու իրավունքները։

Ի դեպ, ՀՀԿ-ի քարոզարշավին հետեւելիս այնպիսի տպավորություն է, թե ամբողջ բեռն իր ուսերին է վերցրել վարչապետ Սերժ Սարգսյանը։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է. «Արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»։ Լրագրողների այն հարցին, թե Ս. Սարգսյանի գործելաոճը չի՞ հակասում արդյոք օրենքին, Տ. Թորոսյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ վարչապետի այցերը լուսաբանելու մեջ չկա մի բան, որն արգելում է Ընտրական օրենսգիրքը: Ընտրությունները կարեւոր են, բայց ոչ այնքան, որ դրա համար փակենք պետական մարմինները: Մարդիկ չպե՞տք է իմանան, թե ում է ընդունում վարչապետը կամ ուր է այցելում»։

Ընտրակաշառքներ, նվիրատվություններ բաժանելը, Տ. Թորոսյանի կարծիքով, օրենքի խախտում է։ Սակայն մյուս կողմից, դա ոչ թե իրենց խնդիրն է, այլ իրավապահների. «Եթե որեւէ մեկն ունի փաստեր որեւէ քաղաքացու ապօրինի գործունեության վերաբերյալ, ապա կարծում եմ, որ շատ տրամաբանական է ու ողջամիտ, որ այդ փաստերը ներկայացվեն իրավապահներին, եւ ոչ թե այլ հայտարարություն արվի: Իրավապահներն էլ պետք է պարզեն` դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Եթե համապատասխանում են, ապա ցանկացած մարդ, որ արել է այդ բանը, պետք է պատժվի: Եթե չեն համապատասխանում, ուրեմն, բնականաբար, այդ մեղադրանքները պետք է հանվեն»։

Ինչ վերաբերում է ապագա ԱԺ կազմին, ապա Տ. Թորոսյանի համոզմամբ, այնտեղ ներկայացված կլինեն 6 կամ 7 ուժ։ Ըստ ամենայնի, պրն Թորոսյանը գոնե ինքն իր համար պարզել է, թե որոնք են այդ ուժերը։ Սակայն իր տեսակետներով նախընտրում է չկիսվել լրագրողների հետ։ Պատճառն օրիգինալ է՝ ԱԺ նախագահն անուններ չի տալիս, որպեսզի մյուսներին չզրկի երազելու իրավունքից։