Սահմանադրական ճգնաժա՞մ

09/05/2007

Պարզվում է, որ իշխանությունների կողմից բազմիցս գովաբանված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում մեր երկիրն առաջիկա օրերին կարող է հայտնվել սահմանադրական ճգնաժամի մեջ: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության հոդված 55-ի 4-րդ կետում նշված է, որ «Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո՝ քսանօրյա ժամկետում… »: Միաժամանակ Սահմանադրության 74-րդ հոդվածն ասում է. «Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է նշանակվել ապրիլի 4-ին, կառավարությունը կազմավորվել է ապրիլի 24-ին, եւ համաձայն ՀՀ Սահմանադրության նշված հոդվածների, մինչեւ մայիսի 14-ը կառավարությունը պետք է ԱԺ-ին ներկայացնի իր ծրագիրը: Սակայն հասկանալի է, որ նախընտրական այս մթոլորտում գործնականում անհնար է, որ մինչեւ մայիսի 14-ն ԱԺ նիստ կայանա: Ստացվում է, որ մայիսի 13-ին Ս. Սարգսյանը ստիպված կլինի հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, որպեսզի ժամանակի հաշվարկը սկսվի զրոյից եւ հետագայում արդեն նոր ԱԺ-ն հաստատի վերանշանակված վարչապետ Ս. Սարգսյանի կառավարության ծրագիրը: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ տվյալ դեպքում Ս. Սարգսյանի հրաժարականն էլ չի լուծում Սահմանադրության հետ կապված խնդիրները, որովհետեւ Սահմանադրության հոդված 55-ի 4-րդ կետում ասված է նաեւ, որ «Հանրապետության նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը»: Սակայն բանն այն է, որ գործող նախարարներն ըստ էության դեռեւս պաշտոնակատարներ են, որովհետեւ ԱԺ-ն դեռեւս չի հաստատել կառավարության ծրագիրը: Այս պարագայում մինչեւ նոր կառավարության ձեւավորումն ովքե՞ր են լինելու կառավարության անդամների պաշտոնակատարները՝ կառավարության նախկին անդամնե՞րը: Բայց այդպիսիք չկան. գործող կազմով կառավարությունն ԱԺ-ի հավանությանը չի արժանացել: