«Մորթեցին, թողեցին, արա»

09/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրեթե ողջ կազմով, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանի ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանի մասնակցությամբ հանդիպել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) ղեկավարներին՝ բացատրելու համար վերջիններիս պարտականություններն ու իրավունքները՝ քվեարկության օրը, դրանից առաջ, դրանից հետո:

Գ. Դանիելյանը երեկ հայտարարել է, որ մինչ օրս դատախազությունն ընտրական հանձնաժողովներից ահազանգեր չի ստացել, այն դեպքում, երբ կան ակնհայտ իրավախախտումներ: «Սա ճիշտ մոտեցում չէ»,- ասել է նա: Ըստ Գ. Դանիելյանի, ամենաճչացող խախտումներից մեկը պետական հաստատությունների շենքերին քարոզչական պաստառների առկայությունն է: Գլխավոր դատախազի տեղակալը հայտարարել է նաեւ, որ այդ խախտումների մասին դատախազությունը տեղեկանում է ԶԼՄ-ներից եւ ահազանգը փոխանցում դատախազության տեղի կառույցին: «Հիմա ես խնդրում եմ, իսկ հետո նաեւ պահանջելու եմ, որ այդ խախտումներին արձագանքեք»,- հայտարարել է Գ. Դանիելյանը: Տեղեկացնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 18-ի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված է. «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»: Այսինքն՝ պարոն Դանիելյանը միանգամայն իրավացի է, երբ հայտարարում է, որ պետական հաստատությունների շենքերին քարոզչական պաստառների առկայությունն օրենքի ճչացող խախտում է: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ԿԸՀ կոչվող կառույցի նախագահ Գարեգին Ազարյանը չգիտի այս մասին: Այսինքն՝ կամ ընտրությունները կազմակերպող մարմնի ղեկավարը չի տիրապետում համապատասխան օրենսդրությանը, կամ էլ տիրապետում է, բայց փորձում է մեր իշխանություններին բնորոշ ձեւով «ֆռռացնել» դիմացինին, որովհետեւ իրեն այդպես է պետք: Բանն այն է, որ օրերս, արձագանքելով մամուլի այն հրապարակումներին, որոնցում ահազանգվում է, որ իշխանական կուսակցությունների քարոզչական պաստառները փակցված են նաեւ այսինչ համայնքի քաղաքապետարանի, գյուղապետարանի կամ պետական այլ հաստատությունների վրա, Գ. Ազարյանն ասել էր. «Ստիպված եմ բացատրել, որ մարմինները լինում են ոչ շենքերի տեսքով: Կարծում եմ՝ համաձայն եք, չէ՞, որ եթե շենքի ճակատին փակցված է պաստառ, դա դեռ չի նշանակում, որ այդ շենքում գտնվող մարմինն իրականացնում է քարոզչություն»: Այսինքն՝ հիմա կամ իր այս բլեֆը պարոն Ազարյանը պետք է «բացատրի» նաեւ Գ. Դանիելյանին, կամ էլ հայտարարի, որ «սխալ թարգմանության» նման մի բան է եղել, եւ իրեն ճիշտ չեն հասկացել (ինչպես վերջին տարիներին ընդունված է ասել): Իսկ երեկ Գ. Ազարյանը ԿԸՀ մյուս անդամների հետ ԸԸՀ-ների ղեկավարներին բացատրել է, որ չի կարելի հանձնաժողովի կնիքը տեղադրել գրանցամատյանների եւ այլ փաստաթղթերի համար նախատեսված պարկում, կնիքը մայիսի 13-ին, ժամը 9:00-ին պետք է հանձնել «Հայինկասացիային», վերջինս էլ կբերի ԿԸՀ: Ըստ Ազարյանի, եթե կնիքը հայտնվի պարկում, ուրեմն՝ կամ դիտավորյալ է արվել, կամ էլ ոմանք չգիտեն իրենց անելիքը: Չէ՞ որ ԿԸՀ-ն 1000 անգամ բացատրել է, թե ինչը որտեղ պետք է դնել: «Մորթեցին, թողեցին, արա»,- երեկ իր զայրույթն այսպես է արտահայտել ԿԸՀ նախագահը:

Թարգմանեմ թարգմանիչիդ

Բանից պարզվում է, որ միջազգային դիտորդների աշխատանքի համար ԿԸՀ-ն մայիսի 12-ին ընտրատարածքներ թարգմանիչներ է գործուղելու: Այս մասին երեկ ասել է Գ. Ազարյանի տեղակալը՝ Աբրահամ Բախչագուլյանը: Բնականաբար, այդ թարգմանիչները վճարվելու են: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ միջազգային դիտորդական առաքելությունների կազմում սովորաբար լինում են նաեւ թարգմանիչներ, հետեւաբար՝ ԿԸՀ-ն լրացուցիչ թարգմանիչներ վարձելու կարիք չուներ: Սակայն, ինչպես մեր ամեն ինչը, մեր թարգմանիչներն էլ են ուրիշ: Նրանք լինելու են ավելին, քան թարգմանիչը: ԿԸՀ փոխնախագահ Ա. Բախչագուլյանը երեկ բացատրել է, որ ԿԸՀ-ի վարձած թարգմանիչները նրա համար են, որ անհրաժեշտության դեպքում կանխեն եւ բացահայտեն դիտորդական առաքելության ներկայացուցիչ թարգմանչի հնարավոր սխալ թարգմանությունները: Բա որ այդ կրկնաթարգմանիչներն էլ որոշ դրվագներ «սխալ թարգմանե՞ն», կամ ճիշտ թարգմանածը սխալ դարձնե՞ն: Այս հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար առաջարկում ենք նաեւ վարձել թարգմանիչի թարգմանիչի թարգմանիչ: Հետո էլ սրա թարգմանիչ ու՝ այսպես շարունակ: Արդյունքում՝ շատ աշխատատեղեր կբացվեն ու շատ փող դուրս գրելու հարմար առիթ կլինի: