Աշխարհի գավաթակիր, օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մայիսի 4-6-ը Երեւանում անցկացված արագ շախմատի ընկերական հանդիպումը՝ ռուս գրոսմայստեր, աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ, ավարտեց տպավորիչ հաղթանակով՝ 4:2 հաշվով:
Արագ շախմատը յուրաքանչյուր խաղացողից ուժերի եւ ուշադրության մեծ լարում է պահանջում: Երկար մտածելու հնարավորություն չունենալով՝ շախմատիստները պետք է տեղավորվեն 25-ական րոպեի մեջ եւ արագ որոշումներ կայացնեն։ Մինչ երեւանյան հանդիպման մեկնարկը Կրամնիկն ասել է, որ դժվար խաղ է լինելու, քանի որ Արոնյանն արագ շախմատում շատ ուժեղ է։ Իսկ Արոնյանն ասել է, որ երբ Կրամնիկը լավ մարզավիճակում է լինում՝ նա անպարտելի է։
Սակայն այս հանդիպման հաշիվն աշխարհի չեմպիոնի համար անսպասելի է եղել. նա խոստովանել է, որ չի հասցրել նախապատրաստվել հանդիպմանն ու չի կարողացել իր լավագույն խաղը ցուցադրել։ «Ես հոգնած էի ու ժամանակ չունեի Հունգարիայից շախմատիստ Պետեր Լեկոյի հետ հանդիպումից հետո վերականգնել ուժերս: Այդ հաղթանակն ինձանից շատ ուժ խլեց։ Իսկ Լեւոնն ավելի թարմ ու ճշգրիտ էր գործում, քան ես: Արագ շախմատում՝ ժամանակի խիստ սահմանափակ լինելու պայմաններում, շատ դժվար է անսխալ խաղալ։ Երրորդ ու հինգերորդ պարտիաներում ես անթույլատրելի սխալներ թույլ տվեցի ու պարտվեցի»,- ասաց նա։
Այդ հանդիպումը եւ Արոնյանի հաղթանակը մեծ արձագանք ստացան Երեւանում. Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճը, որտեղ անցնում էին աշխարհի ուժեղագույն շախմատիստներից երկուսի հանդիպումները, պայթում էր հանդիսատեսի քանակից։ Մարդիկ գալիս էին ու գալիս՝ ականատես լինելու համար խաղի ընթացքին կամ էլ հանդիպումը դիտելու թատրոնի նախասրահում տեղադրված մեծ էկրանների վրա։ Պատանիներն ու երեխաները հպարտ ու գոհ էին հայ շախմատիստի խաղից. Արոնյանը շատերի համար կուռք է դարձել։
Շախմատն, ինչպես, թերեւս, բոլոր սպորտաձեւերը, տարեցտարի ավելի ու ավելի է երիտասարդանում: Շախմատիստն իր լավագույն մարզավիճակին է հասնում քսանամյա տարիքում, հետո արդեն փորձում է պահպանել իր դիրքերը։ «Այն ռեակտիվ միտքը, որն ունեի 20 տարեկանում, արդեն չունեմ, բայց փորձառություն ու կամք ունեմ»,- հանդիպման ավարտից հետո հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Կրամնիկը։ 2000 թվականից հետո, երբ նա հաղթեց Գարրի Կասպարովին եւ աշխարհի չեմպիոն դարձավ, նա պարտություն չէր կրել։ Կրամնիկն անպարտելի ու լուրջ շախմատիստի համբավ ունի, ով նախընտրում է դասական ոճի շախմատ խաղալ։ Նա ունի բարձր հասակ ու դեռ չգերազանցված շախմատային ինտելեկտ: Կրամնիկն իր մասին ասում է. «Ես պրոֆեսիոնալ շախմատիստ եմ դարձել 15 տարեկանում ու որեւէ այլ մասնագիտություն չեմ հասցրել ձեռք բերել: Շախմատը շատ ժամանակ է պահանջում, ես չեմ կարող այլ գործերով զբաղվել»:
Ռուսաստանում նրան հաճախ «միստր Սառցաբեկոր» են անվանում, քանի որ նա միշտ զգաստ ու լուրջ է, եւ շախմատին որպես գիտության է վերաբերվում:
Իսկ 24-ամյա Լեւոն Արոնյանն ավելի էմոցիոնալ խաղացող է, եւ շախմատն ինտելեկտուալ շքեղություն է համարում, ինչպես օպերա լսելը կամ լավ գիրք կարդալը: Համակրելի ու համեստ Արոնյանն այժմ համարվում է աշխարհի չեմպիոնի թագի ամենալրջագույն թեկնածուն։ Մայիսի վերջին Էլիստայում մեկնարկելու են աշխարհի չեմպիոնատի թեկնածուական մրցավեճերը։ Եվ շատ հնարավոր է, որ այս տարվա աշնանը Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնությունում արդեն դասական ոճի շախմատային հանդիպումների ընթացքում նա դառնա Կրամնիկի հիմնական մրցակիցը։ Արոնյանը համոզված է, որ հայ շախմատիստները սեփական շախմատային ոճն են ստեղծել, որը նա բնորոշում է այսպես. «Հայերը բարձր մարտական ոգի ունեն, սիրում են երկար պարտիաներ խաղալ ու ամեն գնով աշխատում են հաղթանակի հասնել։ Սակայն կարծում եմ, որ ես սուր ընդգծված հայկական ոճով չեմ խաղում»։ Նա խաղում է իր ոճով, որը հաճախ մրցակիցների համար անսպասելի է լինում։ Արոնյանը մեծ ապագա ունեցող շախմատիստ է։
Իսկ Կրամնիկը թեեւ ասաց, որ պատրաստ էր պարտությանը, սակայն մի քիչ հուզված էր երեւում։ Նա պարտվել չի սիրում։ Ուշագրավ է, որ մի քանի ամիս առաջ նա նույն՝ 4։2 հաշվով պարտվել էր «Դիպ Ֆրից» գերմանական համակարգչային ծրագրի հետ խաղի ժամանակ։ Կրամնիկը համարում է, որ ամենադժվար շախմատային մրցակիցը համակարգիչն է: Մինչ Արոնյանի հետ հանդիպումը, նա որպես աշխարհի չեմպիոն՝ իր միակ պարտությունը կրել էր հենց համակարգչից: «Կոմպյուտերը շախմատը մի քայլ առաջ տարավ: Որքան էլ որ տաղանդավոր լինես, առանց մեքենայի օգնության չես կարող հավասարի պես խաղալ ուժեգագույն շախմատիստների հետ: Հիմա ամենադժվար մրցակիցը կոմպյուտերն է: Մոտակա երկու կամ երեք տարիների ընթացքում դեռ հնարավոր է մրցել համակարգչի հետ, սակայն կարծում եմ, որ արդեն հինգ տարի հետո թեման կփակվի, քանի որ հիմա պարզ է` ամենալավ խորհրդատուն մեքենան է»,- ասաց Կրամնիկը։
Մեքենային՝ համակարգչին հասնելու ու հավասարի պես անշունչ այդ մրցակցի հետ խաղալու համար Կրամնիկը խորհուրդ է տալիս մարզել հիշողությունը, քանի որ շախմատում հաղթում է նա, ով մի քայլ ավելի հեռու է տեսնում, քան մրցակիցը։ Հիշողությունը մարզելու ու կոփելու համար նա խորհուրդ է տալիս հաճախ խաչբառեր լուծել, օտար լեզուներ ուսումնասիրել ու ամեն օր մի քառատող անգիր անել։
Իսկ Արոնյանը, ով հայտնի է իր քչախոսությամբ ու համեստությամբ, պատրաստվում է մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում մասնակցել շախմատային միջոցառմանը, որի ընթացքում հարյուր տախտակների վրա միանգամից իրենց շախմատային խաղը կցուցադրեն հայ պատանի շախմատիստներն ու գրասմայստերները։ Իսկ հետո նա կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։