Վրաստանում ապրող հայերի հարաբերություններն իշխանությունների հետ վերջին ժամանակներս նկատելի սրվել են: Մոտ մեկ ամիս առաջ Ջավախքում մի ոստիկան, չգիտես ինչու, որոշել էր, որ եթե մոտոցիկլետիստը կանգ չի առնում իր պահանջով, ապա պետք է նրա վրա կրակել: Կրակոցը դիպուկ էր, եւ ճակատագրական դարձավ երկու երեխաների 30-ամյա հոր համար: Հետաքննության ժամանակ պարզապես անհեթեթ բաներ ասվեցին. իբր իր լիազորությունները գերազանցած վրացի ոստիկանը չգիտեր, որ կրակում է հայի վրա: Հարց է ծագում. եթե իմանար, որ մոտոցիկլիստը հայ է, չէ՞ր կրակի: Իսկ եթե վրացի՞ լիներ, աբխազ, օս, հրեա, ռուս …, ուրեմն ի՞նչ, կկրակեր, եւ դա չէ՞ր համարվի լիազորությունների չարաշահում:
Հայերին (եւ ոչ միայն նրանց) նաեւ խոր վիրավորանք հասցրեց խորհրդարանի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Բեսո Ջուղելին, երբ Վրաստանի խորհրդարանականները ժողովրդից փող կորզելու հերթական միջոցներ որոնելիս որոշում կայացրեցին բարձրացնել Թբիլիսիի պատմական կենտրոնում գտնվող անշարժ գույքի հարկը: Ըստ նրանց` Թբիլիսիի հին թաղամասերում սերնդեսերունդ ապրած մարդիկ, բացի իրենց զբաղեցրած բնակտարածքի համար մուծվող հարկից, պետք է վճարեն նաեւ այն բանի համար, որ ապրում են այդ պատմական թաղամասում: Գումարը փոքր չէ` 1քմ-ի համար մոտ 3 լարի, որ հավասար է 2 դոլարին: Այդ գումարն, իբր, պետք է օգտագործվի հին քաղաքի տեսքը պահպանելու համար, որ այնքան դուր է գալիս արտասահմանցի զբոսաշրջիկներին: Իբրեւ օրինակ՝ նորամուծության հեղինակները նշում են Խորվաթիայի Դուբրովիկը: Սակայն նրանք «միահամուռ ուժերով մոռանում են», որ Դուբրովիկում ավելացված հարկը վճարում են ոչ թե պատմական կենտրոնի բնակիչները, այլ այնտեղ օֆիսներ վարձակալած ֆիրմաներն ու ընկերությունները: Իսկ եթե Սոլոլակի, Մեյդանի եւ Թբիլիսիի մյուս հին թաղամասերի բնակիչները չկարողանան որոշակի գումար վճարել, ստիպված են լինելու լքել իրենց նախնիների կառուցած տները: Խորամանկ մտահղացում է: Նախ` այդ թաղամասերի տներից շատերն իրոք լուրջ վերանորոգման կարիք ունեն, եւ մտածված է այն ուղին, որով կարելի է դա անել առանց բյուջեի վրա ծանրաբեռնվածության: Երկրորդ` այդ պատմական թաղամասերում բնակվում են մեծ թվով ոչ վրացիներ` հայեր, ադրբեջանցիներ, քրդեր, հրեաներ: Այս հանգամանքը միշտ առիթ է տվել անհիմն դատողությունների, թե Վրաստանի մայրաքաղաքը վրացիները չեն կառուցել: Ներկայիս բնակիչներին այլ թաղամասեր (ենթադրաբար` ծայրամասային) տեղափոխելը ոչ հեռու ապագայում վերջ կդնի Թբիլիսիի բնիկների մասին վեճերին: Այսպիսով, մեծամասնական պատգամավոր Ջուղելին մի անգամ բերանից թռցրեց, թե բոլորովին էլ պարտադիր չէ, որ ինչ-որ Մկրտում դարերով ապրի Սոլոլակում: Մի քանի օր անց նա, պատասխանելով հաղորդավարի հարցին, «Իմեդի» ռադիոկայանով կոչ արեց ներկայացված նախագիծը չդիտարկել որպես հակավրացական, քանի որ Թբիլիսիի պատմական թաղամասերում բնակվում են հիմնականում հայեր, քրդեր եւ ադրբեջանցիներ: Ուշագրավ է, որ պատգամավորի ասածներին չարձագանքեցին ո՛չ գործընկեր պատգամավորները, ո՛չ գործադիր իշխանության ներկայացուցիչները, ո՛չ վրաց հասարակությունը, այլ միայն՝ ոչ կառավարական «Բազմազգ Վրաստան» կազմակերպությունը: Վերջինս Ջուղելիից պահանջեց հրապարակավ ներողություն խնդրել: Արդյունքում նա ներողությունը խնդրեց, սակայն այնպիսի տոնով եւ այնպիսի համատեքստում, որ ավելի լավ է՝ չխնդրեր:
Վերջապես մի քանի օր առաջ «Միացյալ Ջավախք» կազմակերպությունը հայտարարություն տարածեց, որտեղ Վրաստանի իշխանությունները մեղադրվում էին ազգային խտրականության քաղաքականություն վարելու մեջ, եւ այդ ամենի համար պատասխանատվությունը դրվում էր հենց իշխանությունների վրա: Ախալքալաքի հայերի` նման կոշտ հայտարարության առիթը ապրիլի 24-ին տեղի ունեցած միջադեպն էր: Այդ օրը` հիշատակի միջոցառումից հետո, «Միացյալ Ջավախքի» անդամ ոմն Անդրանիկ Աբելյանի եւ տեղի դատախազի վարորդի (որոշ տեղեկությունների համաձայն` ազգությամբ վրացի) միջեւ բախում էր տեղի ունեցել: Աբելյանին օգնության են հասել նույն կազմակերպության անդամ, Ախալքալաքի նախկին քաղաքապետ Նաիրի Իրիցյանը եւ Արթուր Պողոսյանը: Նույն երեկոյան երկուսն էլ կալանավորվել են: Ավելի ուշ Իրիցյանը պայմանականորեն ազատ է արձակվել, իսկ Պողոսյանին տեղափոխել են Թբիլիսիի քննչական մեկուսարան: «Միացյալ Ջավախքն» իր հայտարարության մեջ տեղի ունեցածը նախօրոք կազմակերպված սադրանք է որակել եւ պահանջել Պողոսյանին անհապաղ ազատ արձակել` սպառնալով, թե հակառակ դեպքում Ջավախքում իրավիճակը կարող է անկայուն դառնալ:
Ընդունելով իրավիճակի լրջությունը, իշխանությունների սխալներն ազգային քաղաքականության հարցում` քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին ամեն դեպքում բացառում է Ջավախքում լուրջ հուզումների հնարավորությունը: «Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչո՞ւ են Արթուր Պողոսյանին Թբիլիսիի մեկուսարան տեղափոխել: Չէ՞ որ հենց դա է միջադեպին քաղաքական երանգ տվել: Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե դա կարող է ապակայունացնել իրավիճակը, ապա ասեմ, որ նման հայտարարություններ հնչել են եւ այն ժամանակ, երբ դուրս էին բերվում ռուսական ռազմաբազաները, բայց, բարեբախտաբար, ոչ մի բան տեղի չունեցավ: Չեմ կարծում, թե հիմա լուրջ հուզումներ կլինեն»,- կարծում է Զաքարեիշվիլին:
Ամենայն հավանականությամբ, նա ճիշտ է: Ամեն դեպքում՝ կուզենայինք հավատալ դրան: Սակայն չպետք է մոռանալ նաեւ այն, որ համբերության բաժակը կամաց-կամաց է լցվում, ոչ թե միանգամից: Եվ վերոհիշյալ երեք դեպքերը հավանաբար դարձան հերթական երեք կաթիլը…