Անգաղափար մրցակցություն

09/05/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Մեր քաղաքի պատերին մինչ օրս մնում են չորս տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քարոզչական պաստառների հետքերը։ Երբեմն հին տեղերում, իսկ ավելի հաճախ՝ նոր, կուսակցություններն ու մեծամասնական թեկնածուները փակցնում են քարոզչական թերթիկներ, որոնք ընտրողին պիտի հասցնեն նրանց պատգամը։ Շրջելով Երեւանի կենտրոնում՝ փորձենք պարզել, թե ի՞նչ պատգամներ են տալիս մեր կուսակցություններն ու քաղաքական գործիչները։

Սկսենք Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից, որի պաստառներն ամենուր են եւ, կարծես, քանակով ամենաշատը։ «Մեր հին ընկերը Դաշնակցությունն է»,- ասում է ՀՅԴ-ն։ Կարգախոսը վատը չէ, եթե դրա բովանդակությունը համապատասխաներ իրականությանը։ Նման խոսքով կարող էր հանդես գալ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, որն ընտրող բնակչության մեծ մասի համար հին ընկեր էր, եւ որին հիմա հիշում են կարոտախտով։ «Մեր հին ընկերը Դաշնակցությունն է» կարգախոսը տեղին կլիներ, եթե Դաշնակցությունն առաջին անգամ մասնակցելիս լիներ ընտրություններին եւ կարիք ունենար հիշեցնելու իր ով լինելը։ Մինչդեռ 2003-ի «Փոխենք մեր կյանքը» կարգախոսից հետո դաշնակցականները պետք է ասեին ինչ-որ բան կյանքում տեղի ունեցած փոփոխության մասին եւ ոչ թե հիշեցնեին բավականաչափ կասկածելի հին ընկերությունը։ Եթե 2003-ի «Փոխենք մեր կյանքը» կարգախոսը խոստում էր եւ հասարակության ներգրավվածության ակնկալիք, սա անհաջող մշակումն է 1999-ի «Հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսի եւ մրցակիցներից ուղղված է հատկապես «Բարգավաճ Հայաստանի» դեմ՝ որպես բոլորովին վերջերս հայտնված մի կուսակցության։ ՀՅԴ-ի ցուցապաստառների friendly պատկերները հիշեցնում են «ԱրմենՏելի» էժան խոսելաժամանակը գովազդող վահանակները։ Ընդհանուր առմամբ, ՀՅԴ-ի ցուցապաստառները խոստում չեն պարունակում։

Ոչինչ չի խոստանում նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության կարգախոսը, որը 1999-ի «Կառուցենք եւ պաշտպանենք» եւ 2003-ի «Ապավինենք մեր մտքին ու բազկին» կարգախոսների իրավահաջորդն է։ Եթե առաջին երկուսում կա որոշակի գործողություն (կառուցել, պաշտպանել, ապավինել), ապա այս անգամ Հանրապետականը չունի բայ՝ «Քեզ համար, Հայաստան»։ Դժվար է պատկերացնել, թե Հայաստանից բացի էլ ում համար կարող է ընտրապայքարի դուրս գալ հայաստանյան կուսակցությունը, բայց պարզ է, որ անորոշ ձեւակերպումն ասելիքի բացակայությունից է։ Ասելիքի բացակայությունը զգացվում է նաեւ պաստառների ձեւավորումից՝ չկա ընտրողի նկատմամբ վերաբերմունքը բացահայտող ոչ մի պատկեր, իսկ օգտագործված դեղին եւ կարմիր գույների պատճառով Հանրապետականի ցուցապաստառները շատ հեշտ շփոթվում են «Վիվա Սելլ» ընկերության «Ալո» քարտի գովազդային վահանակների հետ։

Ընդդիմության երբեմնի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցությունն ընտրողին ներկայանում է «Սկզբունքներ եւ արժանապատվություն» կարգախոսով, որում նույնպես չկա գործողություն։ Մեծ հաշվով, գործողություն չուներ նաեւ «Արդարություն» դաշինքի 2003-ի «Այլ ճանապարհ չկա» կարգախոսը։ Բայց եթե «Այլ ճանապարհ չկա»-ն իշխանափոխության աննշան խոստում էր պարունակում, «Սկզբունքներ եւ արժանապատվություն»-ը ինքնարդարացման պես մի բան է։

Երեւակայության աճ չի նկատվում «Ազգային Միաբանություն» կուսակցության պաստառներում։ 2003-ին այդ կուսակցությունը խորհուրդ էր տալիս միասին փրկել Հայրենիքը, այս տարի վերաձեւակերպվել է. «Հայրենիքը փրկենք միաբանությամբ»։

Ե՛վ Հայաստանի Ժողովրդական, եւ՛ «Ազգային Միաբանություն» կուսակցությունները պաստառների վրա ներկայացնում են իրենց առաջնորդների դիմանկարները։ Կարելի է ենթադրել, որ նրանք կամ չեն ցանկացել դրամ ծախսել ձեւավորման վրա, կամ ընտրողի համար ամենաընդունելի պատկերը համարում են իրենց դեմքը։

Մեկ մարդու դեմքով է ներկայանում նաեւ «Դաշինք» կուսակցությունը։ Սամվել Բաբայանը «Ուժ եւ միաբանություն» կարգախոսով լրացնում է անորոշ խոստումներ տվողների շարքը։

Առաջնորդի (առաջնորդների) դեմքով է ներկայացված «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Պաստառների մի մասի վրա միայն Արթուր Բաղդասարյանի դիմանկարն է, մյուսը մասը Բաղդասարյան-Շահգելդյան-Բիշարյան եռադեմով է։ Երկու դեպքում էլ կարգախոսը նույնն է եւ, 2003-ի «Քո օրենքը քո երկրում» համառոտ պատգամի հետ համեմատած, բավական երկար ու ագրեսիվ. «Մենք պայքարում ենք արժանապատիվ կյանքի, օրենքի եւ արդարության համար»։ Սրանից բացի, կան նաեւ «Օրենք եւ արդարություն», «Մենք արժանի ենք ապրելու օրինաց երկրում» ենթապատգամները։ ՕԵԿ-ում անցած տարվա մայիսին տեղի ունեցած «ավերիչ երկրաշարժը» խախտել է այս կուսակցության հոգեկան հավասարակշռությունը, եւ մեկ պաստառի վրա ամեն ինչ միանգամից գրելն այդ խախտման արդյունքն է։

Եռադեմով է ներկայացված նաեւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը։ Այստեղ կուսակցության հիմնադիր Մանուկ Գասպարյանի կողքին են «Ազգային Միաբանության» ցուցակից դուրս մնացած Աղասի Արշակյանը եւ «Արդարություն» դաշինքի լուծարումից հետո փողոցում հայտնված Արշակ Սադոյանը։ Վերջին երկուսը խորհրդարանում են արդեն շուրջ տասնյոթ տարի, իսկ երբեմնի խանութպան Մանուկ Գասպարյանը երկրի օրենսդիր մարմնում հայտնվել էր պատահականորեն։ Ինչեւէ, երեքն էլ շատ որոշակիորեն զգում են «մեծ քաղաքականությունից» դուրս մնալու վտանգը, եւ այդ պատճառով ասում են. «Վերադարձնենք իշխանությունը ժողովրդին»՝ հավանաբար նկատի ունենալով իրենց ներկայությունն Ազգային ժողովում։

Բավական ծույլ կարգախոսով է հանդես գալիս Միացյալ աշխատանքային կուսակցությունը (ՄԱԿ)։ Սեփական մոտեցումը ձեւակերպելու փոխարեն՝ խորհրդարան մտնելու լուրջ հավակնություն ունեցող այս ուժն ասում է. «Այն ենք ուզում, ինչ ամենքդ»՝ մնացածը թողնելով ընտրողներին։ Իսկ ՄԻԱԿ (Միացյալ ազգային ազատական կուսակցություն) անունով անհայտ կազմակերպությունը փողոցային խոսակցության տոնով պատգամում է. «Սփյուռքը գիտելիքների աղբյուր է, ոչ թե փողի տոպրակ»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը պաստառների քանակով գուցե զիջում է Դաշնակցությանը, բայց բազմազանությամբ գերազանցում բոլորին, մեկ հիմնական կարգախոս ունի. «Միասին կառուցենք բարգավաճ երկիր»։ Կուսակցության առաջնորդ, երկրի ամենաազդեցիկ օլիգարխներից մեկը համարվող Գագիկ Ծառուկյանն ընտրողին հրավիրում է բարգավաճ երկիր կառուցելու՝ առանձնապես չտալով այդօրինակ երկրի չափորոշիչները։ Իմ բարեկամներից մեկը, ում ղեկավարած հասարակական կազմակերպությունը բավական երկար ժամանակ աշխատում է Գեղարքունիքի մարզում, մի անգամ ասում էր, թե գյուղեր կան, որտեղ տներից ոչ մեկում բաղնիք չկա, եւ ոչ մեկում չկա զուգարանակոնք։ Այդ մարդկանց համար «Բարգավաճը» մի բան է, Արարատյան դաշտում ապրողների համար՝ մի այլ բան, իսկ քաղաքաբնակների համար՝ բոլորովին ուրիշ։ «Բարգավաճ Հայաստանը» բոլորի համար գտել է ունիվերսալ ձեւակերպում, որն առաջին անգամ կարդալիս թեթեւ ցնցում ես ապրում, իսկ վերընթերցելուց հետո հասկանում, որ Հայաստանն արդեն հասել է այնտեղ, ուր գնում էր վերջին տարիներին։ «Ուժեղներն՝ արդար, թույլերը՝ պաշտպանված» կարգախոսը ոչ մի կերպ չի համընկնում ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է» եւ 14.1 հոդվածի «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ» ձեւակերպումների հետ։ Այսինքն՝ նորահայտ այս կուսակցությունը, որ մեծ հավակնություններ ունի, ոչ միայն չի թաքցնում, այլ իբրեւ կարգախոս ներկայացնում է բարգավաճ Հայաստանի իր մոդելը, համաձայն որի՝ հայ հասարակությունը պիտի կազմված լինի փոքրաթիվ (արդար) ուժեղներից ու մեծաթիվ (պաշտպանված) թույլերից, եւ սովորել ցանկացող պատանին կամ աշխատել ցանկացող մասնագետը պետք է պաշտպանված լինի մեծահարուստ մեկի շուտափույթ ստեղծած կուսակցության կողմից։ «Ես ուզում եմ… ես ընտրում եմ» շարքի գլուխգործոցը Խանջյան-Վարդանանց խաչմերուկում փակցված ցուցապաստառն է, որի նկարիչ հերոսն ուզում է ստեղծագործել եւ դրա համար ընտրում է «Բարգավաճ Հայաստանը»։

Ազգային ժողովի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող քսանչորս կուսակցությունից եւ դաշինքից տասն են քարոզում Երեւանի կենտրոնում, եթե սա կարելի է համարել քարոզչություն եւ գաղափարների պայքար։

www.hetq.am