Հավասար ընտրություն բոլորի՞ համար

09/05/2007 Հասմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները հաճախ ասում են, թե հաշմանդամների մասին Հայաստանում հիշում են միայն հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, եւ ընտրությունների ժամանակ: Սակայն այդ հիշելն էլ կրում է ձեւական բնույթ եւ իրականում ոչինչ չի փոխում հաշմանդամի կյանքում:

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված է, որ ընտրությունները բոլորի համար պետք է լինեն հավասար եւ գաղտնի: 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 148.662 հաշմանդամ: Նրանցից ութ հազարը մինչեւ տասնութ տարեկան են, մնացածն ունեն ընտրելու իրավունք: Արդյո՞ք հավասար ընտրության սկզբունքը գործում է նրանց համար: «Այս խորհրդարանական ընտրությունների համար պետական բյուջեից ծախսվել է 678 մլն դրամ: Սակայն այդ գումարից մի քանի հարյուր հազար դրամ անգամ չի հատկացվել ֆիզիկական դժվարություններ ունեցող մարդկանց համար»,- ասում է «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը:

«Հաշմանդամների խնդիրները հիմնականում չեն ընդգրկվում կուսակցությունների նախընտրական ծրագրերում, իսկ հատուկենտ կուսակցությունների՝ հաշմանդամներին վերաբերող ծրագրերը,- ասում է Սուրեն Օհանյանը,- այդպես էլ մնում են միայն ծրագրեր»: Նախընտրական քարոզարշավի ընթացքում հաշմանդամների խնդիրները նույնպես հաշվի չեն առնվում: Օրինակ՝ բացակայում է սուրդո թարգմանությունը կամ վազող տողը լսողության խնդիր ունեցող մարդկանց համար: Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հ/կ-ները փաստում են, որ եթե ինչ-որ տեղաշարժեր կան, դա հենց հ/կ-ների շնորհիվ է, կառավարության կողմից նախաձեռնություններ սովորաբար չեն լինում:

Սայլակավոր հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Նիդեռլանդների կառավարության եւ Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում բարեկեցիկ հասարակության ձեւավորում հաշմանդամների համար» ծրագրի շրջանակներում ընտրական հանձնաժողովի անդամների համար հրատարակել է գրքույկ ընտրող հաշմանդամի հետ վարվելակերպի կանոնների մասին:

«Ընտրությունը քոնն է» դիտորդական կազմակերպությունը հաշմանդամների համար յուրաքանչյուր մարզում կազմակերպում է ուսուցում ընտրությունների կարգի եւ դիտորդական առաքելության վերաբերյալ: «Փարոս» ՀԿ-ն «Պարադիզ» գովազդային գործակալության հետ համատեղ նկարահանել է տեսահոլովակ, որը միտված է հասարակության ուշադրությունը հրավիրել այն դժվարություններին, որոնց հաշմանդամը բախվում է ընտրությունների ժամանակ: Նկարահանվել են նաեւ ընտրակարգի մասին պատմող հոլովակներ սուրդո թարգմանությամբ: Չնայած Ընտրական օրենսգրքում տեղի ունեցած մի շարք բարեփոխումներին` իրականությունն այն է, որ ընտրական տեղամաս հասնելու կամ ընտրաթերթիկը լրացնելու դժվարություններ ունեցող մարդկանց համար ընտրության լրիվ մատչելիության մասին խոսելը դեռ վաղ է:

Սայլակավոր հաշմանդամներ

Ընտրական օրենսգիրքը չի թույլատրում քվեարկությունը շրջիկ քվեատուփերի միջոցով՝ բացառությամբ ստացիոնար բուժման մեջ գտնվող մարդկանց համար: Այսինքն՝ սայլակավոր հաշմանդամը քվեարկելու համար պետք է ներկայանա տեղամաս:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) N 18/1-Ա որոշման մեջ տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց մասին ասվում է. «Հաշմանդամների եւ քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների քվեարկությունն իրականացնելու նպատակով համայնքների ղեկավարները քվեարկության օրը ժամանակավոր սարքավորումներով ապահովում են շարժասայլակներով տեղաշարժվող քաղաքացիների մուտքն ընտրական տեղամասեր»:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը նշում է, որ 2003 թվականի ընտրություններից առաջ անցկացրած մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ Երեւանի 419 հետազոտված ընտրատեղամասերից միայն 10-ի մուտքն էր հարմար հաշմանդամների համար: Դրանցից թեքահարթակներ ունեին 2-3-ը, մնացածի նախամուտքը պարզապես հարթ էր: Իրավիճակը գրեթե չի փոփոխվել այս ընտրություններին: «Եթե կարելի է պատճառաբանել, որ թեքահարթակ կառուցելը կապված է ծախսերի հետ,- ասում է Արմեն Ալավերդյանը,- ապա ի՞նչ ասել այն մասին, որ ընտրատեղամասերը հաճախ կառուցվում են երկրորդ եւ ավելի բարձր հարկերում: Ինչպե՞ս պետք է հաշմանդամը բարձրանա աստիճաններով»: «Անցյալ ընտրություններին ինքս բախվեցի այդ խնդրի հետ. գնացի ընտրելու, ինձ չկարողացան բարձրացնել երկրորդ հարկ եւ առաջարկեցին, որ իջեցնեն քվեաթերթիկը, լրացնեմ, բարձրացնեն: Դա արդեն օրենքի խախտում էր, փակ եւ գաղտնի քվեարկության մասին խոսք լինել չէր կարող: Լրացրեցի թերթիկը, հանձնաժողովի անդամը կնոջս հետ այն բարձրացրեց վերեւ՝ ճանապարհին նրան համոզելով, որ բացեն թերթիկը, տեսնեն՝ արդյո՞ք ճիշտ եմ լրացրել»,- պատմում է Ա. Ալավերդյանը: Հաշմանդամի` ընտրատեղամաս հասնելու հարցը նույնպես անորոշ է: «Հայաստանում չկա հատուկ տրանսպորտ, եթե կա էլ` մեկ-երկու հատ, ապա հասու չէ հաշմանդամներին»,- ասում է պրն Ալավերդյանը:

«Փարոս» հասարակական կազմակերպությունը Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) դրամաշնորհով իրականացնում է ծրագիր, որը կոչված է իրազեկել հաշմանդամին ընտրությունների եւ դրան մասնակցելու անհրաժեշտության վերաբերյալ եւ միջոցներ ձեռնարկել նրանց քվեարկության մատչելիությունն ապահովելու համար: Ծրագիրն իրագործվում է դեռ անցյալ ընտրություններից. հինգ քաղաքի փոխարեն այս անգամ ընդգրկվել է ութ քաղաք: Ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս ողջ հանրապետությունն ընդգրկել: Յուրաքանչյուր քաղաքում արդեն կառուցվել է կամ կառուցվելու է մեկական թեքահարթակ:

«Սա, իհարկե, մատչելիության խնդիրը չի լուծում, բայց կարող է օրինակ ծառայել, նախադեպ դառնալ»,- ասում է ծրագրի ղեկավար Սուրեն Օհանյանը:

ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը հավանություն է տվել ծրագրին եւ խոստացել ամեն կերպ աջակցել դրան. IFES-ին ուղղված նամակում նա խնդրել է ծրագրում մեկ թեքահարթակ էլ ներառել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մուտքի մոտ: «Մի շարք առաջատար հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների անցյալ ամսին տեղի ունեցած հանդիպմանն էլ,- ասում է պարոն Օհանյանը,- մի քաղաքական գործիչ հայտարարել է, թե իր կողմից կկառուցի թեքահարթակ, բայց պայմանով, որ առնվազն հինգ հաշմանդամ կբարձրանա այդ թեքահարթակով»: «Մենք խորհրդային երկիր ենք,- շարունակում է Սուրեն Օհանյանը,- ու բոլոր խորհրդային երկրներում վերաբերմունքը նույնն է: Երեք տարի առաջ մեր կազմակերպությունը մեկնել էր Մոսկվա մի ծրագրի շրջանակներում, որտեղ ԱՊՀ վեց երկրներից կային ներկայացուցիչներ, եւ նրանց պատմություններից հետո հասկացանք, որ Հայաստանը մի բան էլ առաջադեմ է»:

Տեսողության խնդիրներ ունեցողներ

IFES-ի ծրագրով տեսողության հետ կապված քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար պատրաստվել է քվեաթերթիկին համապատասխանող ստվարաթղթե կաղապար, որում քվեաթերթիկի նշումի համար նախատեսված քառանկյանը համապատասխան տեղում բացված են դատարկ V ձեւի անցքեր:

Ըստ Սուրեն Օհանյանի՝ կաղապարը հնարավորություն է տալիս հեշտությամբ նշումներ կատարել եւ այն կույրերին, ովքեր տիրապետում են Բրայլին, եւ նրանց, ովքեր ծանոթ չեն դրան: «Կաղապարի վրա հատուկ նշումներ են կետերի տեսքով, նրանց մնում է միայն հաշվելը: Մենք ձայնագրում ենք խոսող գրքեր, որտեղ ըստ համարների կնշվեն համամասնական ցուցակով կուսակցությունների անունները: Այսինքն` կույրերը, հաշվելով միայն կետերը, կարող են նշել իրենց նախընտրած կուսակցությանը»:

«Կաղապարները բերել է IFES-ի վաշինգտոնյան ներկայացուցիչը, բայց մինչ արտադրության մեջ մտնելը դրանց հետ ծանոթացել է մեր ծրագրի իրավաբանը՝ Ալբերտ Աբգարյանը. նա կույր է, տիրապետում է Բրայլին, եւ որպես փորձագետ՝ հավաստիացրել է, որ այն մատչելի է բոլորի համար, անկախ նրանից` տիրապետո՞ւմ են Բրայլին, թե՞ ոչ: Հաշվի ենք առել նաեւ այլ փորձագետների կարծիքները»,- ասում է Սուրեն Օհանյանը:

Ամեն դեպքում, այն քաղաքացիների համար, ովքեր չեն ցանկանա քվեարկություն կատարել նման ձեւով, գործում է նաեւ հին տարբերակը` տեսողության հետ կապված ինքնուրույն ստորագրելու հնարավորություն չունեցող ընտրողին նրա խնդրանքով կարող է օգնել այլ քաղաքացի, ով չպետք է լինի հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ:

Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ

Մարտի 29-ին հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ների նախաձեռնությամբ կազմակերպվեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում. մասնակից կուսակցություններին հ/կ-ները հորդորեցին իրենց հեռուստագովազդներում եւ մամլո ասուլիսներում ներառել սուրդո թարգմանություն լսողության խնդիր ունեցող մարդկանց համար: Եթե դա հնարավոր չէ տեխնիկական կամ ֆինանսական պատճառներով, ապա գոնե հոլովակը եթեր տալ նաեւ վազող տողով: «Ցավոք,- նշում է «Ունիսոնի» նախագահ Արմեն Ալավերդյանը,- որեւէ մեկը դեռ չի արձագանքել մեր խնդրանքին. չգիտեմ՝ պատճառը տեխնիկակա՞ն է, թե՞ պարզապես ցանկության բացակայություն»:

«Փարոս» կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանն ասում է, որ իրենք ունեն սուրդո թարգանիչ եւ անվճար կտրամադրեն այն կուսակցություններին, որոնք կցանկանան: «Այսինքն՝ ֆինանսների բացակայությունն այլեւս չի կարող պատճառ հանդիսանալ: Չնայած քաղաքական գովազդն ինքնին թանկ երեւույթ է, եւ եթե ինչ-որ մեկն ուզում է, որ իր ընտրազանգվածը լինի մի քանի հազարով ավելի, պիտի շահագրգռված լինի տեղեկատվություն տրամադրել իր միջոցներով»:

Մտավոր հետամնացներ

Մտավոր հետամնաց քաղաքացիները IFES-ի ծրագրում չեն ներառվել: Որոշ հ/կ-ներ կարծիք են արտահայտել, որ հասարակության այս խումբն ընդհանրապես չպետք է մասնակցի ընտրություններին, եւ այդպես էլ չի հաջողվել գալ միասնական որոշման: Մտավոր հետամնաց հաշմանդամների հարցերով զբաղվող հ/կ-ներն առաջարկում են յուրաքանչյուր կուսակցության անվան կողքին նկարել որեւէ երկրաչափական պատկեր, քանի որ մտավոր հետամնաց մարդիկ պատկերների միջոցով ավելի լավ են մտապահում: Սակայն փաստը մնում է փաստ, որ նախքան ընտրության գնալը զգալի մասն ունակ չէ տարբերակել կուսակցությունները եւ նրանց ծրագրերը:

Հաշմանդամների դիտորդական առաքելություն

Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն ակտիվ զբաղվում են դիտորդական առաքելության իրականացմամբ: Այս ընտրություններին «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը պատրաստվում է ներկայացնել 70 հաշմանդամ դիտորդ: «Ունիսոնը» ունի 18 դիտորդ, որոնցից յոթն ունեն հաշմանդամություն, վեցը սայլակավոր են, մեկը՝ կույր, իր օգնականի հետ միասին, ինչն աննախադեպ երեւույթ է Հայաստանում:

Կույր դիտորդի վերաբերյալ կարծիքներն իրարամերժ են: «Ընտրությունը քոնն է» կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը նշում է, որ դա նախեւառաջ Ընտրական օրենսգրքի խախտում է, քանի որ այնտեղ հստակ նշված է, որ ամեն ընտրատեղամասում յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է ներկա լինել մեկ մարդ: Բացի այդ, ստացվում է, որ որպես դիտորդ հավատարմագրվում է կույրը, սակայն իրականում դիտորդ է ուղեկիցը:

ՀԿ ղեկավարները նշում են, որ նախորդ ընտրություններին մասնակցող հաշմանդամ դիտորդների հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէր. շատ հաճախ դրանք խեթ հայացքներ էին կամ արցունքներ, քանի որ Հայաստանում դեռ կարծր է այն կարծիքը, որ հաշմանդամն ունի միայն բուժման եւ խնամքի կարիք:

«Ունիսոնի» նախագահ Արմեն Ալավերդյանը նշում է, որ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հաշմանդամների դիտորդական առաքելությանը բավականին լուրջ է վերաբերվում եւ խոստացել է հաշմանդամ դիտորդների համար ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ:

www.hetq.am