Կուսակցությունների համար էկոլոգիական խնդիրներն առաջնային չեն

09/05/2007 Լենա ՆԱԶԱՐՅԱՆ

«…Ոմանք կարող են մոռացած լինել, որ 1988թ. փետրվարի զանգվածային շարժմանը նախորդել էին 1987-ի աշնանը Երեւանի փողոցներում կայացած ավելի փոքր ցույցեր` ընդվզելու Երեւանում ու նրա շուրջ գործարանների արտադրած աղտոտիչների դեմ: Կազմակերպիչները Հայաստանի թույլ կազմակերպված «Կանաչներն» էին: Բացի հարցի ինքնին կարեւորությունից, այն փաստը, որ կարող էին զանգվածային ցույցեր տեղի ունենալ, արձանագրվեց քաղաքացիների մտքում: Հետագայում Ղարաբաղյան շարժումը մթագնեց շրջակա միջավայրի խնդիրը, որը դարձավ բազմաթիվ հարցերից լոկ մեկը միայն, որոնք փետրվարին հրապարակ հանեցին ժողովրդին եւ նրա բոլոր դժգոհությունները: Շրջակա միջավայրի հարցը, դեռեւս չսպառված, տնտեսության փլուզումից հետո դարձավ երկրորդական: Հայաստանի առաջին խորհրդարանը (1990-1995) Կանաչներից մեկ անդամ ուներ, որը, սակայն, այնուհետեւ չվերընտրվեց Ազգային Ժողովում»:
(Հատված Ժ. Լիպարիտյանի «Պետականության մարտահրավերը» գրքից, 1999թ.):

Հայաստանում 1980-ականներին առաջ եկած էկոլոգիական խնդիրները խթան եւ հիմք դարձան ազգային անկախության շարժման ձեւավորման համար: Այդ խնդիրները հետագայում ավելի խորացան, սակայն, դարձյալ մնացին երկրորդական:

«Սովետական Միությունում կային 7 խիստ աղտոտված քաղաքներ, որոնցից 5-ը Հայաստանում էին: Շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանն արդեն սպառնում էր վերածվել էկոլոգիական աղետների: Դա էր պատճառը, որ 1980-ական թթ.-ին սկիզբ առան բնապահպանական ցույցերը, որոնց մասնակցում էր ավելի քան 5000 մարդ: Դրանից առաջ, իհարկե, ընթացքում կազմակերպվում էին ավելի փոքր մասշտաբի հանրահավաքներ, նիստեր, քննարկումներ: Սկզբից այդ ամենն արվում էր ծածուկ: «Պերեստրոյկայի» ընթացքում մեր ձեռքն էին ընկնում փաստաթղթեր, որոնք սարսափելի տվյալներ էին պարունակում երկրի էկոլոգիական վիճակի վերաբերյալ: Բնապահպանական ակտիվիստները մասնագետների օգնությամբ վերլուծում էին այդ տվյալները եւ տարածում թերթիկների ու գրքույկների տեսքով»,- պատմում է «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:

1995թ. ստեղծվեց «Գոյապահպանություն» կազմակերպությունը, որը հետագայում վերանվանվեց «Կանաչների միություն»: «Խորհրդարանում պատգամավոր լինելու ժամանակ (1990-1995) առաջադրվեց «Կանաչների կուսակցություն» ստեղծելու հարցը, բայց ես կտրականապես հրաժարվեցի, որովհետեւ Ազգային ժողովում կուսակցությունների գործողությունները բխում էին անձնական շահերից, այլ ոչ թե` երկրի: Հետո՝ ես չէի կարող ազատ գործել, անպայման պետք է հարեի որեւէ խմբակցության, իսկ ես մտածեցի, որ խորհրդարանից դուրս ավելի լավ կանեմ իմ աշխատանքը: Հիմա ես նույնիսկ չեմ էլ մտածում, որ կարող եմ Ազգային ժողովում ընտրվել` այդ քարոզարշավները հսկայական գումարներ են պահանջում, իսկ որեւէ կուսակցության հովանու տակ ես չեմ ուզում գործել` ամեն տեսակ ճնշումներից զերծ մնալու համար: Այսօր դրությունը չի փոխվել: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերում բնապահպանության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող առաջարկներն ամենաետին պլանում են` շատ մակերեսային ձեւակերպումներով կամ ընդհանրապես չկան: Քարոզարշավների ընթացքում հիմնականում շեշտադրվում է սոցիալական եւ տնտեսական ճգնաժամերը հաղթահարելու առաջնահերթությունը` մոռանալով, որ այդ հարցերը հնարավոր չէ դիտարկել բնապահպանական հարցերից դուրս»,- ասում է Հակոբ Սանասարյանը:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերում բնապահպանության վերաբերյալ հարցերն ամփոփվում են մի քանի տողում` զուտ հիմնական խնդիրների թվարկմամբ: Որոշ կուսակցությունների ծրագրերում բնապահպանական խնդիրների որոշակի անդրադարձ կա, սակայն դրանք ըստ առաջնահերթության շատ քիչ են համընկնում բնապահպանների նշած հրատապ խնդիրների հետ կամ սպառիչ չեն: Ավելի ճիշտ՝ չկան խորքային հարցադրումներ, լուծման մեխանիզմներ եւ հստակ առաջարկներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրից (հենց միայն նախադասության ձեւակերպումից) պարզ չէ, թե ի՞նչ առաջարկություններ կան շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ. «Շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման եւ բնական պաշարների ողջամիտ օգտագործման բնագավառում առկա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է մարդկանց արժանավայել ապրելու համար բնապահպանական անվտանգ կենսապայմանների ստեղծում»:

«Ազգային համաձայնություն կուսակցության» նախագահ Արամ Հարությունյանի խոսքերով՝ բնապահպանական հարցերն, իհարկե, կարեւոր են, պարզապես, քանի որ հնարավոր չէ բոլոր հարցերը տեղավորել մեկ բուկլետում, այդ պատճառով էլ բնապահպանությանն առնչվող հարցերը դուրս են մնացել: «Ցավոք, մարդիկ կգերադասեին վատ օդի մեջ մնալ, բայց կուշտ լինել»,- այսպես է բնութագրում ընտրողների հոգեբանությունը պրն Հարությունյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության քաղաքական ծրագրում նույնպես չկան բնապահպանության վերաբերյալ կոնկրետ, առանձին դրույթներ, բայց տողերի մեջտեղում կան շատ հավակնոտ ձեւակերպումներ. «Մենք համոզված ենք, որ հնարավոր է Երկիր մոլորակը զերծ պահել էկոլոգիական աղետներից…»: «Մանրամասնելու դեպքում,- ինչպես նշում է շտաբի պետ Մխիթարյան Վանյան,- կարիք կլիներ ծավալվել մինչեւ 200 էջ»:

Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նույնպես իր նախընտրական ծրագրում չի անդրադարձել բնապահպանական հարցերին` համոզված լինելով, որ էկոլոգիական հարցերն առաջնային են սոցիալապես ապահովված երկրներում, եւ «քանի դեռ Հայաստանին էկոլոգիական աղետ չի սպառնում, ապա պետք է նախ մտածենք աշխատատեղերի, սոցիալական եւ տնտեսական այլ հարցերի մասին»,- ասում է կուսակցության ներկայացուցիչ Վահան Բաբայանը:

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծրագրում բնապահպանական հարցերն ընդհանրապես շոշափված չեն: Կուսակցության գրասենյակում այս կապակցությամբ ոչ մի բացատրություն չգտան:

www.hetq.am