ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը (ԸԴԱ) հրապարակել է ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ երրորդ միջանկյալ՝ 11 էջանոց զեկույցը:
Դիտորդներն անդրադառնում են ընդհանուր իրավիճակին, թեկնածուներին, քարոզչական միջավայրին, ընտրությունների կազմակերպմանը, բողոքներին եւ դիմումներին, լրատվական դաշտին: Այսպիսով, ըստ դիտորդների` ապրիլի 18-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ընտրությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ըստ սահմանված ժամանակացույցի եւ կանոնավոր ընթացք ունեն: Զեկույցում անդրադարձել են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ անգլիացի դիվանագետի միջեւ տեղի ունեցած զրույցի գաղտնալսմանը, Ռոբերտ Քոչարյանի կողմից` Ա. Բաղդասարյանի խոսքերը «դավաճանություն» որակելուն: «Դեռեւս պարզ չէ, արդյոք հետաքննությո՞ւն է նախաձեռնվել պարզելու, թե ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից է արվել ձայնագրությունը»,- ասված է զեկույցում: ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն, այդ կապակցությամբ, ըստ զեկույցի, հանդիպում է խնդրել Ազգային անվտանգության ծառայության հետ, սակայն այն մերժվել է հետեւյալ բացատրությամբ` «այս գործը պետության կողմից չի հարուցվել, հետեւաբար այս պահի դրությամբ մենք մեկնաբանություններ չունենք»: Դիտորդները զեկույցում նաեւ անդրադարձել են «անձնագրահավաքների» մասին հայտարարություններին, երբ քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներն անձնագրերի տվյալներ են վերցնում կամ հավաքագրում անձնագրերի պատճենները կամ բուն անձնագրերը: «Արդյոք հայտարարությունները որեւէ հիմք ունե՞ն, թե՞ ոչ, հնարավոր չէ ստուգել, այնուամենայնիվ, դրանց տարածումը կարող է ընդունվել ընտրազանգվածի մի մասի կողմից անվստահության եւ ցինիզմի արտահայտում»,- նկատում են դիտորդները: Նրանք նաեւ նկատել են, որ Երեւանի կենտրոնի կոմերցիոն վահանակներում գերակշռում են Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» քարոզչական պաստառները, ինչպես նաեւ՝ Հայ հեղափոխական դաշնակցության (նշվածներից փոքր-ինչ պակաս): «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն ուղղակիորեն դիտարկել է քաղաքական կուսակցության կողմից ապրանքների տրամադրման մի դեպք, որը համապատասխանում է ընտրարշավի ընթացքում արգելված վարվելակերպի մասին իրավական սահմանմանը: Ընտրական իշխանությունները, սույն շարադրանքի դրությամբ, որեւէ պաշտոնական բողոք չեն ստացել ընդդեմ այս կամ այլ նմանատիպ վարվելակերպի»,- ասված է զեկույցում: «Թիվ 30 ԸԸՀ-ում գրանցված մեծամասնական թեկնածուի կողմնակիցն ապրիլի 26-ին դանակահարվել է, որի հետեւանքով մահացել է: Ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունը զանգահարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երեւանյան գրասենյակ՝ փոխանցելու, որ «ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարելի վերագրել միջադեպին»: «Գլխավոր դատախազությունը նման հայտարարություն է արել` արձագանքելով ապրիլի 19-ին Երեւանի Էրեբունի համայնքում մրցակից քաղաքական կուսակցությունների աջակիցների միջեւ տեղի ունեցած երկկողմանի կրակոցների մասին հայտարարությանը»,- գրում են դիտորդները:
Զեկույցում նշվում է, որ Հանրային լրատվամիջոցները մինչեւ օրս իրականացրել են անվճար ժամանակի տրամադրման վերաբերյալ իրենց իրավական պարտավորությունները, եւ բոլոր կուսակցությունները եւ դաշինքները, թեեւ ոչ լիովին, սակայն, օգտվել են իրենց իրավունքից: Ըստ զեկույցի հեղինակների` մոնիտորինգ արված հեռուստաալիքները լրատվական թողարկումներում քաղաքականության հետ առնչվող տեղեկատվության ամենամեծ բաժինը նվիրել են երեք իշխանական եւ մեկ իշխանամետ կուսակցություններին: «Իշխանությունների գործունեության նկատմամբ լրատվամիջոցների հիմնական ուշադրությունը մեծապես կենտրոնացված էր վարչապետ Սերժ Սարգսյանի վրա»,- նշում են դիտորդները: Նրանց կարծիքով՝ հեռուստատեսային հաղորդումները Ս. Սարգսյանի հանրային ելույթները երկրով մեկ շրջագայելիս այնպես են ներկայացվել, որ հստակ չեն տարբերակվում որպես վարչապետ եւ ՀՀԿ ղեկավար նրա դերակատարությունները: