Միջազգային ռեյտինգավորող կազմակերպությունների գնահատականը Հայաստանի մակրոտնտեսական դաշտի վերաբերյալ ոգեւորել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Տ. Սարգսյանը, բնականաբար, ամեն ինչ ներկայացնում է միայն դրական լույսի ներքո` ներկայացնելով միայն «մեդալի» մի կողմը, եւ խուսափում է զուգահեռներ անցկացնել միջազգային գնահատականի եւ հայկական իրողության միջեւ: Այս պարագայում այնքան էլ էական չէ, թե քանի տոկոս աճի մասին են խոսում պետական մարմինները, քանի դեռ չեն վայելել ժողովրդի վստահությունը: Բայց եւ այնպես, արժե վերծանել, թե ի՞նչ էր ցանկանում ասել Տիգրան Սարգսյանը կիրակնօրյա «Հայլուրում»: Քանի որ խոսքը Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի մասին է, ուստի գնահատականներ տալու դժվարին գործն այս անգամ ստանձնեց Հայաստանի տնտեսագիտական համալսարանի մակրոտնտեսության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Համազ Ղուշչյանը:
«Միջազգային կազմակերպությունները քննարկում են այն ցուցանիշները, որոնք ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Իսկ Ազգային վիճակագրական ծառայությունն ունի հաշվարկման իր մեթոդիկան: Նրանց չի հետաքրքրում, թե ՀՆԱ-ի ծավալի մեծացման դեպքում որքան է աճել նրա իրային բովանդակությունը: ՀՀ-ի համար հատկանշական է այն, որ տնտեսական աճը հիմնականում տեղի է ունենում ծառայությունների, կապիտալ շինարարության ծավալների հաշվին: Սա նույնն է, եթե հաշվում ես փուչիկների ծավալը, ապա հաշվի ես առնում, թե որքան ես փչել: Օրինակը տեղայնացնելիս ստացվում է, որ կապիտալ շինարարության աճը հաշվարկվում է այն գներով, որով այսօր վաճառվում են բնակարանները: Իսկ բնակարաններն այսօր 2-3 անգամ ավելի թանկ արժեն, քան 2000-ին: Այս թանկացումը տնտեսագիտորեն հիմնավորված չէ: Այս է պատճառը, որ կապիտալ շինարարության աճի տեմպը տարեկան հասնում է մինչեւ 40 տոկոսի: Արդյունաբերության զարգացման տեմպը սովորաբար չի անցնում կես տոկոսից: Նյութաիրային բովանդակությունն այստեղ էական փոփոխություն չի կրում, թեպետ խիստ մեծանում է նրա ծավալը: Հասարակ մարդուն ոչ թե հետաքրքրում է ծավալը, այլ` նյութաիրային բովանդակությունը: Իսկ Ազգային վիճակագրական ծառայությանը հետաքրքրում են միմիայն շուկայի գները: Հետեւաբար որոշակի հակասություններ են առաջանում: Այս գործընթացը տեղի է ունենում ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում առկա հակասությունները միջազգայինից էական շեղումներ ունեն: Օրինակ, աշխարհն ունի գործազուրկների հաշվառման իր մեթոդիկան. գործազուրկների թիվը գումարած աշխատողների թվին, բաժանած գործազուրկների թվի վրա՝ ստանում են գործազրկության տոկոսը: Այս հաշվարկներով Հայաստանում գործազրկությունը կազմում է 8.1 տոկոս: Միայն Հայաստանում է, որ գործազուրկները հաշվառված չեն, ուստի այս թիվը չի կարող արտացոլել իրականությունը, որը 30-35 տոկոս է կազմում, թեպետ Հայաստանն այս հաշվարկներում օգտվել է միջազգայնորեն ընդունված սխեմաներից: Հայաստանում գյուղացուն համարում են զբաղված, սակայն նա իր ընտանիքին կերակրելու համար բավարար բարիք չի ստեղծում, ուստի չի կարող իրական աշխատող համարվել: Աշխարհում այս կատեգորիային նույնպես համարում են գործազուրկ: Մեր վարչական մարմինները ոչ թե ուզում են խաբել ժողովրդին այս թվերով, այլ ներկայացնում են Վիճակագրական ծառայության փաստացի կատարած հաշվարկները, որը շեղումներ ունի իրականությունից: Մեր եւ միջազգային ծառայությունների մեթոդիկայի միջեւ տարբերություն չկա, սակայն իրական պատկերը ստանալու համար պետք է լինի, որովհետեւ մեր տնտեսական իրադրությունը երբեք չի համընկնում աշխարհի ցանկացած երկրի իրադրության հետ: ՀՀ-ի համար տիպիկ է այն, որ ազգային արդյունքի աճին զուգահեռ՝ ավելանում են այն մարդկանց եկամուտները, որոնք արդեն ունեին բարձր եկամուտներ, ինչը չի կարող բերել բնակչության կենսամակարդակի բարելավման: Աշխարհի ոչ մի երկրում եկամուտները հավասար չեն բաշխվում, բայց տարբերությունն էլ այդքան ահռելի չէ: Վիճակագրական ծառայության տվյալների մասին խոսելիս պետք է հիշել, որ ճշգրիտ հաշվարկներ անելը բավական դժվար գործ է: Ոչ ոք չի կարող ասել, թե Երեւանում քանի մարդ է առեւտրով զբաղվում: Նույնքան էլ անիրատեսական է մի քանի տարում հզոր, ժողովրդավար եւ հանուն Հայաստանի զարգացման՝ նախընտրական քաղաքական խոստումներն իրականացնելը: Այսօրվա տնտեսական աճը եթե այսպես շարունակվի, միայն 2015-ին կարող ենք ասել, որ մեր բնակիչը կերակրված է: Կենսամակարդակ բարձրացնելը չի նշանակում միայն կերակրելու խնդիր լուծել: Սակայն մեր ժողովուրդն իր պահանջների մեջ համեստ է եւ սոցիալական խնդիրներից ազատվելն էլ կարող է մեծ բարօրություն համարել»:
2015-ից հետո թերեւս Հայաստանի կառավարության ժամանակավրեպ ծրագրերը միտված կլինեն ՀՀ քաղաքացու կենսամակարդակ ասվածի բարելավմանը: Դեռ 15 տարի առաջ էստոնացիների կենսամակարդակը նույնն էր, ինչ հայերինը: Այսօր, սակայն, նրանց կենսամակարդակը հայկականին գերազանցում է 12 անգամ: Նոր հեծանիվ չեն հնարել, պարզապես սկսել են ողջ աշխարհին մանր տեխնիկա մատակարարել: Այս օրինակը Հայաստանում էլ կարելի էր կիրառել, սակայն այստեղ էլ անհամատեղելի են հայկական «ամբիցիաները»` ոչ ոք չի ուզում իր կապիտալը մեկ ուրիշի հետ օգտագործել: Այս է պատճառը, որ բաց բաժնետիրական կազմակերպության որեւէ բաժնեմաս մեկից մյուսին չի անցնում: Մեր զրուցակիցը պատմում է, որ մի անգամ մի ճապոնացու հարցրել է, թե որքան է Ճապոնիայում բանկային տոկոսը: «Մեզ մոտ կապիտալը բանկում չի դրվում, այն միանգամից ներդրվում է արտադրության մեջ: Ոչ ոք ոչինչ չարած՝ փող չի ուզում աշխատել, այլապես հասարակությունն այդ մարդուն չի հասկանա»,- պատասխանել է ճապոնացին: «Ես վատ եմ զգում, որ կապիտալը դուրս են հանում այս երկրից: Սրա դրդապատճառն էլ շղթայական կոռուպցիան է, որը հասել է պետական մակարդակի եւ ամրագրվել օրենքներով։ Ասենք՝ հաշվառում են ավտոտնակները, ապա դրանք հաշվառում են միայն երեք տարով եւ քաղաքացուց գանձում են 300 հազար դրամ: Պարզ է, որ երեք տարի հետո նոր օրենք է լինելու եւ նոր չինովնիկ, ո՞վ է մտածելու օրենքով փող աշխատելու ձեւերի մասին: Հայաստանը միակ երկիրն է, որն ունի բուհերի ընդունելության քննությունների հանձնաժողով: Պարզ է, չէ՞, որ այս հանձնաժողովի ջանքերով է, որ քաղաքական էլիտայի զավակները քննություններից երբեք անբավարար չեն ստանում: Ի՞նչ անենք, փոխենք նախագահի՞ն, թե՞ մենք փոխվենք: Ումի՞ց սկսենք… »,- քաղաքական այլընտրանքի ճանապարհներ է հուշում տնտեսագետը: