Ջուրը կթանկանա մոտ 4 դրամով

09/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անցյալ շաբաթ ավարտեց Երեւանի ջրամատակարարման համակարգում անցկացրած մոնիտորինգը:

Հանձնաժողովը մոնիտորինգ էր անում ճշտելու համար, թե նվազե՞լ են արդյոք Երեւանի ջրամատակարարման ծավալները: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին «Երեւան ջուր» ընկերությունը ջրամատակարարման սակագները 9 դրամով բարձրացնելու՝ 1խմ-ն 172,8 դրամից 181,9 դրամ դարձնելու հայտ էր ներկայացրել հանձնաժողովին: Ընկերությունն իր առաջարկը հիմնավորել էր ջրամատակարարման ծավալների կրճատմամբ: Եվ ահա հանձնաժողովը որոշել էր ստուգել, թե արդյո՞ք այդքան կրճատվել են ջրամատակարարման ծավալները, որ «Երեւան ջուր» ընկերությունն ուզում է սակագները բարձրացնել: Ստուգել եւ պարզել է, որ ջրի սպառման ծավալներն այնքան չեն կրճատվել, որ սակագինն 9 դրամով բարձրանա: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, ով ներկա է եղել այդ թեմային նվիրված քննարկումներին, մեզ տեղեկացրեց, որ հանձնաժողովն այս անգամ էլ մտադիր է ընկերության առաջարկը մասամբ բավարարել՝ ջրի սակագինը բարձրացնել ոչ թե 9, այլ մոտ 4 դրամով: Ըստ պրն Պողոսյանի՝ հանձնաժողովը նոր սակագները սահմանելու համար նիստ կհրավիրի հավանաբար մայիսի 16-ին: Բայց Սպառողների միության նախագահը համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, որովհետեւ կարծում է, որ «Երեւան ջուր» ընկերությունն ամեն ինչ չի անում, որպեսզի ջրամատակարարման ծավալներն ավելանան: «Մենք ընկերությանն առաջարկել ենք փոխել ջրամատակարարման գրաֆիկը եւ ջուր տալ երեկոյան ժամերին,- ասում է Ա. Պողոսյանը: -Առավոտյան կամ օրվա ընթացքում ոչ բոլորն են տանը լինում եւ չեն հասցնում բավարար չափով ջուր օգտագործել: Ինչպես գիտեք՝ երկսակագնային հաշվիչներ ունեցողների համար գիշերը հոսանքը 10 դրամով էժան է, եւ ես համոզված եմ, որ մեր բնակիչներից շատերը տաք ջրի հետ կապված իրենց գործերը կտեղափոխեն ուշ ժամերին: Այդպիսով ջրամատակարարման ծավալները չէին նվազի: Մենք առաջարկում ենք նաեւ ընդլայնել ջրամատակարարման ժամերը»:

Իսկ Սպառողների միության փորձագետն էլ տարօրինակ է համարում այն փաստը, որ 2006թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Երեւանը սպառել է ամսական մոտ 1,1 մլն խմ ջուր, իսկ 2007թ. հունվարին՝ 2,1 մլն խմ ջուր: Այդ ինչպե՞ս եղավ, որ այդպիսի կտրուկ տարբերություն եղավ: Հատկապես, երբ հունվարը ձմեռ է, եւ տրամաբանական կլիներ, եթե ջրամատակարարման ծավալներն ավելանալու փոխարեն կրճատվեին: Ընկերությունից նրանց պատասխանել են, թե «Նաիրիտն» է ավելացրել իր սպառման ծավալները: «Բայց միանգամից այդքան շա՞տ,- զարմանում է փորձագետը: -Եթե նույնիսկ այդպես է, ապա դա այնքան էլ ողջունելի չէ, որովհետեւ այդ գործարանն ինչ-որ տեխնոլոգիաների համար սպառում է խմելու ջուր»: Բոլոր դեպքերում սպառողների շահերի պաշտպանները համաձայն չեն սպառման ծավալների կրճատման պատճառով ջրի սակագնի բարձրացման հետ: Նրանց կարծիքով՝ ընկերությունն ամեն ինչ չի անում, որ սպառման ծավալներն ավելանան: Այդ ուղղությամբ թույլ է նաեւ հանձնաժողովի եւ ջրային ոլորտի մյուս պատասխանատու հիմնարկների հսկողությունը: