Վանաձորի «Արցախ» պուրակում կկառուցվի նոր կինոթատրոն։ Այդ մասին տեղական մամուլում հայտնել էր Վանաձորի քաղաքապետը։ Ասենք, որ «Արցախ» պուրակը, որպես հանգստի գոտի, կառուցվել է 80-ականների վերջին, «Շարժման» տարիների խորհրդանիշ է. այդտեղ էին մարդիկ «բռունցքված» գոչում` «Ղարաբաղը մերն է», ի պաշտպանություն Սումգայիթի հայերի հացադուլ հայտարարում ու այդտեղից ձերբակալվում։ Այդտեղ են տեղի ունեցել թե՛ նախագահական եւ թե՛ ԱԺ ընտրությունների առթիվ հանրահավաքներ, հանդիպումներ։ 1999 թվականից սկսած «Արցախ» պուրակի գլխին ամպեր են կուտակվում։ Վանաձորի թե՛ նախկին, եւ թե՛ ներկա քաղաքապետերը` իրենց համապատասխան որոշումներով արգելեցին հանրահավաքների անցկացումը «Արցախ» պուրակում` «ելնելով բնակչության շահերից» (իսկ բուն պատճառն այն էր, որ վախենում էին այդտեղ ժողովրդի ձայնը հնչելուց, ինչի մի ապացույցն էլ հանրահավաքներից մեկի նախօրյակին խճաքար շաղ տալն էր կամ տրակտորի հռնդյունով միտինգավորների ելույթների ձայնը խլացնելը)։ Այդ ամենի հետ մեկտեղ` ներկա քաղաքապետը սկսեց տարածքը վարձակալության տալ. տվյալ դեպքում` մի ահռելի տարածք հանձնվել է Երեւանի «Պարադիզ» ընկերությանը` կինոթատրոն կառուցելու նպատակով (թերեւս, ելնելով պուրակի դիմաց գտնվող Պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողության շահերից, որին շատ հարմար կլինի կինոթատրոնում «քաղաքական ապաստան» գտնել իրենց համար տհաճ դասախոսություններից ազատվելու նպատակով)։ Թե ինչո՞ւ կինոթատրոնը պետք է կառուցվի հենց «Արցախ» պուրակում, Վանաձորի քաղաքապետը պատճառաբանել է, թե ներդրողներն են այդպես ցանկացել։ Ընտրությունը պատճառաբանվում է նաեւ նրանով, որ պուրակն անբարեկարգ էր, անխնամ, ամենուրեք աչքի էր զարնում աղբն ու անմաքրությունը, իսկ պուրակը վարձակալության տալու դեպքում հոգ կտարվի նաեւ բարեկարգման մասին (հետաքրքիր է, թե քանի՞ կինոթատրոն անհրաժեշտ կլինի Վանաձորին` քաղաքի անտեր ու անխնամ աղբով կուտակված վայրերի մաքրությունը պահպանելու նպատակով)։
Հարկ է նկատել, որ Վանաձորում արդեն իսկ գործող կինոթատրոն կա, Լինսի եւ պետբյուջեի գումարներով նորոգված Քիմիագործների մշակույթի պալատը, որտեղ արդեն մեկ տարի է վերականգնվել է ֆիլմեր ցուցադրելու ավանդույթը։ Կա նաեւ չգործող «Երեւան» կինոթատրոնը, որտեղ նույնիսկ 1988-ի երկրաշարժից մեկ տարի անց ֆիլմեր էին ցուցադրվում, 1995-97թթ. էլ երիտասարդական փառատոներ կազմակերպվում, սակայն 1998-ից հետո այն սեփականաշնորհվեց եւ դարձավ հացաթխման արտադրամաս։ Ահա թե ինչու վանաձորցիները զարմանում են, որ եղած կինոթատրոնը չի գործում, գործողն էլ «գնացող չկա», այդ պայմաններում նորն են կառուցում, այն էլ` պուրակի հաշվին։