Մայիսի 3-ի երեկոյան իր մտերիմների հետ Երեւանի «Ստոպ» ռոք ակումբ էր այցելել ՀՀՇ կուսակցության անդամ, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սեղանի շուրջ մի խոսակցության ժամանակ ինքն ասել է, թե լավ կլինի՝ Գագիկ Ծառուկյանի լուսանկարը փակցնեն Օպերայի շենքի ճակատին: Ծառուկյանի մասին խոսելիս նրան դիմել է կեղծանունով, ինչից հետո նրան են մոտեցել մի քանի սափրագլուխներ եւ լեզվակռվից հետո նրան ստիպել են իրենց հետ ակումբից դուրս գալ: Շ. Պետրոսյանը նրանց առաջարկել է հաջորդ օրը հանդիպել-խոսել, քանի որ մի քիչ խմած է, եւ հետը մտերիմներ կան: Չհամաձայնելով Շ. Պետրոսյանի առաջարկին, ժամը 22:00-ի սահմաններում նրան 7-8 հոգով, նույնքան էլ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներով, առեւանգել են եւ տարել անհայտ ուղղությամբ: Նրան դաժանորեն ծեծի են ենթարկել, իսկ երբ նա աչքերը բացել է՝ ամայի տարածություն է տեսել: Ասում են, որ դեպքը տեղի է ունեցել Նորքի զանգվածում, ճամփեզրի մոտ: Շ. Պետրոսյանը ծանր անկողնային վիճակում է, կողերը ջարդված են, ամբողջովին կապտուկների մեջ է, եւ դժվարանում էր խոսել: Միայն ասաց, որ եթե ինչ-որ մեկը (չնշեց անունը) չզանգեր՝ իրեն կարող էին եւ սպանել: «Թե չէ՝ հիմա մեռած կլինեի»,- ասաց նա: