«Ես հրապարակում եմ գաղտնի բանակցությունների բովանդակությունը, քանզի հայկական կողմը փորձում է խեղաթյուրել ընթացող բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը, մասնավորապես, պնդում է, թե կա համաձայնություն ընդամենը հինգ շրջաններն ազատելու վերաբերյալ. դա իրականությանը չի համապատասխանում: Մեզ առաջարկել են այդպիսի տարբերակ, սակայն մենք այն մերժել ենք, եւ հիմա կա համաձայնություն հենց յոթ շրջանների մասին,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ հավելելով,- Խորհրդարանական ընտրությունների նախօրեին հայկական կողմն ապատեղեկացնում է հանրությանը, դրա համար էլ ես ստիպված եմ բացահայտել բանակցությունների էությունը»: Երեկ Ալիեւի ասածները հերքել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Նման բան չկա,- «Ազատություն» ռ/կ-ին հավաստիացրել է Ս. Սարգսյանն ու հավելել,- Բոլորին հայտնի է, որ մենք սկզբունքներ ունենք, եւ այդ սկզբունքները չեն փոխվել»: Ս. Սարգսյանը նաեւ ասել է, որ չգիտի՝ ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանն էլ Ալիեւի հայտարարությունները որակել է «սուտ»: Իսկ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը ոչ հերքել, ոչ հաստատել է Ալիեւի հայտարարությունը. «Առաջին անգամ չէ, որ Ի. Ալիեւը փորձ է անում հրապարակել բանակցությունների բովանդակությունը: Կարող եմ միայն նշել, որ այս անգամ էլ որեւէ նոր «բացահայտում» չկար: Ինչպես եւ նախկինում, կարող եմ վերահաստատել մեր մոտեցումը բանակցություններում, որը հիմնված է ԼՂ-ի ինքնորոշման սկզբունքի ճանաչման վրա»: