Աշոտյանի նոր «պրոգնոզը»

06/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախընտրական շրջանում ձեւավորվել են քաղաքական նոր խավեր: Նման տեսակետ ունի ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: Երեկ հրավիրած ասուլիսում նա խոսեց այդ խավերից մի քանիսի մասին:

Նա առանձնացրեց քաղաքական ուժերի չորս խավ՝ քաղաքական տիեզերագնացների խավ, «ովքեր կտրվել են իրականությունից եւ բարձրացել տիեզերք, ու չեն ուզում այնտեղից իջնել, սավառնում են քաղաքական երազանքների մեջ, բայց մայիսի 12-ին ստիպված են լինելու վայրէջք կատարել», քաղաքական շահիդների, կամիկաձեների խավ` մարդիկ, ովքեր մտել են քաղաքական պայքարի մեջ միայն մեկ նպատակով՝ ինքնահրկիզման, քաղաքական ինքնասպանության միջոցով փորձել իրենց հետ էլի մարդ տանել, այսինքն՝ նպատակը ինչ-որ մեկի տակ ականի դերում ծառայելն է եւ «այդ շահիդությունը դրսեւորելը քաղաքական պայքարի ընթացքում»: Ա. Աշոտյանի խոսքերով՝ քաղաքական նման ռումբեր տեղադրվում են նաեւ ՀՀԿ-ի տակ: Ըստ պատգամավորի, ձեւավորված 3-րդ խավն էլ այն խումբն է, որը փորձում է միաժամանակ նվագել դաշնամուրի բոլոր ստեղների վրա, «նայած, թե ընտրազանգվածի որ մասին ինչը դուր կգա»: «Սա ավելի կոնկրետ կոչվում է պոպուլիզմ»,- բացատրեց Ա. Աշոտյանը: Ակնարկը թերեւս վերաբերում էր ՀՅԴ-ին, որն իշխանության մաս կազմելով՝ ընդդիմադիրներից ավելի ընդդիմադիր է փորձում ներկայանալ: Աշոտյանի համար անհասկանալի է, որ ստվերային տնտեսության մասին խոսում են քաղաքական ուժեր, որոնք 2007-ի բյուջեի քննարկման ժամանակ ոչ միայն «կողմ» են քվեարկել, այլեւ բավականին ակտիվ դրական գնահատականներ են տվել, ասելով, որ սա մեծ քայլ է ստվերի կրճատման, բյուջեի մեծացման եւ սոցիալական խնդիրների լուծման համար: Ճիշտն ասած, մեզ համար էլ անհասկանալի է, որ ստվերի կրճատման անհրաժեշտության մասին խոսում են նաեւ Ա. Աշոտյանի հարազատ կուսակցության ներկայացուցիչները: Զավեշտալի է, բայց փաստ: Սակայն պատգամավորը զավեշտալի ուրիշ բան է տեսել: Ա. Աշոտյանը գտնում է, որ նախընտրական խոստումների զավեշտը հասել է այնտեղ, որ հայտնվել են ուժեր, որոնք փորձում են կամուրջ գցել այնտեղ, որտեղ նույնիսկ գետ էլ չկա: Դե, իսկ 4-րդ խումբն էլ, ըստ Աշոտյանի, «հայի հետին խելքով առաջնորդվող ընդդիմությունն է»: «Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են որոշ ընդդիմադիր կուսակցություններ հետին խելքով հասկանում, որ իրականում պետք էր միավորվել. սրա մասին են վկայում ՀՀՇ-ի դուրս գալը ընտրապայքարից, համատեղ հանրահավաքները, միավորման կոչերը»,- նշեց նա՝ հավելելով, թե «հայրենի ընդդիմության հետին խելքի որակը բավականին բարձր է»: Ա. Աշոտյանը բավականին բարձր է գնահատում «Այլընտրանք» քաղաքական միավորին եւ «Իմպիչմենտ» դաշինք եւ ընկերներ» շարժմանը: «Այնտեղ աշխատում են երիտասարդ, ակտիվ, քաղաքացիական կեցվածք ունեցող մարդիկ, որոնք հավատում են իրենց ասածին»,- հայտարարեց նա: Միաժամանակ, նկատի ունենալով «Նոր Ժամանակներ» կուսակցության՝ հարթակում լինելը, նա նկատեց, որ այդ միավորումը գաղափարական չէ: «Եթե ՆԺԿ-ի փոխարեն լիներ ԱԺՄ-ն, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, ես կհասկանայի,- նշեց պատգամավորն ու հավելեց,- Անգամ, եթե այս ընտրություններում «Իմպիչմենտը» 5% ձայն չստանա ու խորհրդարան չմտնի, ես այդ քաղաքական միավորի համար մեծ հեռանկար եմ տեսնում, եւ տեսնում եմ իրենց արժանի փոխարինողներ ՀՀՇ-ին, եթե 2008-ին լիբերալ ջահակիր ՀՀՇ-ն ստիպված լինի զիջել իր դիրքերն այդ դաշտում: Կարծում եմ՝ «Իմպիչմենտը» կարող է պատվով այդ խնդիրը շարունակել»: Նա խոստովանեց, որ նախօրեին Ազատության հրապարակում «Իմպիչմենտի», «Հանրապետության» եւ ՆԺԿ-ի հրավիրած համատեղ հանրահավաքը բավական բազմամարդ էր, սակայն նշեց, թե ՀՀԿ-ն ամեն համայնքում է հավաքում այնքան մարդ, որքան այս երեք ուժերը միասին վերցրած: Հետաքրքիր է, եթե վարչական ռեսուրսի գործադրմամբ ՀՀԿ-ի հանրահավաքի քշվածներին, Շուշան Պետրոսյանի, Սյուզան Մարգարյանի ու «հանրապետականացված այլ արվեստագետների» երգը լսելու համար եկածներին հանենք, տակն ի՞նչ կմնա: Պետք է ասել, որ «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Դաշինք», ՀՅԴ կուսակցություններն էլ իրենց բոլոր հանրահավաքներին եւ հանդիպումներին գազելներով եւ ավտոբուսներով մարդիկ են տանում, իսկ մի մասն էլ դարձյալ համերգ լսելու է գալիս: Ա. Աշոտյանն ասում է, որ ՀՀԿ-ն վարչական ռեսուրսը չի օգտագործում մարդ հավաքելու համար: Հիմա կհարցնեք՝ բա ո՞նց է ստացվում, որ ՀՀԿ-ի հանրահավաքները բազմամարդ են լինում: Հասարակությունը տոգորվել է նժդեհյան գաղափարներո՞վ: Հազիվ թե: Մարդիկ գալիս են ՀՀԿ-ին շնորհակալությո՞ւն հայտնելու նախորդ տարիների հաջողությունների համար: Բա լավ, ինչո՞ւ են գալիս: Երեկ այս հարցի պատասխանը տվեց Ա. Աշոտյանը, ասելով, որ մարդիկ գալիս են ՀՀԿ-ի հանրահավաքին, որովհետեւ «հետաքրքիր է երկրի վարչապետին մոտիկից տեսնելը»: «Մարդիկ ուղղակի փորձում են բարեւել, փորձում են հաղորդակից լինել եւ հասկանալ, որ այո, մարդ է, մսից ու արյունից մարդ է, ինչպես յուրաքանչյուրս,- ասաց պատգամավորն ու հավելեց,- Երբ փոքր էինք, մեզ թվում էր, թե ուսուցչուհին մարդ չէ, Աստված է: Նման տեսակետ կա նաեւ ընտրազանգվածի մի մասի մոտ: Ինձ համար ամենամեծ բացահայտումն այն է, թե ինչքան մեծ ցանկություն կար հասարակության մի մեծ հատվածի մոտ՝ շփվել, տեսնել, դիպչել այն մարդկանց, ում միայն հեռուստատեսությամբ են տեսնում: Անհամեստություն չանեմ՝ մի քիչ էլ ինձ է վերաբերում»,- շարունակեց Ա. Աշոտյանը: