Հանրապետական կուսակցությանը սիրելու եւ այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար անկուսակցական Հրանուշ Հակոբյանը բազմաթիվ հիմքեր ունի: Նախ, որ այս կուսակցության՝ իշխանության գալուց հետո է Հայաստանն անդամակցել միջազգային այնպիսի կարեւոր կառույցների, ինչպիսիք են Եվրախորհուրդը եւ Առեւտրի միջազգային կազմակերպությունը: Այս կուսակցության՝ իշխանության ընթացքում է Հայաստանն ունեցել երկնիշ տնտեսական աճ, այս ընթացքում է մեր երկրի hամախառն ներքին արդյունքը հավասարվել 1989թ. մակարդակին: Եվ վերջապես, Հանրապետական կուսակցության իշխանության օրոք է բարեփոխվել ՀՀ գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը:
Հրանուշ Հակոբյանին դուր է գալիս, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը մոտ 3 անգամ բարձրացրել է կենսաթոշակը, 2,5-3 անգամ՝ պետական կառավարման եւ կրթական համակարգերի աշխատողների աշխատավարձերը: «Ես պետք է եղած կուսակցությունների միջից մեկին ընտրեի եւ երեք ամիս առաջ ընտրեցի Հանրապետական կուսակցությանը: Ես այն կարծիքին եմ, որ Հանրապետականն իր քվեներով խորհրդարանում պետք է լինի առաջինը,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց Հրանուշ Հակոբյանը: -Այս կուսակցության իշխանության օրոք մեր երկրում աղքատությունը կրճատվել եւ 58-56 տոկոսից իջել է 25 տոկոսի: Աղքատության հաղթահարումն ամենածանր խնդիրն էր, որ այս իշխանությունն իր ուսերին վերցրեց եւ մոտավորապես կիսեց աղքատությունը: Եթե 2003թ. ամեն երկրորդ եւ ավելին աղքատ էր մոտենում ընտրատուփին, այսօր արդեն ամեն չորրորդն է աղքատ»:
Ազգային ժողովի Գիտության, կրթության մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի երեկվա ասուլիսը կամ Հանրապետական կուսակցության համար արած քարոզչությունը հիմնականում տնտեսական եւ սոցիալական բնույթ ուներ: Տիկին Հակոբյանը քննարկում էր մեր իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը եւ շատ բարձր էր գնահատում, որ այսօր Հայաստանը գրավիչ է դարձել օտարերկրյա ներդրողների համար: «Ինձ դուր է գալիս, որ այսօր Հայաստանում կան 250-260 ձեռնարկություններ, որոնք օտարերկրյա ներդրումների արդյունք են»,- հաշվել է Հ. Հակոբյանը:
Իրականում Հայաստանում գործող օտարերկրյա կամ համատեղ ձեռնարկություններն այնքան էլ օտարերկրյա չեն: Դրանց մեծ մասը պատկանում են մեր գործարարներին կամ պաշտոնյաներին, սակայն սեփականատերերն իրենց բիզնեսը ձեւակերպել են արտասահմանյան մի երկրում, որպեսզի օգտվեն օտարերկրյա ներդրումների համար գործող հարկային արտոնություններից կամ էլ ուղղակի քողարկեն իրենց անունը: Հարկային ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկի առաջին 13 ընկերություններից 10-ը համատեղ ձեռնարկություն են կամ՝ այլ երկրի սեփականությունը: Իսկ այս տասից ընդամենը երեքն են իրականում օտար երկրի սեփականությունը. «Հայռուսգազարդը», «ԱրմենՏելը» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պատկանում են Ռուսաստանի պետական կամ մասնավոր ընկերություններին: Մյուս 7 ընկերությունները պատկանում են մեր գործարարներին, ովքեր վերը նշված պատճառներով իրենց բիզնեսը ձեւակերպել են օտար երկրներում: «Ես գտնում եմ, որ ամեն տեղ էլ սխալ կամ թերություն կարող է լինել, բայց ես չեմ կարող չասել, որ 2000 եւ 2007 թվականների մեջ հսկայական տարբերություն կա,- այսպես հակադարձեց տիկին Հակոբյանը: -Ես չեմ կարող սեւ ակնոցներով նայել, ես չեմ կարող եղած առաջընթացը չնկատել, իհարկե, բազում սխալներ կան, բայց այս իշխանություններն ավելի լավ գիտեն, թե որտեղ են սխալները եւ ինչպես կարելի է ուղղել»: 2000 եւ 2007 թվականների տարբերություններից է, որ խոշոր հարկատուների չորրորդ հորիզոնականը զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը» սեփականացվեց եւ դարձավ գերմանական ինչ-որ մի «Քրոնիմեդ» ընկերություն, որը սակայն, ըստ տարածված տեսակետի՝ ՀՀ որոշ պաշտոնյաների սեփականությունն է: Տիկին Հակոբյանը դեմ չէ, որ նման դրսեւորումներ կան, բայց նա չի էլ կարող անտեսել այս իշխանությունների օրոք Հայաստանում տեղի ունեցած զարգացումները: «Դա հո մե՞նք չենք ասում, դա Համաշխարհային բանկն է ասում, դա միջազգային տնտեսական շատ կառույցներն են ասում,- ասում է Հ. Հակոբյանը: -ՀԲ-ն բարձր է գնահատում Հայաստանի տնտեսության բարեփոխումները»:
Համաշխարհային բանկը մեր երկրի տնտեսության մասին զեկույցներ է հրապարակում, որտեղ իր մտահոգությունն է հայտնում, թե կոռումպացված են եւ զարգացման ցածր մակարդակ ունեն հարկային, մաքսային մարմինները, ավիացիան եւ այլ ոլորտներ: Եվ, որ ներդրումների համար մեր երկրի տնտեսությունը բարենպաստ պայմաններ չունի, որովհետեւ այստեղ խորն է իշխում տանիքային հովանավորությունը: Նույն ՀԲ-ի մասնագետները բարձր էին գնահատում Հայաստանում առաջին սերնդի բարեփոխումները եւ մտահոգված էին, որ բարեփոխումների երկրորդ էտապի դանդաղելու պատճառով վտանգված է մեր երկրի տնտեսության զարգացումը: Բոլոր դեպքերում՝ Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ այս իշխանություններն ավելի լավ գիտեն, թե որտեղ են սխալները եւ ինչպես կարելի է դրանք ուղղել: «Ունեն փորձ, գիտելիքներ, կապեր,- ասում է տիկին Հակոբյանը: -Նոր եկածը մինչեւ գա սովորի՝ ահագին ժամանակ է պետք»: